ՀՀ-ի համար ամենաէականը տարբեր ուղղություններով ինտեգրման կարողությունների զարգացումն է․ Երևանում կայացավ հայ-բելգիական քննարկում

7 րոպեի ընթերցում

 

Հայ-բելգիական առևտրի պալատը Երևանում կազմակերպել էր քննարկում, որը կրում էր «Հայաստանի ներուժի բացահայտումը. տնտեսական բարեփոխումներ, եվրոպական ինտեգրացիա և տարածաշրջանային իրողություններ» խորագիրը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քննարկման երկու հիմնական բանախոսներն էին Բրունո Կոլմանը և Վաչե Գաբրիելյանը։ 

Բրունո Կոլմանը Բելգիայի առաջատար տնտեսագետներից է, Բելգիայի թագավորական ակադեմիայի անդամ, պրոֆեսոր, մի քանի գրքերի հեղինակ և միջազգային ճանաչում ունեցող դրամավարկային ու ֆինանսական քաղաքականության փորձագետ: Նա շարունակում է ակտիվորեն մասնակցել Եվրոպայի տնտեսական ապագայի և համաշխարհային ֆինանսական կառավարման վերաբերյալ քննարկումներին: 

Իսկ Վաչե Գաբրիելյանը նախկինում եղել է Հայաստանի փոխվարչապետ, տնտեսագետ է, այժմ Հայաստանի Ամերիկյան համալսարանի Մանուկյան-Սիմոն բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դեկանն է և վերջին տասնամյակների ընթացքում Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ բարեփոխումների հիմնական ճարտարապետներից մեկը՝ համատեղելով բարձր մակարդակի կառավարման փորձը ակադեմիական ղեկավարման հետ:

Քննարկմանը ներկա ՀՀ-ում Բելգիայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքը ողջունելով ներկաներին և բանախոսներին՝ իր գոհունակությունը հայտնեց Հայ-բելգիական առևտրի պալատի գործունեության առթիվ։ 

«2023 թվականից ի վեր մենք սերտորեն համագործակցում ենք այս պալատի հետ։ Թեև հասել ենք կոնկրետ արդյունքների, բայց կարող ենք ավելին անել։ Այս քննարկումը նույնպես գործընկերության օրինակ է և տեղի է ունենում ճիշտ ժամանակին։ Հայաստանը շատ ինտենսիվ աշխատում է Եվրոպական Միության հետ առևտրի դիվերսիֆիկացման ուղղությամբ։ Այսօր առավոտյան արդեն զրուցել ենք պրոֆեսոր Կոլեմանի հետ՝ խոսելով փոքր երկրների համեմատական ​​առավելությունների մասին։ Մենք մասնավորապես մտքեր փոխանակեցինք Հայաստանում տեխնոլոգիաների, կրթության, հայկական սփյուռքի դերի վերաբերյալ։ Այդ թեմաները շատ կարևոր են նաև նման քննարկումների շրջանակում»,- ասաց դիվանագետը։ 

Պատասխանելով հարցին, թե ի՞նչ ռազմավարական ընտրություններ պետք է այսօր կատարի Հայաստանը՝ կայուն տնտեսական աճ ապահովելու, եվրոպական գործընկերությունն ամրապնդելու և տարածաշրջանային ավելի ու ավելի բարդացող միջավայրում կողմնորոշվելու համար, Վաչե Գաբրելյանը նշեց, որ մեզ պետք են հստակ ռազմավարություններ, բայց եթե դրանք չեն համապատասխանում տնտեսական հիմնարար սկզբունքներին, որոնք ստիպում են մասնավոր ձեռնարկատերերին և բիզնեսներին որոշումներ կայացնել, ապա դրանք չեն գործի։ Նրա համոզմամբ՝ ամենակարևորը տարբեր ուղղություններով ինտեգրման կարողությունների զարգացումն է։

«Եվրոպայի հետ տնտեսապես համագործակցելու համար մենք առայժմ չունենք անհրաժեշտ ծավալներ, չունենք չափանիշներ, ապահովագրական համակարգեր և նախկինում էլ չենք կարողացել կառուցել այդ համակարգն ապահովող կարողությունները։ Բերաբախտաբար ԵՄ-ից ստացել ենք դրամաշնորհներ, որպեսզի ունենանք այդ որակի ենթակառուցվածքներ։ Եվ երբ խոսքը գնում է առևտրի մասին, խոսելու ենք համապատասխանության ստանդարտների, տեխնիկական կանոնակարգերի և այլնի մասին։ Հիմա առանց այդ բոլոր ենթակառուցվածքների հնարավոր չէ լոգիստիկ հարցեր լուծել»,- ասաց Գաբրիելյանը։

Նրա կարծիքով՝ մենք պետք է հասկանանք, որ գտնվում ենք անկայուն տարածաշրջանում և անկայուն միջավայրում, ուստի աշխարհագրական առումով այդ անկայունությունը որոշ ժամանակ կմնա։

«Դա նշանակում է, որ մենք պետք է ավելացնենք մեր կարողությունները և արդիականացնենք մեր բիզնես գործելակերպը։ Եթե շարունակաբար չմտածենք դիմադրողականության և դիվերսիֆիկացիայի մասին, չենք կարողանա հաջողության հասնել։ Սա ամենակարևորն է։ Ռազմավարական ընտրությունները կառավարության կամ առևտրի մակարդակում չեն, այլ անհատական ​​բիզնեսի մակարդակում են։ Անհրաժեշտ է գտնել արտահանման ու ներմուծման նոր եղանակներ, մատակարարման շղթաների նոր ռազմավարական ուղիներ։ Եվ սա նոր մտածելակերպ է»,- ասաց Գաբրիելյանը։

Բրունո Կոլմանն իր հերթին նշեց, որ Հայաստանը գտնվում է բազմաթիվ ազդեցությունների խաչմերուկում՝ Արևմուտք և Արևելք, Ռուսաստան և ԵՄ: 

«Միևնույն ժամանակ չափազանց տպավորված եմ, քանի որ դուք ունեք դիմացկուն տնտեսություն: Ունեք նաև կայուն արժույթ, ինչը զարմանալի է, քանի որ սովորաբար փոքր երկրներն ունեն թույլ արժույթ, և դա նրանց լուրջ վնաս է հասցնում, երբ որևէ ճգնաժամ է լինում: Դուք կարող եք դեր ունենալ նոր միջավայրում: Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը որոշ պահի կավարտվի, հետևաբար ունեք բազմաթիվ մրցակցային առավելություններ՝ բարձր աճի տեմպ, բարձր որակավորում ունեցող մարդիկ, սփյուռք, որը չափազանց օգտակար է և կարող է անհրաժեշտության դեպքում ֆինանսապես աջակցել։ Եվ քանի որ դուք ունեք կայուն արժույթ, կարող եք փոխառություններ վերցնել արտաքին շուկաներ մտնելու և որոշ ներդրումային նախագծեր իրականացնելու համար: Աշխարհագրական և քաղաքական մեկուսացման մեջ չհայտնվելու համար Հայաստանը պետք է համագործակցի որոշ երկրների հետ»,- ասաց Կոլմանը:

Նրա դիտարկմամբ՝ ԵՄ-ի հետ համագործակցությունը լիովին տրամաբանական է ու ԵՄ-ի հետ առևտրային հարաբերությունների բացումը գերակա ուղղություն է Հայաստանի համար։ Կոլմանը խորհուրդ տվեց ավելի շատ գումար ներդնել քաղաքական մարքեթինգի մեջ, որպեսզի Հայաստանը քարտեզի վրա լինի ճիշտ տեղում։ 

«Դուք պետք է հստակ բացատրեք, թե որոնք են ձեր մրցակցային առավելությունները։ Դուք բավականին ուժեղ եք տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական ​​բանականության մեջ, քանի որ վերջինս նորագույն արդյունաբերական հեղափոխության սկիզբն է և շուտով կփոխի ամեն ինչ՝ ներազդելով նաև աշխատաշուկայի վրա։ Եվ եթե դուք կարողանաք զարգացնել արհեստական ​​բանականության հմտություններ և տարածել այդ հմտություններն ամբողջ աշխարհում, ապա կբարձրացնեք ձեր մրցակցային առավելությունները»,- ասաց Կոլմանը։

Նրա կարծիքով՝ Հայաստանի նման փոքր երկրների պարագայում անհրաժեշտ է շատ ուժեղ համաձայնեցում մասնավոր և պետական ​​հատվածների միջև, ինչպես նաև անհրաժեշտ է ունենալ ճանապարհային քարտեզ, որում հստակ կնշվի երկրի տեղը ապագա 10, 20 տարիների կտրվածքով։ 

 

 

 

 

Հայերեն English Русский

Սլովակիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը չեղարկել է Պարսից ծոցի երկրներ ճանապարհորդելու վերաբերյալ նախազգուշացումը

Տիգրան Մկրտչյանը կարևորել է հայկական գյուղատնտեսական մթերքների արտահանման շուկան դիվերսիֆիկացնելու անհրաժեշտությունը

Ճապոնական յակիշիմե կերամիկայի ավանդույթը՝ Երևանում. Հայաստանի պատմության թանգարանում յուրահատուկ ցուցահանդես բացվեց

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում իրականացվելու են ծառերի սրսկման աշխատանքներ

Հենրիխ Մխիթարյանը հանդիպեց «Փյունիկ» ակադեմիայի սաների հետ

Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորին

ԿԳՄՍ նախարարը ծանոթացել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Դիլիջանի մասնաճյուղի զարգացման նոր հայեցակարգին

Հայաստանի թենիսի տղամարդկանց հավաքականը նվաճեց Դևիսի գավաթի 3-րդ ենթախմբի ուղեգիր

ՀՀ-ի համար ամենաէականը տարբեր ուղղություններով ինտեգրման կարողությունների զարգացումն է․ Երևանում կայացավ հայ-բելգիական քննարկում