6 րոպեի ընթերցում
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզաբանում է տարածել, թե ինչու է որոշել վերաքվեարկություն չնշանակել երեք ընտրատեղամասերում, որտեղ քվեարկության արդյունքներն անվավեր էր ճանաչել։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԸՀ-ն այդ մասին հայտարարություն է տարածել։
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որևէ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո չպետք է ավտոմատ կերպով նշանակի վերաքվեարկություն։ ԿԸՀ-ն այդ որոշումը կայացնելիս պետք է հաշվի առնի ընտրողների իրական կամքի պաշտպանությունը և ընտրությունների արդյունքի օրինականության ապահովումը։ Այդ պատճառով ԿԸՀ-ն պետք է ընտրի այն միջոցը, որը տվյալ պայմաններում անհրաժեշտ է, համաչափ է և չի առաջացնում ավելի մեծ աղավաղում, քան այն խախտումը, որի հետևանքը պետք է վերացվի։
Մասնակի վերաքվեարկության դեպքում առաջանում է հետևյալ խնդիրը։ Հիմնական քվեարկությանը մասնակցած ընտրողները քվեարկել են այն պահին, երբ ընդհանուր արդյունքը հայտնի չէր։ Նրանք չգիտեին՝ ով է առաջատար, քանի ձայնի տարբերություն կա, որ ուժը կհաղթահարի շեմը կամ իրենց քվեն ինչ ազդեցություն կունենա վերջնական արդյունքի վրա։
Մինչդեռ վերաքվեարկության մասնակից ընտրողները քվեարկելու են արդեն այլ իրավիճակում․ նրանց համար կարող է հայտնի լինել ընդհանուր պատկերը (տվյալ դեպքում ընտրությունների մասնակիցների 99,8 տոկոս)։
Այս պայմաններում ընտրողի կամքը կարող է ձևավորվել ոչ թե իր սկզբնական քաղաքական նախապատվությամբ, ազատ կամարտահայտությամբ, այլ արդեն հայտնի արդյունքը խմբագրելու հաշվարկով։ Այս ռիսկը սովորաբար բնութագրվում է որպես տակտիկական քվեարկություն (tactical voting)։
Վենետիկի հանձնաժողովը ևս ընդունել է, որ մասնակի վերաքվեարկությունը միշտ չէ, որ պատշաճ միջոց է։ 2025 թվականի հրատապ զեկույցում նշվում է, որ եթե խախտումները վերաբերում են միայն որոշ տեղամասերի, ապա արձագանքը սկզբունքորեն կարող է սահմանափակվել այդ տեղամասերով։ Սակայն նույն մոտեցումը ունի կարևոր բացառություն․ մասնակի վերաքվեարկությունը չի կարող պատշաճ միջոց լինել, եթե այդ տեղամասերում նոր քվեարկությունը, տակտիկական քվեարկության (tactical voting) հնարավորության պատճառով, չի երաշխավորի արդար ընտրական արդյունք։
Հավասար ընտրական իրավունքի տեսանկյունից ևս խնդիրը ակնհայտ է։ Վերաքվեարկությունը կարող է խախտել ընտրողների հավասարությունը, քանի որ ընտրողների մեկ խումբը հայտնվում է մյուսներից էապես տարբեր ելակետային պայմաններում։
Այս հարցում կարևոր է նաև ՀՀ սահմանադրական դատարանի մոտեցումը, ըստ որի՝ ընտրական խախտումների հետևանքները գնահատելիս պետք է պաշտպանել նաև այն ընտրողների իրավունքները, որոնք իրենց ընտրությունը կատարել են օրինական ճանապարհով։ Եթե հիմնական քվեարկությանը մասնակցած ընտրողների կամքն արդեն օրինական ձևով արտահայտվել է, ապա հետագա վերաքվեարկությունը չպետք է երկրորդային և հաշվարկված ազդեցություն ունենա այդ կամքի վրա։
Հետևաբար, ԿԸՀ-ն վերաքվեարկություն նշանակելու հարցում պետք է հաշվի առնի նաև, թե արդյոք վերաքվեարկության ժամանակ ապահովվելո՞ւ է նույն ազատ և հավասար միջավայրը, ինչ հիմնական քվեարկության օրը։ Արդյո՞ք հայտնի արդյունքը չի ստեղծում տակտիկական քվեարկության ռիսկ։ Արդյո՞ք չեն խաթարվի արդեն օրինական քվեարկած ընտրողների իրավունքները։ Արդյո՞ք ապօրինի կամ կոռուպցիոն ազդեցության աղբյուրները չեզոքացված են։
Եթե այս հարցերի պատասխանը ցույց է տալիս, որ վերաքվեարկությունը չի ապահովելու ազատ, հավասար և արդար արդյունք, ապա այն չպետք է նշանակվի։ Վերաքվեարկություն չնշանակելը նման դեպքում չի նշանակում խախտումը անտեսել։ Դա նշանակում է չընտրել այնպիսի միջոց, որը կարող է ավելի խորացնել ընտրողների կամքի աղավաղումը։
ԿԸՀ-ն պետք է առաջնորդվի ոչ թե մեխանիկական վերաքվեարկության տրամաբանությամբ, այլ Սահմանադրությամբ երաշխավորված ազատ և հավասար ընտրության, համաչափության և ընտրողների իրական կամքի պաշտպանության սկզբունքներով` որպես Սահմանադրությամբ ընտրությունների օրինականությունը վերահսկող անկախ մարմին»,- ասված է հայտարարության մեջ:
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 11-ին անվավեր էր ճանաչել հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքները 35/65 և 10/51 տեղամասերում։ Նման որոշման համար հիմք էր ծառայել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների գրառումները գրանցամատյաններում առ այն, որ այդ տեղամասերում չնախատեսված ժամին կազմակերպվել էր զինծառայողների քվեարկություն։ Այս տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում էր ներկայացրել «Անկախ դիտորդ» դիտորդական կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։
Հունիսի 12-ին էլ ԿԸՀ-ն անվավեր էր ճանաչել 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքները։ Այս որոշման համար հիմք էր ծառայել այն հանգամանքը, որ ընտրատեղամասում չէր եղել «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցության քվեաթերթիկը։