Մերձավոր Արևելք

Կատարում բնական գազի գործարանում պայթյունի հետևանքով վիրավորվել է 54 մարդ, 18-ն անհետ կորել է

2 րոպեի ընթերցում

Կատարում բնական գազի գործարանում պայթյունի հետևանքով վիրավորվել է 54 մարդ, 18-ն անհետ կորել է

Կատարի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Ռաս Լաֆան արդյունաբերական քաղաքում երկրի գլխավոր հեղուկացված բնական գազի վերամշակման գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել է 54 մարդ, ևս 18-ը անհետ կորած է։ «Արմենպրես»-ի  փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։

Նախարարության տեղեկացմամբ՝ Կատարի միջազգային որոնողափրկարարական խումբը տեղի ունեցած «ներքին պայթյունից» հետո անհետ կորածների որոնման ուղղությամբ գործողություններ է իրականացնում։

Նախարարությունը տեղեկատվություն չի տրամադրել «տեխնիկական անսարքությամբ» պայմանավորված միջադեպի հետևանքով տուժածների վիճակի մասին։

Գերատեսչությունը հայտարարել է, որ օբյեկտից որևէ արտահոսք չի եղել, որը կարող է վտանգ ներկայացնել հանրության համար։

Արդյունաբերական կենտրոնը կառավարող QatarEnergy ընկերությունը հայտարարել է, որ «Բարզան» գործարանում պայթյունից հետո անմիջապես տեղակայվել են արտակարգ իրավիճակների արձագանքման խմբեր և օբյեկտում բռնկված հրդեհը վերահսկողության տակ են վերցրել։

Դոհայից մոտ 80 կմ հյուսիս գտնվող Ռաս Լաֆան արդյունաբերական քաղաքում է գտնվում աշխարհի ամենամեծ հեղուկացված բնական գազի արտահանման օբյեկտը, որն արտադրում է համաշխարհային մատակարարման մոտ մեկ հինգերորդը։

Մարտին Կատարի կառավարությունը հայտարարել էր, որ արդյունաբերական կենտրոնը «զգալի վնաս» է կրել իրանական հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումների թիրախ դառնալուց հետո։

QatarEnergy-ն հարձակումներից հետո իր որոշ պայմանագրերում կիրառել է ֆորսմաժորային դրույթը՝ մատակարարման պարտավորություններից ազատվելու համար, ինչն ազդել է Իտալիայի, Բելգիայի, Հարավային Կորեայի և Չինաստանի հաճախորդների վրա։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում