Հայաստան

Հայաստանից 30 կազմակերպություն Փարիզում մասնակցում է պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին

3 րոպեի ընթերցում

Հայաստանից 30 կազմակերպություն Փարիզում մասնակցում է պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին

Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով նախարար Կատրին Վոտրենի հրավերով Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը գտնվում է Փարիզում՝ մասնակցելու հունիսի 15-ին մեկնարկած պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին՝ Eurosatory 2026-ին:

«ՀՀ ԲՏԱ նախարարության աջակցությամբ՝ հայկական ռազմարդյունաբերական ոլորտի 30 կազմակերպություն (18-ը՝ որպես ցուցադրող, 12-ը՝ որպես այցելու) Eurosatory 2026-ին մասնակցում է մեկ միասնական տաղավարով՝ միջազգային հարթակում ներկայացնելով հայկական արտադրական և գիտահետազոտական ներուժը։

Հայ-ֆրանսիական տեխնոլոգիական գործընկերությունը նոր թափ է ստացել այս տարվա մայիսի 5-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցից հետո։ Հայաստանի Հանրապետության ԲՏԱ նախարարության և Ֆրանսիայի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև ստորագրված հուշագիրը նոր հնարավորություններ է բացել երկու երկրների համար, և այս այցը հիշյալ պայմանավորվածությունների գործնական մեկնարկն է»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Մխիթար Հայրապետյանը։

Գրառման մեջ ընդգծվում է, որ 1967 թվականից անցկացվող միջոցառումն այս տարի մեկտեղել է ավելի քան 2300 ընկերություն աշխարհի 66 երկրից, 42 ազգային ներկայացուցչական տաղավարով: Միջոցառման շրջանակում նախատեսվում է ավելի քան 120 պանելային քննարկում և ցուցադրություն։ Օրակարգի առանցքում են ռազմարդյունաբերության, անօդաչու համակարգերի, հետախուզական տեխնոլոգիաների և արդիական սպառազինության, կիբեռանվտանգության, արհեստական բանականության ոլորտներում համագործակցության հեռանկարները, ինչպես նաև ոլորտի զարգացման միտումներն ու մարտահրավերների հաղթահարման նորարարական լուծումները։

«Նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը ՀՀ կառավարության օրակարգային առաջնահերթություններից է։ Eurosatory 2026 հեղինակավոր միջոցառումը մեր երկրի համար աննախադեպ հնարավորություն է՝ ռազմարդյունաբերության ոլորտում միջազգային կապերի հաստատման, արտադրական ու գիտահետազոտական կարողությունների ընդլայնման, ինչպես նաև արտաքին շուկաների ուսումնասիրության համար»,– գրառումը եզրափակել է նախարարը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում