Գնումների համակարգը կարդիականացվի․ կներդրվեն միասնական հարթակ, նոր ընթացակարգեր և հանրային հսկողության գործիքներ

4 րոպեի ընթերցում

Գնումների համակարգում նախատեսվում են էական փոփոխություններ՝ ուղղված համակարգի արդիականացմանը, վարչարարության պարզեցմանը, թափանցիկության և արդյունավետության բարձրացմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովի հունիսի 18-ի նիստում ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով «Գնումների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը։

Փոխնախարարի խոսքով՝ թեև «Գնումների մասին» օրենքը վերջին տարիներին ենթարկվել է փոփոխությունների, այն պահպանել է իր սկզբնական կառուցվածքն ու կիրառման տրամաբանությունը։

«Գործող կարգավորումները բավարար չափով չեն ապահովում գնումների համակարգի զարգացման ներկա փուլին, միջազգային լավագույն փորձին և ժամանակակից տեխնոլոգիական հնարավորություններին վերաբերող չափանիշները»,-նշեց Ավանեսյանը։

Նրա ներկայացմամբ՝ գործող համակարգում առկա են վարչարարական ծանրաբեռնվածություն, սահմանափակ ճկունություն և հաշվետվողականություն, ինչպես նաև թափանցիկության ու թվայնացման սահմանափակ մակարդակ։

Օրենսդրական փոփոխություններով առաջարկվում է խթանել գնումների համակարգի արդիականացումը և ձևավորել ավելի թափանցիկ, մրցակցային ու տեխնոլոգիապես զարգացած միջավայր։

«Նախագծերի փաթեթով էական փոփոխություններ են իրականացվում գնումների համակարգում»,-ասաց ֆինանսների նախարարի տեղակալը։

Նախագծով նախատեսվում է ներդնել գնումների միասնական էլեկտրոնային հարթակ, որտեղ կհրապարակվի օրենքով նախատեսված տեղեկատվությունը։ Առաջարկվում է նաև սահմանել հանրային հսկողության հնարավորություն՝ գնումների գործընթացների մշտադիտարկման և դիրքորոշումների ներկայացման համար։

Փաթեթով տրվում են նաև մի շարք նոր հասկացությունների սահմանումներ, այդ թվում՝ դրամաշնորհ, շրջանակային համաձայնագիր, հանրային հսկողություն և արհեստական բանականության գործիքներ։ Նախագծով նախատեսվում է, որ արհեստական բանականության գործիքները կարող են կիրառվել գնումների գործընթացի տարբեր փուլերում։

Գնումների ընթացակարգերի մասով առաջարկվում է սահմանել մրցակցային ընթացակարգերի երկու հիմնական տեսակ՝ ակտիվ և պասիվ մասնակցությամբ։ Պասիվ մասնակցությամբ մրցակցային ընթացակարգերի թվում նախատեսվում են հրապարակային օֆերտան, թվային խանութը, միջազգային հեղինակավոր կազմակերպություններին ուղղված առաջարկ ներկայացնելու հրավերը և գաղտնի գնումը։

Նախագծով հստակեցվում են նաև մեկ անձից գնումների պայմանները։ Միաժամանակ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում առաջարկվող լրացումներով նախատեսվում է, որ պետական բյուջեի մասին օրենքի նախագծում ներառվի յուրաքանչյուր պետական մարմնի՝ տվյալ տարում մեկ անձից իրականացվելիք գնումների առավելագույն ծավալի թիրախային ցուցանիշը։

Պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունում էլ պետք է ներառվի տվյալ տարվա ընթացքում պետական բյուջեի միջոցների հաշվին մեկ անձից կատարված գնումների մասին տեղեկատվություն։ Եթե այդ գնումների ծավալը գերազանցի պետական բյուջեի մասին օրենքով նախատեսված թիրախային ցուցանիշը, պետք է ներկայացվի նաև դրա մանրամասն հիմնավորումը։

Փոփոխություններով առաջարկվում է նաև արգելել գնումների հասկացությանը համապատասխանող գործարքները որպես դրամաշնորհ որակելն ու իրականացնելը։

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ տվել է դրական եզրակացություն։ Հանձնաժողովի դիրքորոշումը ներկայացրել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը։

Նախատեսվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից։

Հայերեն

Հայաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի աշխատանքները կշարունակվեն օգոստոսի 3-ին

Աստղաձորում պահպանվում է Ռուսաստանի կայսր Նիկոլայ Առաջինի պատկերով Արիության մեդալ

Իշխանությունը, որը ընտրվել է ժողովրդի կողմից, պետք է արդարացնի այդ վստահությունը. ՀՀ նախագահը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը

Գավառի ավագանին մի շարք ծրագրերի իրականացման վերաբերյալ որոշումներ է ընդունել

Սևանում Տարաս Շևչենկոյի անվան ուկրաինական մշակույթի կենտրոնում բացվել է կավագործության և կավե քանդակագործության խմբակ

Փրկարարները և ոստիկանները Սևանա լճի հանրային լողափերից մեկում գտել են կորած երեխային

Փրկարարները Սևանա լճից դուրս են բերել քաղաքացու դին

Միգրանտների մեծ հոսքից հետո իսպանական Սեուտայում տեղակայվել է անվտանգության ոլորտի մոտ 3 հազար աշխատակից

Վարչապետի պաշտոնում վերանշանակված Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ նախագահի հետ

«Արմենիա»  ռեստորանում տեղի ունեցած մկրտության արարողությունից հետո տասնյակից ավելի քաղաքացի սննդային թունավորմամբ դիմել է ԲԿ