Իրան

G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին

3 րոպեի ընթերցում

G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին

Ֆրանսիայում անցկացվող Մեծ յոթնյակի երկրների գագաթնաժողովի մասնակիցները համատեղ հայտարարությամբ աջակցություն են հայտնել Միացյալ Նահանգների և Իրանի միջև համաձայնագրի մասին հայտարարությանը՝ նշելով, որ այն «պատմական հնարավորություն» է ընձեռում՝ «կանխելու Իրանի կողմից որևէ միջուկային զենքի ձեռքբերումը և դիմակայելու նրա տարածաշրջանային և բալիստիկ գործունեության հետ կապված սպառնալիքներին», տեղեկացնում է «Արմենպրես»-ը։

G7-ի ղեկավարները նաև պատրաստակամություն են հայտնել նպաստել համաձայնագրի իրականացմանը, նաև համաձայնել, որ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի գլխավորած բազմազգ, անկախ և պաշտպանական նախաձեռնությունը կարող է «կարևոր դեր խաղալ Հորմուզի նեղուցում նավագնացության վերսկսման գործում՝ պաշտպանելով առևտրային նավերը, վստահություն ներշնչելով առևտրային նավագնացության օպերատորներին և աջակցելով բոլոր ականների հեռացումը ստուգելու գործողություններին»։

«Մենք վճռականորեն աջակցում ենք նախագահ Թրամփի կողմից ձեռք բերված փոխըմբռնման հուշագրին հաջորդող ամուր և համապարփակ դիվանագիտական ​​համաձայնագրին, որը կարող է խաղաղություն և անվտանգություն բերել տարածաշրջանում բոլորի համար։ Մենք ընդգծում ենք այս նպատակով բանակցությունների անհրաժեշտությունը՝ հասցեագրելու տարածաշրջանում և դրանից դուրս Իրանի ներկայացրած սպառնալիքները և ապահովելու, որ նրանք երբեք միջուկային զենք չստանան։ Մենք համաձայն ենք, որ նման բանակցությունները կշահեն համապատասխան տարածաշրջանային և միջազգային գործընկերների, այդ թվում՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ներդրումներից։ Մենք վերահաստատում ենք, որ Իրանը երբեք միջուկային զենք չի ձեռք բերի», - նշված է հայտարարության մեջ։

Մեծ յոթնյակի ղեկավարները հավելել են, որ աջակցում են Լիբանանի ղեկավարության ջանքերին՝ անհապաղ ամուր հրադադարի միջոցով հասնելու «Հեզբոլլահ»-ի զինաթափմանը և զենքի մենաշնորհի, ինչպես նաև պաշտպանելու Լիբանանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը «համապատասխան միջազգային անվտանգության երաշխիքներով»։

Գազայի հատվածի առնչությամբ ղեկավարները նշել են, որ կարագացնեն մարդասիրական և վերակառուցման ջանքերին, ինչպես նաև համապատասխան քաղաքական և անվտանգության միջոցառումների արագ իրականացմանը։

«Մենք կոչ ենք անում դադարեցնել բռնությունն Արևմտյան ափում», - հավելել են G7-ի ղեկավարները։

Համատեղ հայտարարությամբ նրանք նաև նշել են, որ պարտավորվում են արագացնել էներգամատակարարման ուղիների դիվերսիֆիկացումը՝ «Հորմուզի նեղուցի հետ կապված գլոբալ խոցելիությունը նվազեցնելու և էներգետիկ պաշարները մեծացնելու համար»։ Ղեկավարները նաև ողջունել են Կանադայի կողմից առաջիկա տարիներին համաշխարհային շուկաներին «զգալի լրացուցիչ հզորություններ մատակարարելու ներուժը»։

Հայտարարության մեջ առանձին կետերով անդրադարձ է կատարվել նաև Ուկրաինային և Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանին։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում