Աստղաձորի պատմաճարտարապետական հուշարձանները
26 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Աստղաձոր գյուղը Հայաստանի հնագույն այն բնակավայրերից մեկն է, որտեղ մարդկային կյանքը սկզբնավորվել է անհիշելի ժամանակներից ու հազարամյակների ընթացքով հասել մինչեւ մեր օրերը։
Աստղաձորը գտնվում է ծովի մակերեւույթից 2030 մետր բարձրության վրա, Սեւանա լճից 2 կիլոմետր դեպի հարավ, Վարդենիսի լեռնաշթայի հյուսիսային փեշին, Վաղաշեն եւ Զոլաքար գյուղերի մեջտեղում։
Հուշարձանների պահպանության պետական ցանկում Աստղաձորից հաշվառված են Քրիստոսից առաջ 2-1 հազարամյակով թվագրվող 1 բերդ-ամրոց ու 1 դամբարանադաշտ, միջին դարերով թվագրվող 3 եկեղեցի, 1 մատուռ, 2 ձիթհան, պատմական 5 գերեզմանոց, 103 խաչքար- տապանաքար։

Գյուղն Աստղաձոր է վերանվանվել ԽՍՀՄ տարիներին՝ 1935 թվականին։ Իսկ մինչ այդ եղած Ալիղըռըխ օտարահունչ, եղծված անվանումը կապված է այլադավան քոչվոր ցեղերի ձեռնարկած ավերիչ ասպատակությունների, բռնազավթումների ու հայ բնակչության հանդեպ գործած ոճիրների ու տեղահանության հետ։ Այդ անվան բացատրությունն էլ հենց այսպես է ստուգաբաբնվում՝ Ալիի ամայացրած վայր։
Ականավոր հայագետներ Մեսրոպ արքեպիսկոպոս Սմբատյանցն ու Երվանդ Լալայանն իրենց աշխատություններում այս բնակավայրի հին անունը մեզ փոխանցում են Խաչիձոր կամ Խաչաձոր տարբերակով՝ նկատի ունենալով նաեւ խաչքարերի առատությունն ու ոճական բազմազանությունը, սակայն ականավոր մյուս հայագետ Սեդրակ Բարխուդարյանն իր «Դիվան հայ վիմագրության» աշխատության մեջ Աստղաձորի հին անունը նշում է Կածիք կամ Կածիք-Կած տարբերակով։
Գյուղը հայափափվել է 17-18-րդ դարերի ընթացքում, պարսից Շահ Աբասի կազմակերպած մեծ բռնագաղթի, այնուհետ՝ լեզգիների ձեռնարկած չորս ավերիչ արշավանքների արդյունքում։ Մերօրյա Աստղաձորը վերահայացել է 1830 թվականին, երբ Հայաստանի ներկայիս տարածքը մտել է Ռուսական կայսրության կազմի մեջ, որի արդյունքում էլ Արեւմտյան Հայաստանի Ալաշկերտ գավառի Կումլիպուճախ գյուղից 38 հայ ընտանիք վերաբնակություն են հաստատում Սևանա լճի հարավային ափին։
Աստղաձորի ամենահայտնի պատմական հին հուշարձանը համարվում է «Վանքի բերդ» հնավայրը, որը գտնվում է գյուղից 3 կիլոմետր դեպի հարավ, Վարդենիսի լեռնաշղթայի փեշին, Ակնախաչ լեռան գագաթին բազմած «Սարի Սուրբ» նշանավոր եկեղեցի տանող ճանապարհին։ Քրիստոսից առաջ 2-1 հազարամյակով թվագրվող այս ամրոցի մասին ոչ մի հիշատակություն չկա Գեդեոն Միքայելյանի «Սեւանի ավազանի կիկլոպյան ամրոցները» աշխատության մեջ։ Սակայն «Վանքի բերդի» ուսումնասիրությունը եւ չափագրումը տեղի է ունեցել ավելի ուշ՝ 2021 թվականին, ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի կողմից, որով եւ հաստատվել է ամրոցի տարածքի, նրա հետ առնչվող բնակատեղիի ու դամբարանադաշտի պահպանության գոտին։

«Վանքի բերդ» անվանումն ամրոցին տրվել է այն պատճառով, որ նրա տարածքում պահպանվել է միջնադարյան շքեղ կառույց հանդիսացող վանքի հյուսիսային պատի մի հատված։ Իսկ որ նույնն է՝ վանքը կառուցվել է նույն ամրոցի տարածքի հյուսիսակողմում։
Ամրոցն արեւմտյան ու հյուսիսային կողմերում բարձրանում է խորունկ ձորերի վրա։ Այն ծովի մակերեւույթից գտնվում է 2170 մետր բարձրության վրա։
Դժվար է ասել, այս վանքն արդյո՞ք բարձրացել է հին պաշտամունքային կառույցի վրա, թե հիմքից կառուցվել է միայն 9-10-րդ դարերում, սակայն հնագիտական հետազոտություններով մի բան հաստատ է, որ «Վանքի բերդ» ամրոցը, նրա հետ առնչվող բնակավայրը գործել են շատ վաղուց՝ Քրիստոսից առաջ 2-1 հազարամյակից։ Այդ մասին են փաստում ինչպես պահպանված պարիսպների ու հին տների ավերակները, այնպես էլ՝ նույն ժամականաշրջանով թվագրվող դամբարանները։
Վանքի ավերակ, բայց կիսականգուն տեսքը պարզորոշ հուշում է, թե իր ժամանակին ինչ շքեղ կառույց է այստեղ կանգնած եղել, ինչ նշանավոր դեր է կատարել տեղի հայ բնակչության հոգեւոր-մշակութային կյանքում։ Այն շինված է եղել սրբատաշ քարերով ու շատ կարծր կրաշաղախով, գրեթե շինարարական նույն տեխիկայով ու կառուցվածքային ոճով, ինչը յուրահատուկ էր Գեղարքունիք գավառում 9-10-րդ դարերում կառուցված վանքերին կամ եկեղեցիներին։ «Եկեղեցին փոքր է, սրբատաշ քարերով շինված, ներքուստ եւ արտաքուստ խաչաձեւ հատակագծով, խաչաթեւերը դրսից ուղղանկյուն են։ Երեսպատման քարերի մեծությունը եւ այլ մանրամասներ հուշում են, որ այն 9-10-րդ դարերի շինվածք է։ Թափված քարերի մեջ գտանք մի բեկոր՝ վրան 3 տող արձանագրություն, հին տառաձեւերով, բայց սկզբի կարեւոր մասը չվերծանվող՝․․Արարի ․․․Յաղոթս Յիշեցէք»,-գրում է Սեդրակ Բարխուդարյանը։

Դժվար է որոշել նաեւ, թե մինչեւ երբ է գործել վանքն ու շրջակա բնակավայրը, երբ է լքվել ու հիմնահատակ կործանվել, սակայն դժվար չէ եզրակացնել, որ այդ շքեղ կառուցից տեղում մի չնչին մասն է մնացել, իսկ մնացած սրբատաշ քարերը, որոնց մեջ հաստատ եղած կլինեն արձանագիր ու քանդակված քարեր, տեղափոխվել են այլ վայր՝ օգտագործվելով այլ շինարարությունների մեջ։ Տարեց աստղաձորցիների պատմելով՝ այստեղից 19-20-րդ դարի ընթացքում բերված քարերն օգտագործվել են առանձնատների շինարարության մեջ, նաեւ չի էլ բացառվում, որ Պողոս-Պետրոս եկեղեցու վերանորոգման համար, որի պատերի մեջ, խորաններում մուտքի բարավորին տեղադրված են տարբեր դարաշրջաններում կերտված բազմաթիվ ու բազմապիսի գեղաքանդակ խաչքարեր։
Մեսրոպ արքեպիսկոպոս Սմբատյանցը մի կարեւոր տեղեկություն է հաղորդում Աստղաձորում գտնված նկարազարդ աղյուսի մասին, ինչն արդեն այս գյուղի պատմությունը կապում է նաեւ Ուրարտական դարաշրջանի մշակույթի հետ։ «Այս Ալիղռան գյուղի մոտ երևում են կարծես արհեստական բլուրներ, որոց միջից դուրս են գալի հին թրծյալ աղյուսներ՝ զարդարված զանազան նկարներով, գուցե և բևեռագրովք, պետք է պեղել: Այսպես և Մաքենյաց վանքի մոտ կան նկարազարդ աղյուսներ: Հիշյալ աղյուսի մի կտորը Նոր Պայազիտից բերեցի Էջմիածին և սեղանիս վերա դրված է, իսկ ամբողջը գտնելու համար հանձնեցի գործակալ Կյուրեղ վարդապետին՝ գտնել և ուղարկել ինձ. այնտեղ գնալս չհաջողելո պատճառավ: Կտոր աղյուսի վերա մի ամեհի ձի է նկարված, և շրջապատը միօրի նակ սրտանման զարդեր»,-գրում է Սմբատյանցը՝ գրքում տեղադրելով նկարազարդ աղյուսի լուսանկարը։
Դժվար է հիմա կողմնորոշվել նաեւ, թե կոնկրետ որտեղ են գտնվում Սմբատյանցի նշած արհեստական բլուրները, որտեղից գտնվել են այդ աղյուսները, քանի որ անցած մեկուկես դարերի ընթացքում՝ նրա այցից մինչ օրս, Աստղաձորն ընդարձակվել ու տարածվել է ահռելի չափերով, հնագիտական շատ արժեքների հետքերը կորել են։ Սակայն, ամեն դեպքում, մեր հնագիտական միտքը պետք է աշխատի այս ուղղությամբ ու փորձի գնալ Սմբատյանցի նշած հետքերով, որտեղ կարող է հանկարծ դարերի անհայտությունից դուրս կորզել մեր ժողովրդի պատմության համար մի խոշոր ու թաքնված գաղտնիք։
Աստղաձորի պատմության հնագույն դարաշրջանների բացահայտման առումով երկու կարեւոր տեղեկություն է հաղորդում Սեդրակ Բարխուդարյանը։ Առաջին դեպքում նա հավաստում է, որ Սուրբ Հռիփսիմե Մատուռի մուտքի մոտից անձամբ գտել ու Հայաստանի պատմության պետական թանգարան է տեղափոխել խաչքարի վերածված Արտաշիսյան սահմանասյունը, որով Հայոց Արքա Արտաշես Առաջինի կողմից օրենքով ամրագրված են հողային հարաբերությունները և ճշտված են բնակավայրերի սահմանները։ Ասել է, թե Աստղաձորը Քրիստոսից առաջ 2-րդ դարում ընդգրկված է եղել Մեծ Հայքի թագավորության կազմում։ «Գյուղի հնագույն բնակավայր լինելը, բացի այլ, արձանագրություն չունեցող հուշարձաններից, հաստատում է նաեւ հարավ-արեւմուտքում, բարձր բլրի վրա գտնվող, ավերակ Ս․ Հռիփսիմե մատուռի մեջ, բեմի ճակատի շինության համար օգտագործած Արտաշես Թագավորի սահմանաքարի մի բեկորը՝ արամեերեն արձանագրությամբ, որը գտանք 1957 թվականի գիտարշավի ընթացքում»,-գրում է Սեդրակ Բարխուդարյանը։
Այստեղ հարկ է անել մի ուղղում․ Սուրբ Հռիփսիմե մատուռը, որտեղից գտնվել է Արտաշիսյան սահմանասյունը, գտնվում է Վաղաշենի, այլ ոչ թե Աստղաձորի վարչական տարածքում։ Դժվար է հասկանալ, թե ինչու է Բարխուդարյանն այն տեղադրել Աստղաձորի վիմագիր հուշարձանների ցանկում, սակայն, այդ անճշտությամբ հանդերձ, կարելի է եւ դա համարել պատմական ու իրական փաստ, քանի որ Վաղաշեի Սուրբ Հռիփսիմե մատուռը Աստղաձորին հսկում է արեւմուտքի բարձունքից, ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորությամբ։

Երկրորդ դեպքում հնագետը փաստում է մի հին, ավեր շինության՝ ձիթհանի մասին, որն ունի կիկլոպյան շարվածք․ «․․․Հուշարձանների այս խմբի դիմաց, գետակի ձախ ափին գտնվում են մի շատ մեծ ձիթհանի ավերակներ, շինված կիկլոպյան քարերով, իսկ գլխի բարձրության վրա երկու հին գերեզմանատներ են, որտեղ կան շատ հին, բայց անարձանագիր խաչքարեր»,-վկայում է Բարխուդարյանը։
Կիկլոպյան շարվածքով այդ ձիթհանը գտնվում է Գվիդոն Սարոյանի տնամերձում, Աստղաձորի Սուրբ Հռիփսիմե մատուռի դիմաց, ձորով հոսող գետակի ձախ ափին։ Բացի հյուսիսակողմը, մնացած բոլոր կողմերից պահպանված են շինության պատերը, որոնք բարձրանում են մինչեւ 4 մետր ու շարված են առանց շաղախի օգտագործման, բավականին խոշոր, «Սասուն» քարերով։ Դժվար է ասել, թե այդ ձիթհանը որ դարաշրջանում է ստույգ կառուցված, բայց եւ կարելի է ենթադրել, որ գուցե թե հենց կիկլոպյան դարաշրջանից էլ գալիս է նրա պատմությունը։
Ու հենց նույն ձիթհանի հարավարեւմտյան կողմում, սարավանդի վրա բարձրանում է խաչքար-տապանաքարերի ընդարձակ դաշտը, որն առավելապես քողարկված է բարձր լեռնազանգվածով ու որոշակիորեն փակ տեսադաշտով։ Բարդ է նաեւ պարզել, թե քանի խաչքար-տապանաքարի հետ գործ ունենք այստեղ, քանի որ շատ կոթողներ մասամբ կամ հիմնովին թաղված են հողի շերտի տակ։ Երեւացող մի քանի տասնյակ հուշարձանները, որոնք անարձանագիր են, համարվում են արվեստի բացառիկ նմուշներ՝ կերտված 9-10-րդ դարերում։

Գերեզմանոցի արեւելյան եզրին, ձորի վերին պռունկով մեկ ձգվում է խոշոր քարերով շարված պարիսպ՝ շուրջ 1-1,5 մետր լայնությամբ, ինչը հուշում է այս վայրում ամրոց-բնակատեղիի գոյության մասին։
Խաչքարերը, արձանագիր կամ անարձանագիր, սփռված են Աստղաձորով մեկ՝ մեկը մյուսից գեղեցիկ, անկրկնելի, խորհրդավոր ու պատկերավոր։ Դրանք հայի հոգուն զորավոր ուժ տվող զենքեր են, ավերող թաթերի դեմ միշտ կանգուն ու խոսուն, անխորտակ բանակներ, հայկականության անխոս վկաներ։
Խաչքարերի նման առատությունն ու գեղեցկությունը ժամանակին կախարդել է նաեւ Մեսրոպ արքեպիսկոպոս Սմբատյանցին, ով չի կարողացել թաքցնել իր հիացմունքը, երբ առաջին անգամ ոտք է դրել Աստղաձոր-Խաչիձոր։
«Ալիղըրըղ գյուղի արևմտյան կողմի ձորակի մեջ՝ հին ձիթեհանքի դիմացն՝ քարաժայռերի վերա շատ խաչանշաններ կային նկարված հին ժամանակից, որոց միույն պատվանդանի ներքև տեսինք մի քանի տող գրված, որն մաքրելով՝ ձորի ջրո խոնավությունից պատճառած մամուռներն՝ կարդացինք հետագա բանը. « Հանուն Աստուծո ես Տիրոս կանգնեցի զԽաչս հի շատակ հոգվո իմո, Ճ. տարի ապրեցա զինավոր, ով կարդեք, աղավթս հիշեցեք, թվ. ՉԻ.» (1271): Մենք ևս շատերի նման «Աստված ողորմի հոգվույն» ասելով, և դեռ մի « Հոգվոցն հան գուցելոց» ևս ավելացնելով՝ վերադարձանք գյուղը, զանազան խորհրդածությունք անելով այն պիսի հավատո, հուսո և սիրո վերա, որ մեր սուրբ նախնյացն ստիպել էր Քրիստոսի խաչի դրոշակը ամենայն տեղ կանգնեցնել, նրանց սրտերի վերա անջինջ տպավորությամբ գրելով Առաքելական գեղեցիկ խոսքերը. «Այլ ինձ քա՜վ լիցի պարծիլ, բայց միայն ի խաչ Տեառն մերո Հի սուսի Քրիստոսի»․․․ Այսպես ամենայն բլրո վերա, ամենայն ձորակի մեջ, ամենայն ճանապարհի վերա, ամենայն գյուղօրեից մեջ և շրջապատն կանգուն և գետին խոնարհած՝ լիքն էին խաչքարինք և խաչանշանք, որք հայտնի վկայում են, թե մեր նախնիքն որպիսի՛ սիրով վառված էին քրիստոնեության մեջ և որպիսի՛ հավատով և հուսով Աստվածպաշտության մեջ: Այսպես հարուստ է խաչքարերով և վանքերով և մատուռներով նաև Նախիջևանա ամբողջ գավառն՝ որ բաղկանա Վայոց ձորից, Ճահուկից, Երնջակից, և Գողթան գավառից. ինչպես քանիցս գրել եմ: Գյուղի արևմտյան կողմում կան ավերակ գյուղատեղ և մի վանք սուրբ Հռիփսիմեի անունով. որը շինված է կոփածո քարով, թեև այժմ քայքայված. վանքս շրջապատած է պարսպով: Տիրոս զինվորի խաչքարի մոտ նույն ձորում կա մի մեծադիր խաչքար առանց գրվածոց՝ տեղացիներից « Զորավոր Խաչ» անվանյալ, որը գտնվել է մի ձիթահանքի տեղում, որին ուխտ են գնում շրջակա գյուղերի ժողովուրդը, սուրբ Խաչի տոներին. այն է՝ Երևման Խաչ, Վերացման Խաչ, Վարագա Խաչ և Գյուտ Խաչ»,-գրում է Սմբատյանցը «Տեղագիր Գեղարքունի Ծովազարդ գավառի» գրքում:

Նույն «Զորավոր խաչին» անդրադառնում է նաեւ Երվանդ Լալայանը, հավելելով, որ սրան ավելի շատ ուխտ են գնում չբեր կանայք։ «Սա մի գեղեցիկ խաչքար է, որ վերջին ժամանակներս քահանայի կարգադրությամբ բերել, կանգնեցրել են կռապաշտական ժամանակներից մնացած մի ժայռի գագաթին, որի մեջը փորված է եւ երկու կողմից անցք բաց արած։ Ամուլ կանայք երեխա ունենալու տենչով ուխտ են գալիս այս ժայռին եւ երեք անգամ անցնում այդ ծակի միջով»,-գրում է Լալայանը։
Ընդ որում, Լալայանը, 1910-ական թվականներին այցելելով գյուղ, արձանագրել է , որ Աստղաձորն այդ ժամանակ ունեցել է 174 տնտեսություն՝ 1581 հոգով՝ 845 արական, 736 իգական սեռի բնակչությամբ։
Աստղաձորի պատմության եւ մշակույթի հուշարձանների շարքում իրենց բացառիկ տեղն ունեն Սուրբ Պողոս-Պետրոս եւ Սուրբ Հռիփսիմե եկեղեցիները։
Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին գտնվում է գյուղի հարավային մասում, Սուրբ Հռիփսիմեից մի քանի հարյուր մետր դեպի արեւելք։ Հուշարձանների պահպանության պետական ցանկում այն գրանցված է որպես 19-րդ դարի հուշարձան, սակայն թե՛ կիսավեր պատերում շարված, թե՛ եկեղեցու բակով մեկ սփռված պատմամշակութային հուշարձանները՝ գեղաքանդակ, պատկերազարդ խաչքար-տապանաքարերը գրեթե աղերս չունեն նշյալ ժամանակահատվածի հետ, քանի որ դրանք կերտվել են 9-18-րդ դարերի ընթացքում։ Այս եկեղեցու պատմությունը 19-րդ դարին աղերսվում է միայն այնքանով, որքանով որ այն վերանորոգել ու գործող են դարձրել Ալաշկերտից գաղթած ու այստեղ հաստատված հայ ընտանիքները 1860-70-ական թվականներին, ինչ մասին հիշատակում է նաեւ Մեսրոպ Սմբատյանցը։ Իսկ Երվանդ Լալայանը վարանորոգված այդ եկեղեցին արդեն 1910 թվականին բնութագրել է որպես «միակ հասարակ եկեղեցի», որի սեղանի աջ կողմում մի խաչքարի վրա արձանագրված է․ «Ի ժամանակս Շմաւոն արքեպիսկոպոսի սիւնեաց ես Նէրսես քահանայս կանկնեցի զխաչս հաւր իմոյ Ստեփաննոս քահանայի․ թվ․ ՋԿԱ /1512/»։
«Նույն եկեղեցու պատի մեջ դրված է նաեւ մի ուրիշ գերեզմանաքար, որի վրա քանդակված է մի ձի, մոտը՝ մի մարդ, ձեռին՝ մի գավ, մի քիչ վերեւ՝ կլոր հացեր։Փոքր-ինչ հեռու ՝ մի ուրիշ մարդ, մոտը մի մահակ, եւ ոչխար խուզելու մի մկրատ։ Այս նկարի ներքեւում արձանագրված է․ «Այս է հանգիստ Տրունին, որդի Գալուստ քահանային»,-վկայում է Լալայանը։

Այս եկեղեցին գործել է մինչեւ 1930-ական թվականները, որից հետո ԽՍՀՄ անաստվածության տարիներին վերածվել է կոլխոզի հացահատիկի պահեստի, ապա հինովին լքվել ու մեզ է հասել կիսակործան վիճակում։ Կարծում ենք, որ նրա վերականգնումը կամ նորոգումը պետք է լինի Մարտունի համայնքի ծրագրային առաջնահերթությունների շարքում։
Սուրբ Հռիփսիմե եկեղեցին գտնվում է ձորի մեջ, գյուղի արեւմտյան կողմում, Աստղաձոր գետակի աջ ափին՝ արեւելյան կողմից շրջապատված ուղղահայաց ժայռաշղթայով։ Այն ավելի շատ այսօրվա իր գրաված չափերով նման է մատուռի, որը, սակայն, սրբավայր է հանդիսացել անհիշելի ժամանակներից։ Կարելի է նաեւ եզրակացնել, որ այն բարձրացել է ավելի հին պաշտամունքային շինության հիմքի վրա, որի հատակին, ինչպես մեր բոլոր մատուռների պարագայում է, հնագույն դամբարանի հետքեր են նկատվում։ Մատուռի շուրջ պահպանվել են հին շինությունների հետքեր, իսկ պատմամշակութային գլխավոր արժեքն այստեղ, Սուրբ Հռիփսիմեի հյուսիսարեւլյան կողմի ժայռի վրա քանդակված մեծադիր խաչի պատկերն է՝ իր պատվանդանով, որին ներքո կա արձանագրություն՝ 1291 թվականով թվագրվող։ Տարածքում փորագրված մեկ այլ ժայռախաչ թվագրվում է 1273 թվականով, իսկ մատուռի մոտ պահպանված խաչքարը թվագրված է 1547 թվականով։ Սուրբ Հռիփսիմեն Աստղաձորում հայտնի է նաեւ Անդոյի խաչ անունով։
Աստղաձորի պատմությանը, իսկ առավելապես պահպանված վիմագրությանն ավելի մանրամասն անդրադարձել է Սեդրակ Բարխուդարյանը։
Հենց Վիմագրությունների վերծանման ճանապարհով էլ Բարխուդարյանը գնացել է Աստղաձոր գյուղի միջնադարյան անվանման բացահայտմանը։ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու բակում կանգնած խաչքարերից մեկը կրում է հետեւյալ բովանդակությամբ վիմագրությունը․ «ԿԱՄԱՒՆ ԱՍՏՈՒԾՈՅ ԵՍ ՄԱՐԳԱՐ ՔԱՀԱՆԱՅ ԿԱՆԿՆԵՑԻ ԶԽԱՉՍ Ի ՓՐԿՈՒԹԻՒՆ ՀՈԳՒՈՅ ԵՂԲԱՅՐՆ ԻՄՈՅ ՇԱՀՆԱՏԱՐԻՆ ԵՒ ԽՈՇՆԱՏԱՐԻՆ, ՈՐ ՏՂԱ ՀԱՍԱԿԱՒ ՓՈԽՎԵՑԱՆ Ի ՔՐԻՍՏՈՍ»։
Այս արձանագրության հետքերը Բարխուդարյանին տարել են դեպի հայ մատենագրություն, որի էջերում էլ նա կարողացել է գտնել իրեն հուզող հարցի պատասխանը․ «Անթվական այս արձանագրության ստույգ ժամանակը որոշելու համար պրպտեցինք եւ գտանք ձեռագիր մի հիշատակարան՝ երեք եղբայրների անունների հիշատակումով։ Դա Սեւանի վանքի ժողովածուի մաս կազմող մի Ճաշոց է՝ արտագրված Հովհաննես գրչի կողմից, Գեղարքունիի Կած գյուղում, 1465 թվականին։ Ձեռագիրն ունի ընդարձակ հիշատակարան, որի մեջ գրիչ Հովհաննեսը հայտնում է, որ եկել է Վասպուրականի Արծկե քաղաքից եւ Գեղարքունիի Կած գյուղում հաստատվելուց հետո Մանվել եւ Ստեփանոս քահանաների խնդրանքով արտագրել ձեռագիրը։ Այնուհետեւ հիշատակված են պատվիրտուների տոհմի բազմաթիվ անուններ, որոնց մի ճյուղն է Սուլթանը՝ իր երեք որդիներով՝ Շահնադար, Խոշնադար եւ Մարգար դպիր։ Արձանագրության եւ Հիշատակարանի մեջ հիշատակված անունների այս շարքը ոչ մի կասկած չի թողնում, որ նրանք նույն մարդիկ են, եւ նրանց բնակավայրը Կածիք-Կած գյուղն է․․․Գյուղը Կածիք անունով հիշատակված է Ստեփանոս Օրբելյանի ցուցակում՝ 15 չափ հարկով, որով մեծ գյուղերի շարքում է։ Իսկ «Ջամբռի» մեջ նույն Կածիքը հիշվում է որպես Մաքենյաց վանքի վիճակ, որից հայտնի է դառնում, որ որ մինչեւ 18-րդ դարի վերջերը պահպանվել է գյուղի հին՝ Կածիք-Կած անունը»,-գրում է Բարխուդարյանը։

Նրա «Դիվանում» Աստղաձորից վերծանված է 44 արձանագրություն, որոնցից ընդամենը 5-ն են մինչ այդ հրապարակված եղել։ Մի շքեղ խաչքար կանգնեցված է գյուղի կենտրոնում, Սերոբ Դավեյանի բանջարանոցի մեջ։ Գեղաքանդակ խաչքարի հյուսիսային կողմին արձանագրված է․ «Ի ԹՎ․ ՀԱՅՈՑ ԶԺԹ /1270/, ԵՍ ՇԱՀՆՇԱՀ ՈՐԴԻ ՋՈՀԷ ԿԱՆԳՆԵՑԻ ԶԽԱՉՍ ՅԻՇԱՏԱԿ ՀՈԳՈՅ ԻՄՈՅ, ՈՎ ԿԱՐԴԱՑԷՔ ՅԱՂԱԹՍ ՅԻՇԵՑԷՔ»։ Ըստ Մեսրոպ Սմբատյանցի՝ այս խաչքարի պատվանդանին գրված է եղել․ «Ես Շահնշահ եւ իմ որդի Աւագ զՈրբուծն թողաք․․․ոսկին ի դարն ՈԶ․․․»։ Բարխոդարյանն այս տեքստի իսկությունը չի հաստատում, քանի որ իր այցելության պահին պատվանդանը լրիվ թաղված է եղել հողի տակ՝ քարերով ամրացված վիճակում։
Իսկ ի՞նչ է արձանարգրված Սուրբ Հռիփսիմե մատուռի մոտի ժայռախաչի պատվանդանին․ «ԹՎ ՉԽ/1291/ ՅԱՆՈՒՆ ԱՍՏՈՒԾՈՅ ԵՍ ՏԻՐՈՍ ԿԱՆԳՆԵՑԻ ԶԽԱՉՍ ՅԻՇԱՏԱԿ ՀՈԳՈՅ ԻՄՈ ։Ճ։ ՏԱՐԻ ԱՊՐԵՑԱ ԶԻՆԱՒՈՐ։ ՈՎ ԿԱՐԴԷՔ ՅԱՂՈՒԹՍ ՅԻՇԵՑԵՔ»։ Այս ժայռափոր խաչերի գլխին ու հարավայի կողին պահպանված է հետեւյալ վիմագրությունը․ «ԶԻԲ /1273/ ԹՈՒԻՆ ՀԱՅՈՑ ԿԱՆԿՆԵՑԱՔ ԶԽԱՉՍ ՀՈԳՈՅ ՄԽԻԹԱՐԱ ՅԱՂԱՒԹՍ ՅԻՇԵՑԷՔ»։
Ստացվում է, որ զինավոր կամ զինվոր Տիրոսն ապրել է 100 տարի։
Վիմագրությունների առատությունը, սակայն, ակներեւ է Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու բակում ու որմերի մեջ։ Բավականին շքեղ ու բազմաբովանդակ քանդակների կողքին մեզ հասել են նաեւ այստեղ մի քանի դար անընդմեջ ապրած տղամարդկանց ու կանանց անունները, որոնք կյանքից հեռացել են կամ բնական, կամ ողբերգական մահերի արդյունքում, մատաղ կամ ծեր տարիքներում։ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու վիմագիր խաչքար-տապանաքարերը կերտվել են 15-18-րդ դարերի ընթացքում, հայ սերունդներին փոխանցելով Օղլանի որդի Գրիգորի, Ովանիսի որդի Մկրտչի եւ նրա կին Սառեի, Յուսամի, Ամիրպեկի, Մխիթարի, Բայասի, Խրթչինալի, Թադոսի, Բարեքի որդի Լավանդի եւ թոռ Մանվելի, Սարուխանի որդի Պալասանի, Ստեփանոսի մայր Գուլի, Գրիգորի եղբայր Մաթեւոսի, Զոհրապի, Դովլադ խանումի, Փախչանի, Մարգրտի, շահի, Տեր Գալոյի, Գալուստ քահանայի որդի Տրունի, Սայիբի, Միրզի, Ըսկանտարի, Սիմոնի որդի Սարգսի, Թազմամի, Գուլճհանի, Արութինի, Հէրիքի, Սիմայոնի որդի Ղազարի անունները։
Այդ վավերագրերն անթաքույց մեզ են փոխանցել նաեւ մարդկային անհուն վշտերը, որ ապրել են մարդիկ իրենց կորուսյալների կսկիծների պատճառով։ Վշտակիրներից մեկը Մարտիրոսն է, ով նախ կորցրել է իր զավակներին, այնուհետ արդեն իր պատանի եղբորը։ Այդ մասին վկայում են իրար մոտ կանգնած երկու գեղաքանդակ խաչքարերը, որոնց վրա պահպանված արձանագրությունները պատմում են այսպես․ «ԹՎ ։Ջ։ /1451/ ՅԱՆՈՒՆ ԱՍՏՈՒԾՈՅ ԵՍ ՄԱՐՏԻՐՈՍ ԿԱՆԿՆԵՑԻ ԶԽԱՉՍ Ի ՓՐԿՈՒԹԻՒՆ ՀՈԳՈՅ ԵՂԲԱՅՐ ԻՄ ՍՈՒՔԻԱՍԻՆ, ՈՐ ՏՂԱ ՀԱՍԱԿԱՎ ՀԱՆԳԵԱՎ ԱՌ ՏԵՐ։ ՈՎ ՅԱՂՈԹԷՔ, ՅԻՇԵՑԷՔ»։ «ԶԱՎԱԿԱՑ ԻՄՈՑ ՄԱՐՏԻՐՈՍԻ ՍԱՐԿԱՎԱՔԻ»։
Գեղաքանդակ խաչքարեր են պահպանվել նաեւ Էդիկ Մկոյանի, Յուրա Ալեքսանյանի, Հոխե Օհանյանի, Վանիկ Հայրապետյանի տնամերձ հողամասերում։
Իսկ Սերոբ Դավեյանի տնամերձի եզրին պահպանված գեղաքանդակ խաչքարի պատմական արժեքն այսօր փոխլրացնում են Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների, Մեծ հայրենականում եւ Ղարաբաղյան պատերազմներում անմահացած աստղաձորցիների հուշարձանները։ Այդ տարածքն այսօր վերածվել է պուրակ-սրբավայրի։

2026 թվականի հունիսի դրությամբ Աստղաձորն ունի 1252 տնտեսություն՝ 4435 բնակչությամբ։
Աստղաձորում գործում են 1 միջնակարդ դպրոց, 1 մանկապարտեզ, առաջնային առողջության պահպանման կենտրոն եւ մշակույթի տուն։
Աստղաձորն ունի նաեւ ներկայանալի սփյուռք աշխարհի ամենատարբեր երկրներում, հատկապես՝ Ռուսաստանի դաշնությունում, Ուկրաիանույում, եվրոպական տարբեր երկրներում։
Աստղաձորն այսօր Հայաստանի Հանրապետության գյուղական խոշոր, հզոր ու երեւելի բնակավայրերի թվում է՝ իր պատմամշակութային ու ազգագրական անկրկելի, բազմազան արժեքներով, ավանդապաշտությամբ, աշխատասիրությամբ, արարման ու կառուցման ձգտումներով, Հայոց հայրենիքի կառուցման ու պաշտպանության մեջ խաղացած իր անուրանալի դերով։ Աստղաձորը մի դրախտավայր է, որտեղ ամենուր քեզ դիմավորում են շքեղ բնապատկերները, մարդու ձեռքերով կերտված նյութական բարիքներն ու հոգեւոր արժեքները, մարդկային անկեղծ, հոգեբուխ ժպիտները, որտեղ միատեղված են հայ անցյալի փառքն ու ներկայի ազգապահպան նպատակները։