Քաղաքականություն

Ընդդիմությունը համակարգային կերպով փորձել է ընտրակաշառքով և ընտրակեղծարարությամբ ձայներ հավաքել. Ավինյան

2 րոպեի ընթերցում

Ընդդիմությունը համակարգային կերպով փորձել է ընտրակաշառքով և ընտրակեղծարարությամբ ձայներ հավաքել. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գնահատմամբ՝ Հայաստանում հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները բացառիկ էին, քանի որ վերջին ութ տարիների ընթացքում առաջին անգամ ընդդիմության ներկայացուցիչները փորձել են ընտրակաշառքի, ընտրակեղծարարության, քաղաքացիներին ուղղորդելու և վախեցնելու միջոցով քվեներ ստանալ։ 

«Ես չեմ բացառում, որ որոշ չափով դա նրանց մոտ ստացվել է, սակայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, տեսնելով և հասկանալով այդ գործընթացը, հակազդել են դրան, և դրա մասին են վկայում ընտրությունների փաստացի արդյունքները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ավագանու նիստին իր ելույթում ասել է Ավինյանը։

Նրա խոսքով՝  սա բացառիկ դեպք է, երբ որևէ երկրում ոչ թե իշխանություններն են փորձում զբաղվել ընտրակեղծարարությամբ, այլ ընդդիմությունը, ընդ որում՝ համակարգային մակարդակով։

 «Վստահ եմ, որ բոլոր ընտրակեղծարարները, բոլոր այն մարդիկ, ովքեր պատկերացրել են, թե կարող են պետության զավթման հնարավորություն ստանալ ընտրակեղծիքների և ընտրակաշառքի միջոցով, դեռևս չեն պատկերացնում, թե իրենց ինչ է սպասվում»,- նշել է նա։

Ավինյանը շեշտել է, որ Հայաստանի Հանրապետությունում այլևս երբեք ժողովուրդը թույլ չի տա ընտրակեղծիքներով ձևավորել իշխանություն։

«Շնորհավորում եմ բոլորիս ընտրությունների հաղթանակի առիթով»,- եզրափակել է քաղաքապետը։

Հայաստանում հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով խորհրդարան են անցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «Հայաստան» դաշինքը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նոր խորհրդարանում կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 29 մանդատ, «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում