Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
2 րոպեի ընթերցում

Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին Օկինավայում, որտեղ հունիսի 23-ին տեղի է ունեցել 1945 թ. ճակատամարտի զոհերի հիշատակին նվիրված արարողություն, հայտարարել է ԱՄՆ-ի ռազմական օբյեկտները կանոնակարգելու, միավորելու և կրճատելու ուղղությամբ ջանքերը շարունակելու մտադրության մասին։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Ճապոնիայի վարչապետի պաշտոնական կայքէջից:
«Պատերազմից 80 տարի անց Օկինավայի բնակիչներն առաջվա պես ծանր բեռ են կրում ԱՄՆ-ի ռազմաբազաների կենտրոնացման պատճառով։ Մենք աշխատելու ենք ԱՄՆ-ի զինված ուժերի օբյեկտների ու տարածքների կանոնակարգման, միավորման և կրճատման վրա, ինչպես նաև Օկինավայի բնակիչների հետ միասին խթանելու ենք վերադարձված նախկին ռազմական հողերի արդյունավետ օգտագործումը», - հայտարարել է նա։
«Ճապոնիան այլևս երբեք չի կրկնի պատերազմի աղետը։ Մենք երդվում ենք զոհվածների հոգիների առջև, որ կշարունակենք անխոնջ ջանքերը հանուն այնպիսի հասարակության, որտեղ յուրաքանչյուր ճապոնացի կկարողանա է ապրել խաղաղ ու հարուստ սրտով», - ասել է Տակաիչին։
Ճապոնական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Օկինավայի նահանգապետ Դենի Տամակին իր խաղաղության հռչակագրում հայտարարել է, որ Օկինավան դեռևս պահպանում է ամերիկյան ռազմաբազաների ծանր բեռը։
«Բազաների հսկայական բեռի և դրանց հետ կապված խնդիրների պատճառով պահպանվում է այն իրադրությունը, որի դեպքում սպառնալիքի տակ է գտնվում մարդու անվտանգությունը», - ասել է նա։
Օկինավա պրեֆեկտուրան, որը զբաղեցնում է Ճապոնիայի տարածքի ընդամենը 0,6%-ը, ընդունում է այդ երկրում ԱՄՆ-ի բոլոր ռազմաբազաների ընդհանուր տարածության 74%-ը։