Հայաստան

Ընտրակաշառք բաժանողների դեմ պայքարը պետք է շարունակել բոլոր հնարավոր միջոցներով. վարչապետ

2 րոպեի ընթերցում

Ընտրակաշառք բաժանողների դեմ պայքարը պետք է շարունակել բոլոր հնարավոր միջոցներով. վարչապետ

Ընտրակաշառք բաժանողների դեմ պայքարը պետք է շարունակվի, իսկ նրանց քաղաքական կյանքից հեռացնելը դառնում է օրակարգի առաջնահերթություն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի գնահատմամբ՝ խորհրդարանական ընտրությունների ընթացքում լայնածավալ ընտրակաշառք է բաժանվել, սակայն ժողովուրդը կարողացել է հաղթել այդ երևույթին։

«Ակնհայտ է, որ լայնածավալ ընտրակաշառք է բաժանվել, և ակնհայտ է, որ մեր պետությունն այսքան կարողացել է պայքարել ընտրակաշառքի դեմ։ Առաջին անգամ է, որ այս ծավալի ընտրակաշառքին ժողովուրդը հաղթել է»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ սա մի կողմից ցույց է տալիս պետության ինստիտուցիոնալ հասունությունը, մյուս կողմից՝ վկայում, որ այդ ուղղությամբ աշխատանքը պետք է շարունակել։

Վարչապետը շեշտեց, որ ընտրակաշառք բաժանողներին Հայաստանի քաղաքական կյանքից հեռացնելու հարցը դառնում է առաջնահերթ։

«Ընտրակաշառք բաժանողներին Հայաստանի քաղաքական կյանքից արմատախիլ անելը այդ փաստի բերումով դառնում է օրակարգի առաջնահերթություն։ Նրանց պետք է արմատախիլ անել բոլոր հնարավոր միջոցներով, և մենք գնալու ենք այդ ճանապարհով»,- նշեց նա։

Փաշինյանի խոսքով՝ ընտրակաշառքի դեմ պայքարի վերաբերյալ իր խոսույթը նախընտրական շրջանում ստացել է Հայաստանի քաղաքացիների աջակցությունը։

Վարչապետը նաև անդրադարձավ ընտրակաշառքի գործերով դատաիրավական համակարգի աշխատանքին՝ նշելով, որ իր ուսումնասիրած վիճակագրությամբ՝ 2021 թվականից հետո ընտրակաշառքի գործերով որպես մեղադրյալ ներգրավված անձանցից որևէ մեկը ներկայում բանտում չէ։

«Սա այն մեծագույն հարցն է, որի պատասխանը մեր դատաիրավական համակարգը պետք է տա»,- ասաց Փաշինյանը։

 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում