Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը

5 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հունիսի 23-ին և 24-ին տեղի են ունեցել Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և հիմնադրամի գլխավոր տնօրենի մրցութային հանձնաժողովի նիստերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է՝ հանձնաժողովի անդամների և գլխավոր տնօրենի ընտրությունը տեղի է ունենում երկու փուլով:

Առաջին փուլով սահմանված ժամկետներում տրվել են հայտարարություններ, քննվել են ներկայացված դիմումները և ընտրվել այն թեկնածուները, որոնք համապատասխանում են վերոնշյալ պաշտոնները զբաղեցնելու համար սահմանված պահանջներին: Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ նիստերի շրջանակում տեղի է ունենում մրցույթի երկրորդ փուլը և առաջին փուլով ընտրված թեկնածուներից հարցազրույցի արդյունքներով ընտրվում են հանձնաժողովի անդամները և գլխավոր տնօրենը:

«Օրակարգի համաձայն՝ հանձնաժողովի անդամները նախ ուսումնասիրել են թեկնածուների վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը և հարցազրույց անցկացրել թեկնածուների հետ: Հարցազրույցի ընթացքում թեկնածուները ներկայացրել են ոլորտի զարգացման և կառավարման արդյունավետության բարձրացման իրենց տեսլականը, մասնագիտական փորձառությունը, պատասխանել մրցութային հանձնաժողովի անդամների հարցերին: Հարցազրույցի փուլից հետո տեղի է ունեցել քվեարկություն, ամփոփվել են քվեարկության արդյունքները և կայացվել է որոշում՝ հաղթողներ ճանաչելու վերաբերյալ»,-ասվում է հաղորդագրության մեջ և շեշտվում, որ հաջորդիվ վարչապետը հրապարակել է մրցույթի արդյունքները:

Քվեարկության արդյունքում հոգաբարձուների խորհրդի անդամ են ընտրվել Կալիֆոռնիական համալսարանի Լոս Անջելեսի հիվանդանոցի մանկական վիրաբուժության ղեկավար Շանթ Շեխերդիմյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի հանրային առողջության ֆակուլտետի դեկան Վարդուհի Պետրոսյանը, Համաշխարհային առևտրի կենտրոնի Երևանի մասնաճյուղի տնօրեն Արտաշես Տոնոյանը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ուկրաինայի գրասենյակի խորհրդական Թումաս Պալուն, «Կաիզեր Պերմանենտե» ընկերության տարածքային ղեկավար Խոդամ Ռոստոմյանը: Հիմնադրամի գլխավոր տնօրեն է ընտրվել «Բերեկկե բանկ Ղազախստանի» գլխավոր ֆինանսական տնօրեն Ռուբեն Մելքոնյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել մրցութային հանձնաժողովի անդամներին արդյունավետ աշխատանքի համար և նշել. «Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը շատ էական և շրջադարձային նշանակություն ունեցող բարեփոխում է Հայաստանի Հանրապետության համար, և այդ բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում»: 

Վարչապետի խոսքով՝ ՀՀ կառավարությունը պատվիրակում է հիմնադրամի կառավարումն ընտրված անդամներին և գլխավոր տնօրենին՝ շարունակելով էական դեր ունենալ քաղաքականությունները մշակելու պրոցեսում: Երկրի ղեկավարի խոսքով՝ այդ պրոցեսում շատ էական դեր ունեն նաև շահառուները՝ իրենց ամենօրյա արձագանքներով և գոհունակության իրենց աստիճանով, ինչպես նաև բժշական հանրությունը, որի ներկայացուցիչները ներգրավված են մրցութային հանձնաժողովում:

Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրությունը կատարվել է այն տրամաբանությամբ, որ  ՀՀ կառավարությունը, ՀՀ առողջապահության նախարարությունը, շահառուները, բժշկական հանրությունը, հոգաբարձուների խորհուրդը և գլխավոր տնօրենը ձևավորեն բալանսների որոշակի համակարգ, որն էլ իր հերթին կապահովի հիմնադրամի և ընդհանրապես Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ընդհանուր զարգացումը և հաջողությունը:

Ամփոփելով՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել պրոցեսում ընդգրկված բոլոր պատասխանատուներին, ինչպես նաև հիմնադրամի գլխավոր տնօրենի պարտականությունները կատարող Սամվել Խարազյանին՝ այս ընթացքում կատարած աշխատանքի համար և համոզմունք հայտնել, որ նա որևէ կարգավիճակով կշարունակի իր մասնակցությունը պրոցեսին:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ առկա է բավարար ներուժ, որպեսզի մինչ այս պահն ընթացող բարեփոխումը հաջողությամբ շարունակվի, քանի որ առջևում սպասվում է ամբողջ բնակչության ներառում Առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգ, որը մեծ և ծավալուն աշխատանք է:

 

 

Հայերեն Français Русский

ՀՀ ԱԺ նախագահն ու Լիտվայի դեսպանը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր

Գուտերեշը և Լավրովը քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտությունը և դրա գլոբալ հետևանքները

Նեթանյահուն ՄԱԿ-ի ամբիոնից Էրդողանին մեղադրել է Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար

Բժիշկների անհատական լիցենզավորման կարգը, սպասվող փոփոխությունները

Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել

Ռուսաստան-Վրաստան սահմանին տարհանել են քաղաքացիներին և հսկիչ անցակետի աշխատակիցներին. Լարսը փակ է

Էրդողանը կրկին կոչ է արել վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետոյի իրավունքը

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը եվրոպացիներին կոչ է արել գնել հայկական մթերքներն ու արտադրատեսակները

Համաշխարհային Օլիմպիադայում Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերի մրցակիցները հայտնի են