«Աշխարհը՝ մեկ բաժակում». Նարեկ Մելքոնյանի լուսանկարչական աշխատանքները նորովի կբացահայտեն հայտնի և անհայտ վայրերը
5 րոպեի ընթերցում
Նարեկ Մելքոնյանը մասնագիտությամբ լուսանկարիչ չէ, սակայն հետաքրքրասիրության, ճամփորդելու նկատմամբ սիրո և գեղեցիկը տեսնելու ունակության շնորհիվ կարողացել է շատերի համար նորովի բացահայտել աշխարհը՝ հավերժացնելով տարբեր երկրների հայտնի և անհայտ հուշարձանները, տեսարժան վայրերն ու վառ դրվագները։
Մելքոնյանը դա արել է թափանցիկ բաժակի միջոցով, ինչն առավել ուշագրավ, երբեմն առեղծվածային է դարձրել յուրաքանչյուր ակնթարթ։
Նարեկ Մելքոնյանն «Աշխարհը՝ մեկ բաժակում» խորագրով ցուցադրությունը բացել է «Զվարթնոց» օդանավակայանի ArtAm հարթակում՝ հանրության լայն շրջանակին հնարավորություն տալով իր ճամփորդությունների մասնակիցը դառնալ։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Մելքոնյանը նշում է, որ տարիներ շարունակ ճամփորդելիս փորձել է գտնել մի յուրահատուկ տեսանկյուն, որով հնարավոր կլինի տարբեր երկրները, մշակույթներն ու քաղաքակրթությունները միավորել մեկ գաղափարի շուրջ։
«Ինչպես շատ անսովոր գաղափարներ, այնպես էլ «Աշխարհը՝ մեկ բաժակում» նախագիծը ծնվեց պատահաբար։ Մի օր ջրով լցված բաժակի միջով դիտելով տեսարանի արտացոլանքը՝ հասկացա, որ հենց այդ բաժակը կարող է դառնալ այն խորհրդանշական սահմանը, որը կմիավորի իրականությունն ու մեր ընկալումները։ Այս նախագծի միջոցով ցանկանում էի ցույց տալ, որ անկախ աշխարհագրական հեռավորություններից՝ աշխարհը շատ ավելի միասնական է, քան մենք հաճախ պատկերացնում ենք։ Բաժակի մեջ արտացոլված աշխարհը հիշեցնում է, որ յուրաքանչյուր երկիր, մշակույթ և պատմություն մեկ մեծ մարդկային պատմության մասն է»,-ընդգծում է նա։
Մելքոնյանն աշխատանքի բերումով և հետաքրքրասիրությունից ելնելով՝ ակտիվ ճամփորդել սկսել է ավելի քան երկու տասնամյակ առաջ։ Այդ ընթացքում եղել է գրեթե հիսուն երկրում, տարբեր մայրցամաքներում, որոնցից որոշներում՝ ավելի քան տասն անգամ: «Յուրաքանչյուր ճանապարհորդություն ինձ համար ոչ միայն նոր վայրեր բացահայտելու, այլև մարդկանց, պատմությունների և մշակույթների հետ ծանոթանալու հնարավորություն է եղել։ Իհարկե, կան երկրներ, ուր միշտ կուզենամ վերադառնալ։ Իտալիան իր մշակութային հարստությամբ, Ֆրանսիան ճարտարապետությամբ և արվեստի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունքով այն վայրերից են, որոնք ամեն անգամ նորովի են բացահայտվում, սակայն այսօր ավելի շատ մտածում եմ երկրագնդի այն անկյունները տեսնելու մասին, որտեղ դեռ չեմ եղել։ Հատկապես հետաքրքրում են Կենտրոնական և Հարավային Աֆրիկան, ինչպես նաև Հարավային Ամերիկայի երկրները»,-պատմում է Մելքոնյանը։
Նա շեշտում է՝ ամեն հուշարձան իր պատմությունն ունի, և հաճախ հենց այդ պատմությունն է այն դարձնում բացառիկ։ Մելքոնյանին հատկապես տպավորում են այն կոթողները, որոնք դարեր շարունակ պահպանել են իրենց նշանակությունն ու շարունակում են ոգեշնչել մարդկանց: Նրան հատկապես տպավորել են Հռոմի Կոլիզեումը, Փարիզի Էյֆելյան աշտարակը, Աթենքի Ակրոպոլիսը, Արևելքի բազմաթիվ պատմական համալիրներ։ Ըստ նրա՝ դրանք պարզապես քարից կամ մետաղից կառուցված կառույցներ չեն, այլ մարդկային մտքի, կամքի և ստեղծագործական ուժի մարմնավորումներ։
«Հաճախ պատմություններն են փոխում տեսնելու ձևը։ Երբ ծանոթանում ես որևէ վայրի պատմությանը, սկսում ես այն ընկալել բոլորովին այլ կերպ: Եղել են դեպքեր, երբ սկզբում չէի նախատեսել լուսանկարել որևէ հուշարձան, սակայն լսելով դրա հետ կապված լեգենդը, պատմական իրադարձությունը կամ մարդկային ճակատագրերի մասին պատմությունը՝ վերադարձել եմ և ժամեր շարունակ փորձել գտնել լավագույն կադրը։ Այդպիսի պահերին լուսանկարը դառնում է ոչ միայն պատկեր, այլև պատմության շարունակություն»,-ասում է նա։
Մելքոնյանի ցուցահանդեսի հիմնական հերոսները քաղաքներն ու հուշարձաններն են, սակայն նա ավելի ու ավելի է համոզվում, որ յուրաքանչյուր վայրի ամենամեծ արժեքը մարդիկ են, ուստի չի բացառում, որ հետագայում իր հերոսները մարդիկ դառնան։
Ցուցադրությունը բաց կլինի մինչև հուլիսի 13-ը։
«Շատ ուրախ եմ, որ այն տեղի է ունենում հենց «Զվարթնոց» օդանավակայանում՝ Հայաստանի գլխավոր օդային դարպասում, որտեղ այն կարող են տեսնել հազարավոր ճանապարհորդներ աշխարհի տարբեր երկրներից։ Հուսով եմ, որ ցուցադրությունը կուրախացնի այցելուներին և նրանց համար կդառնա Հայաստանից իրենց հետ տարվող գեղեցիկ հիշողություններից մեկը: Նոր ցուցահանդեսների հետ կապված հեռու գնացող ծրագրեր չունեմ, սակայն պատրաստ եմ դիտարկել ցանկացած հնարավորություն, որը կօգնի «Աշխարհը՝ մեկ բաժակում» գաղափարը հասանելի դարձնել ավելի լայն լսարանի»,-եզրափակում է Նարեկ Մելքոնյանը։