Իրավունք

Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի՝ 225,1 հա մակերեսով հողամասը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը

2 րոպեի ընթերցում

Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի՝ 225,1 հա մակերեսով հողամասը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ներկայացված հայցը Վարչական դատարանի կողմից բավարարվել է. անվավեր է ճանաչվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում գտնվող ճոպանուղու տարածքի՝ 225,1 հա մակերեսով, 36 միլիարդ 413 միլիոն 526 հազար դրամ արժեքով պետական սեփականություն հանդիսացող հողամասի նկատմամբ «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միության սեփականության իրավունքի պետական գրանցումը։

«2005 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն, Կոտայքի մարզպետի 2005 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 253 որոշման և համապատասխան պայմանագրի հիման վրա, «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միության սեփականության իրավունքն էր գրանցել Ծաղկաձոր քաղաքում գտնվող ճոպանուղու տարածքի՝ 225,1 հա մակերեսով պետական սեփականություն հանդիսացող հողամասի նկատմամբ` հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի 23-րդ հոդվածը:

Դատարանն արձանագրել է, որ խնդրո առարկա հողամասը «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միությանը տրամադրվել է «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-199-Ն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, ուստի նշված օրենքի 23-րդ հոդվածի ուժով չէր կարող համարվել, որ այդ հողամասի նկատմամբ առաջացել է նշված կազմակերպության սեփականության իրավունքը»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Դատախազության տարածած հաղորդագրության մեջ։

Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Ծաղկաձորում գտնվող՝ 225,1 հա մակերեսով հողամասի նկատմամբ կգրանցվի Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը։

Դատական ակտի դեմ պատասխանողի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում