Տեսանյութ

Նոր ենթակառուցվածքներ, նոր միջավայր ու ձևավորվող նոր մշակույթ. Դիլիջանում բացվել են PPLS Rooms-ն ու Villa3-ը

6 րոպեի ընթերցում

Երբ ենթակառուցվածքները փոխում են մշակույթ. Դիլիջանում, Գրին Ռոք բազմաֆունկցիոնալ համալիրի զարգացման շրջանակում բացված PPLS Rooms քոլիվինգը և Villa3 Community hub-ը  այսուհետ դիրքավորում  են քաղաքը որպես կյանքի, աշխատանքի և զբոսաշրջության միջազգային նոր ուղղություն` բացելով հնարավորություններ թե՛ տեղացիների, թե՛ զբոսաշրջիկների համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Green Rock Operations-ի oպերացիոն մենեջեր Ֆլորա Ամիրխանյանն ընդգծեց՝ Villa3-ը հաբ է, որտեղ մարդիկ կարող են գալ, աշխատել, շփվել, նոր գաղափարներ գեներացնել, ծանոթանալ միմյանց հետ։

«Մեկ վայրում ունենք նաև PPLS Rooms-ը, որը տարածք է, որտեղ մարդիկ կարող են ապրել. այս երկու նախագծերը սերտորեն փոխկապակցված են, որովհետև մարդիկ կարող են մեկ վայրում աշխատել և նոր մտքեր գեներացնել, փոխել քաղաքը, իսկ մյուս վայրում՝ բնակվել։ Նշեմ, որ երկու նախագծերն էլ նորություն են, որովհետև թե՛ գնային քաղաքականությամբ, թե՛ ձևաչափով միակն են Դիլիջանում»,- ասաց Ֆլորա Ամիրխանյանը:

Նոր ձևաչափով PPLS Rooms քոլիվինգը ստեղծվել է Դիլիջանում ժամանակակից և հասանելի բնակության նկատմամբ աճող պահանջարկին արձագանքելու նպատակով: Քոլիվինգն ունի 60 սենյակ և միաժամանակ կարող է հյուրընկալել մինչև 120 մարդու։ Տարածքում համադրված են բնակության մի քանի ձևաչափեր. ստորին հարկերում գործում է համատեղ կեցության (shared living) մոդելը՝ ընդհանուր խոհանոցներով և հանրային գոտիներով, իսկ վերին հարկերում առաջարկվում են ավելի մասնավոր բնակության տարբերակներ։

Green Rock-ի գործադիր տնօրեն Կատերինա Դանեկինան էլ նշեց, որ սրանք երկու առանձին նախագծեր են, սակայն դրանք կազմում են այն բազմաֆունկցիոնալ համալիրի մի մասը, որը Գրին Ռոքը փուլային եղանակով իրականացնում է Դիլիջանում։   

«Գրին Ռոքը ձևավորում է ոչ միայն առանձին նախագծեր, այլև էկոհամակարգ, որի բաղադրիչները լրացնում են միմյանց։ Մենք աշխատում ենք, որպեսզի քաղաքով հետաքրքրվեն բարձր որակավորում ունեցող մասնագետներ, փորձագետներ և զբոսաշրջիկներ, և այդ ամենի համար մեզ միանշանակ անհրաժեշտ է զարգացնել ենթակառուցվածքները։

PPLS Rooms-ը օգնում է գրավել մարդկանց և ապահովել, որ այստեղ լինի հարմարավետ ու հետաքրքիր միջավայր ապրելու համար, իսկ Villa3-ը ժամանակակից հաբ է, որտեղ կձևավորվի ապագայի տեսլականը»,- ասաց Green Rock-ի գլխավոր տնօրենը։

Villa3-ում նախատեսված են աշխատանքային ու հանգստի գոտիներ, հանդիպումների սենյակներ, գրադարան, դասախոսությունների և միջոցառումների տարածք, բացօթյա հատված։ Villa3-ի ինտերիերի դիզայնը մշակվել է միջազգային IND ճարտարապետական բյուրոյի հետ համագործակցությամբ։ Տարածքի առանցքային տարրերից է կենտրոնական բուխարին, որը պատրաստված է վերամշակված պլաստիկից՝ 3D տպագրության տեխնոլոգիայի կիրառմամբ։

IND բյուրոյի ինտերիերի բաժնի ղեկավար Յուլիա Պարֆյոնովան էլ ընդգծեց Villa3 Community Hub նախագծի համար իրենց հիմնական խնդիրը եղել է համադրել տեղական համատեքստը ժամանակակից վիզուալի լեզվով:

 «Մեզ համար սա իսկապես հետաքրքիր նախագիծ էր, քանի որ փորձ է արվում գաղափարը համատեղել ազգային ժառանգության հետ, և միևնույն ժամանակ ներառել արդիական տարրեր, որոնք բավականին տարածված են նմանատիպ տարածքներում։ Մենք փորձում էինք ժամանակակից տարածքի այս զգացողությունը փոխանցել կապույտ դիզայնով և ժամանակակից կահույքի միջոցով, և հատկապես հավանել ենք բուխարին։ Մենք իսկապես հույս ունենք, որ այս վայրը կդառնա ամբողջ տարածքի զարգացման մեկնարկային կետը»,- ասաց նա:

Նախագծի գաղափարախոսությունը հիմնված է «երրորդ վայրի» (third place) հայեցակարգի վրա՝ որպես տան և աշխատանքի միջև գտնվող տարածք, որտեղ ձևավորվում են համայնքներ և առաջանում համագործակցության նոր ձևեր։

Միջազգային EDGE ստանդարտի գնահատման արդյունքների համաձայն՝ նախագիծը հնարավորություն է տալիս 35%-ով նվազեցնել էներգիայի, 30%-ով՝ ջրի սպառումը, ինչպես նաև 39%-ով կրճատել շինանյութերի ածխածնային հետքը։

«Կարծում եմ՝ Դիլիջանն այսօր դարձել է ոչ միայն զբոսաշրջային, այլև իսկապես բազմաֆունկցիոնալ վայր, որտեղ հանդիպում են թե՛ զբոսաշրջիկները, թե՛ գործարարները, թե՛ պետական խոշոր կառույցները, ինչպիսին է Կենտրոնական բանկը։ Villa3-ը հանրային տարածք է, որը կարող է փոխել Դիլիջանի տրամադրությունն ու բնավորությունը։ Մասնավորապես, գիտենք, որ, ինչպես հայերենում ասում են, թվային թափառաշրջիկները մեծապես գնահատում և սիրում են Դիլիջանը, գալիս են այստեղ ապրելու և աշխատելու։ Այսպիսի վայրերը նրանց ոգևորում են և նպաստում, որ, որոշում կայացնելիս, թե ուր գնան հեռավար աշխատանքի համար, ընտրեն հենց Հայաստանը և Դիլիջանը»,-ասաց ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը՝ նշելով, որ սա նաև պետություն-մասնավոր համագործակցության լավագույն օրինակ է:

Նոր տարածքները ստեղծում են անհրաժեշտ ենթակառուցվածքներ քաղաքում տարբեր ձևաչափերի այցերի և բնակության համար՝ կարճաժամկետ այցերից և ուսուցումից մինչև երկարաժամկետ բնակություն, հեռավար աշխատանք և նոր նախաձեռնությունների իրականացում։

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում