Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
3 րոպեի ընթերցում
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն դարձել է 2026 թվականի Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիրը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամից հայտնում են, որ այս հաղթանակի արդյունքում թավջութակահարուհին արժանացել է 10,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամական պարգևի, ինչպես նաև ստացել կարևոր միջազգային համագործակցային հնարավորություններ՝ հանդես գալու հեղինակավոր բեմերում և ներգրավվելու նոր մասնագիտական նախագծերում։
Ֆեդերլեն սեպտեմբերին ելույթ կունենա Համբուրգի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի հետ համագործակցության արդյունքում։ Բացի այդ, IMK Vienna-ի հետ համագործակցության շնորհիվ երիտասարդ թավջութակահարուհին Հյուսիսային Չեխական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգա Պրահայի Սմետանայի անվան համերգասրահում։ Մրցույթի ընթացքում Ֆեդերլեն նաև ստացել է հատուկ մրցանակ՝ երկրորդ փուլում սոնատի լավագույն մեկնաբանության համար։
Երկրորդ մրցանակը շնորհվել է ռուս թավջութակահար Բոգդան Եֆրեմովին՝ 5,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամական պարգևով։ Նա նաև արժանացել է հատուկ մրցանակների՝ Դավիդ Պոպերի մենանվագ թավջութակի համար գրված Էտյուդների և Արամ Խաչատրյանի Սոնատ-ֆանտազիայի լավագույն մեկնաբանությունների համար։
Երրորդ մրցանակին արժանացել է հայ թավջութակահար Արտյոմ Իոանիսյանը։ Նա նաև հանդիսատեսի քվեարկությամբ ստացել է ամենաբարձր ձայները՝ ստանալով հատուկ մրցանակ «Հանդիսատեսի համակրանքը» անվանակարգում, ինչի արդյունքում հնարավորություն կունենա հանդես գալու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։
Հատուկ մրցանակի է արժանացել նաև եզրափակիչ փուլ նացած ԱՄՆ ներկայացնող թավջութակահարուհի Միրիամ Կ. Սմիթը՝ թավջութակի համար գրված մենանվագ ստեղծագործության լավագույն մեկնաբանության համար։
Մրցույթի ժյուրին այս տարի նախագահում էր Լևոն Մուրադյանը (Հայաստան/Պորտուգալիա)։ Ժյուրիի կազմում էին միջազգային երաժշտական աշխարհի ճանաչված ներկայացուցիչներ՝ Դենիս Սևերինը (Շվեյցարիա), Մարտի Ռուսին (Ֆինլանդիա), Մեհա Ռիոն (Կորեայի Հանրապետություն), Ջոզեֆին Նայթը (Միացյալ Թագավորություն), Գրեգորիո Նիետոն (Վենեսուելա) և Վիկտոր Ժյուլյեն-Լաֆերիերը (Ֆրանսիա)։
Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կազմակերպմամբ։ Մրցույթի ռազմավարական գործընկերն է Freedom Broker Armenia-ն, հովանավորը՝ Երևանի քաղաքապետարանը, իսկ աջակիցներն են VISA-ն և ԱԿԲԱ բանկը։
Խաչատրյանի անվան միկջազգային մրցույթը անդամակցում է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիային (WFIMC)։