ՌԴ-ի կիրառած սահմանափակումները մեղմելու նպատակով ՀՀ կառավարությունն աջակցության նոր ծրագիր ընդունեց ջերմատնային տնտեսությունների համար

4 րոպեի ընթերցում

Ռուսաստանի Դաշնության կողմից հայկական արտադրանքի ներմուծման սահմանափակումների հետևանքները մեղմելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը աջակցության նոր ծրագիր ընդունեց ջերմատնային տնտեսություններով զբաղվող շահառուների համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծն ընդունվեց ՀՀ կառավարության հունիսի 18-ի նիստում։

Նախագծի զեկուցող, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ներկայացնելով ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրում փոփոխություններ կատարելու հարցը, նշեց, որ նախագծի քննարկումը պայմանավորված է Հայաստանում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի շրջանակում ջերմատնային արտադրանք արտահանող տնտեսվարողների համար  «Ռոսսելխոզնադզոր»-ի կողմից կիրառվող սահմանափակումների հետևանքները մեղմելու նպատակով տնտեսվարողներին լրացուցիչ արտոնություններ տրամադրելու անհրաժեշտությամբ։

Նախարարը նշեց, որ Հայաստանում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի շրջանակում կնքվել է 20 պայմանագիր, և 91,5 հեկտար տարածքով ջերմատնային տնտեսություններ են հիմնվել կամ հիմնվում, դրանցից 34,5 հեկտարը արդեն հիմնվել է և այս տարի արտադրանք է թողարկել։

«Եթե մինչև 2026 թվականի հուլիսի 1-ն իրականացված մոնիթորինգի արդյունքներով ջերմատունը կառուցվել է և 2026 թվականի ընթացքում գյուղատնտեսական արտադրանք է արտադրել ու վաճառել, նախագծով առաջարկվում է վարկի մարման համար սահմանված առավելագույն 8 տարի ժամկետը երկարաձգել 6 ամսով և սահմանված 12 ամիս արտոնյալ ժամկետից բացի, տրամադրել լրացուցիչ 6 ամիս վարկի մայր գումարի և տոկոսադրույքի արտոնյալ ժամկետի համար»,-ասաց Պապոյանը։  

Նա պարզաբանեց, որ խոսքն այն ջերմատների մասին է, որոնց համար արտոնյալ ժամկետն, ըստ էության, ավարտվել է։

«Մենք առաջարկում ենք, որ այդ ջերմատնային տնտեսությունները հաջորդ 6 ամսվա համար մայր գումար և տոկոսադրույք չեն վճարի, և այդ վճարման բեռը տեղափոխվի հաջորդ ժամանակահատված։ Կառավարությունն էլ բանկերի առաջ իր պարտավորությունները կշարունակի կատարել»,-մանրամասնեց Էկոնոմիկայի նախարարը։

Նախարարը հստակեցրեց, որ այս արտոնություններից օգտվելու համար շահառուն կարող է դիմել մինչև այս տարվա սեպտեմբերի 1-ը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադարձ կատարելով քննարկվող նախագծին, նկատեց, որ մոնիթորինգը ցույց է տալիս՝ Հայաստանի տնտեսությունն ադապտացիայի բավականին լավ տեմպեր է գրանցում։

«Մենք ուզում ենք նմանատիպ ծրագրերով այդ ադապտացիան քաջալերել, և այս մոնիթորինգը շարունակվում է»,-ասաց Փաշինյանը՝ տնտեսվարողներին հորդորելով օգտվել նոր շուկաների բացման հնարավորություններից։

Վարչապետը հերթական անգամ տնտեսվարողներին կոչ արեց քայլեր ձեռնարկել արտադրանքի որակը ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ՝ հավելելով, որ այն ապրանքները, որոնք համապատասխանում են ստանդարտներին, միանշանակ ստանալու են պետության աջակցությունը։

Գևորգ Պապոյանն էլ հայտնեց, որ, օրինակ, ՀՀ-ից հունիսի 1-ից 17-ը ծաղիկներ են արտահանվել Վրաստան, Ուզբեկստան, ԱՄԷ, Իրան, Ուկրաինա, Բուլղարիա, Կիպրոս, Լատվիա, Ռումինիա, Չեխիա, Ավստրիա, Նիդեռլանդներ, Ֆրանսիա, Բելառուս, Ղազախստան։   

Ռուսաստանը Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ընդառաջ արգելքներ և սահմանափակումներ էր կիրառել հայկական բազմաթիվ ապրանքների ներմուծման նկատմամբ, որոնք շարունակվում են մինչ օրս։ 

Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ ներմուծման այս արգելքների ֆոնին Հայաստանը դիվերսիֆիկացնում է արտահանման շուկաները դեպի Եվրոպական միության և այլ շուկաներ։ Հայաստանի կառավարությունն էլ այս ընթացքում տնտեսվարողներին աջակցելու մի շարք ծրագրեր է ընդունել։

Հայերեն العربية English Français Русский

Հայաստանում ֆրանսիական համալսարանի Միսաք Մանուշյանի անունը կրող հոսքի շրջանավարտները ստացել են դիպլոմները

Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա

Աբովյանում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը

Վերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը

Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել են մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ Տավուշի քրեական ոստիկանների բացահայտումը

Գևորգ Պապոյանն այցելել է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արտաշատի մթերման կետ

Թրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվի

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Մաշտոցի անվան Մատենադարանի և Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև հուշագիր է ստորագրվել