Հայաստանի անտառներում վնասատուների դեմ պայքարը շարունակվում է. ընդգրկված է շուրջ 9000 հեկտար
2 րոպեի ընթերցում

2026 թվականի հունիսի 8- ից Վայոց ձորի, Հրազդանի և Արագածոտնի մարզերում անտառային վնասատուների դեմ իրականացվող օդային կենսաբանական միջոցառումները նախատեսվում է շարունակել մինչև հունիսի 30-ը։ Աշխատանքների ավարտից հետո կգնահատվի դրանց արդյունավետությունը՝ վնասատուների տարածման նվազեցման և անտառային էկոհամակարգերի առողջության պահպանման տեսանկյունից։
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառպաթոլոգ Տարոն Մանուկյանը նշել է, որ կենսաբանական մշակման է ենթարկվում շուրջ 9000 հեկտար անտառային տարածք, որտեղ արձանագրվել է տերևակեր վնասատուների տարածում։
Օդային եղանակով իրականացվող կենսաբանական պայքարը կատարվում է ուղղաթիռների միջոցով, ինչը հնարավորություն է տալիս ընդգրկել դժվարամատչելի անտառային հատվածները և ապահովել լայնածավալ, միաժամանակյա մշակում։
«Կիրառվում են կենսաբանական ծագման պատրաստուկներ, որոնք ուղղված են վնասատուների դեմ պայքարին՝ նվազագույն ազդեցությամբ շրջակա միջավայրի վրա»,– նշել է Մանուկյանը։

Նա ընդգծել է նաև համայնքների իրազեկման կարևորությունը՝ նշելով, որ անտառներին հարակից բնակավայրերի բնակիչներն ու մեղվապահությամբ զբաղվող տնտեսությունները նախապես տեղեկացվել են աշխատանքների ժամանակացույցի և անվտանգության կանոնների մասին։
Աշխատանքների ավարտից հետո կիրականացվի արդյունքների գնահատում՝ ուսումնասիրելով վնասատուների տարածման նվազման աստիճանը և անտառային զանգվածների ընդհանուր առողջական վիճակի փոփոխությունը։
Լուսինե Ջալալյան