Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Հայ մշակութային և գիտական ընկերակցության ամենամյա համաժողովին
2 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի մասնաճյուղում մասնակցել է Հայ մշակութային և գիտական ընկերակցության (ASOF) ամենամյա համաժողովին՝ ներկայացնելով Հայաստանում բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին կրթության և գիտության նախարարությունից, Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ նշելով, որ Կառավարության ամենակարևոր ծրագրերից մեկը բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումն է:

«Բարեփոխումների ամենաակտիվ ու որոշիչ փուլում ենք․ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի ընդունումից հետո այժմ մշակվում են կանոնակարգերը, որոնք հատկապես կարևոր են օրենքով սահմանված գործընթացների արդյունավետ իրականացումն ապահովելու համար»,-ասել է նախարարը՝ ընդգծելով, որ բարեփոխման գործընթացի առանցքային մասը բարձրագույն կրթության և գիտության ֆինանսավորումն է՝ ապահովելով առավելագույն արդյունավետություն, թափանցիկություն և որակ։
Նախարարն ընդգծել է՝ պետական քաղաքականությունը սահմանում է հստակ սկզբունք՝ ֆինանսական խնդիրների պատճառով ոչ մի ուսանող պետք է չզրկվի բարձրագույն կրթությունից:
Որպես ոլորտում իրականացվող կարևոր և մեծածավալ ծրագիր՝ Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև «Ակադեմիական քաղաք» ծրագրին՝ ընդգծելով, որ աշխատանքներն ակտիվորեն ընթանում են, մասնավորապես՝ արդեն հաստատվել է Ակադեմիական քաղաքի զարգացման հայեցակարգը, որով սահմանվել են ծրագրի տեսլականը, ռազմավարական նպատակները, կլաստերների ընդհանուր մոդելը, տեղադիրքը և ենթակառուցվածքները, միջազգային գործընկերությունը և այլն։
