Սպորտ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը ծանոթացել է Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի նոր ենթակառուցվածքներին

5 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԳՄՍ նախարարը ծանոթացել է Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի նոր ենթակառուցվածքներին

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ (ՀՖԿՍՊԻ)՝ ծանոթանալու իրականացված վերանորոգման աշխատանքներին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, ՀՖԿՍՊԻ ռեկտոր Տիգրան Սիմոնյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է ըմբշամարտի, ձյուդոյի, ծանրամարտի և սպորտային մարմնամարզության մարզադահլիճներում, որոնցում իրականացվել են վերականգնման և արդիականացման աշխատանքներ։ Ներկայացվել են ստեղծված պայմանները, ինչպես նաև մարզական գործընթացի կազմակերպման հնարավորությունները։ Ժաննա Անդրեասյանը կարևորել է մարզական ենթակառուցվածքների շարունակական արդիականացումը՝ նշելով, որ ժամանակակից և անվտանգ պայմանները կարևոր նախադրյալ են մարզիկների արդյունավետ պատրաստության, մրցունակ արդյունքների ապահովման և երիտասարդների շրջանում սպորտի նկատմամբ հետաքրքրության խթանման համար։

Նախարարն այցելել է նաև ՀՖԿՍՊԻ հրաձգարան, որի ընթացքում քննարկվել են սպորտային հրաձգության զարգացման հեռանկարները դպրոցներում։ Ընդգծվել է դպրոցներում համապատասխան միջավայր ստեղծելու, ինչպես նաև ֆիզկուլտուրայի ծրագրերում անհրաժեշտ բաղադրիչները ներառելու կարևորությունը՝ առանձնահատուկ կարևորելով նաև ֆիզկուլտուրայի ուսուցիչների վերապատրաստումը։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել համագործակցել անհրաժեշտ պայմանների ստեղծման, նյութատեխնիկական բազայի զարգացման և մասնագետների վերապատրաստման ուղղությամբ։

Հաջորդիվ Ժաննա Անդրեասյանն այցելել է վոլեյբոլի մարզադահլիճ, որտեղ տեղադրվել է պրոֆեսիոնալ մարզահատակ։ Կարևորելով խաղային մարզաձևերի զարգացումը՝ նախարարը նշել է, որ նախորդ տարի առաջին անգամ կազմակերպված «Դպրոցականների վոլեյբոլի լիգային» մասնակցել է ավելի քան 5000 երեխա, իսկ այս տարի ակնկալվում է մասնակցության աճ։ Քննարկվել է նաև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում մասնագետների պատրաստման հարցը՝ կարևորելով հատկապես դպրոցներում ֆիզկուլտուրայի ուսուցիչների թափուր տեղերի համալրումը որակյալ կադրերով։ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ նախատեսվում է կամավոր ատեստավորման երկրորդ շրջափուլին մասնակցած և դրական արդյունք արձանագրած ուսուցիչների դրույքաչափը հասցնել 300 հազար դրամի, իսկ 30, 40 և 50 տոկոս հավելավճարները հաշվարկել արդեն այդ դրույքաչափի նկատմամբ՝ նպաստելով ուսուցիչների վարձատրության համակարգի բարելավմանը։

ԿԳՄՍ նախարարն այցելել է նաև ՀՖԿՍՊԻ «Սպորտ լաբ» գիտահետազոտական կենտրոն, որտեղ իրականացվում են հետազոտություններ սպորտային ֆիզիոլոգիայի, կենսամեխանիկայի և վերականգնողական գիտության բնագավառում։ Կենտրոնը հագեցած է նաև հոգեֆիզիոլոգիական թեստավորման սարքավորումներով, որոնք անհրաժեշտ են մարզիկների գնահատման գործընթացում։ Կենտրոնի գործառույթները ներառում են գիտահետազոտական ծրագրերի իրականացում, ինչպես նաև տարբեր ակումբների և ֆեդերացիաների մարզիկների ֆունկցիոնալ վիճակի գնահատում:

Քննարկման ընթացքում ընդգծվել է՝ սպորտի զարգացման քաղաքականությունը պետք է հիմնված լինի ժամանակակից գիտական տվյալների վրա։

Նախարարն ընդգծել է գիտական հետազոտությունների կարևորությունը և նշել, որ համապատասխան ծրագրային հայտերի դեպքում հնարավոր է պետական աջակցություն տրամադրել նպատակային ծրագրերի շրջանակում։

«Մենք պետք է ունենանք այնպիսի հետազոտական տվյալներ, որոնք հնարավորություն կտան հիմնավորված կերպով վերանայել գործող չափորոշիչները: Սպորտը նաև գիտություն է, և շատ կարևոր է, որ բուհերը հանդես գան ոլորտի զարգացմանն ուղղված գիտական առաջարկություններով»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։

Այցի շրջանակում անդրադարձ է կատարվել նաև «Սպորտը հանուն խաղաղության և առողջության» միջազգային գիտաժողովի կազմակերպմանը, որը նախորդ տարի նվիրված էր ՀՖԿՍՊԻ 80-ամյակին և այսուհետ կանցկացվի ամեն տարի։ Նշվել է, որ գիտաժողովը նպատակ ունի վեր հանել ոլորտի խնդիրները և ձևավորել գիտականորեն հիմնավորված առաջարկություններ՝ սպորտի զարգացման քաղաքականության կատարելագործման համար։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում