Լեհաստանի սպառազինությունը համալրվել է F-35 կործանիչներով
2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ից գնված առաջին երեք F-35 Lightning II կործանիչները համալրել են Լեհաստանի ռազմաօդային ուժերի սպառազինությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Լեհաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Լեհաստանի զինված ուժերի կողմից F-35 Husarz ինքնաթիռներն ընդունելու պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Լասկում (խմբ.՝ քաղաք կենտրոնական Լեհաստանում) գտնվող 32-րդ մարտավարական ավիաբազայում։ Միջոցառմանը մասնակցել են Լեհաստանի Հանրապետության նախագահը և կառավարության ներկայացուցիչներ, այդ թվում՝ փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ Կամիշը, ինչպես նաև խորհրդարանի անդամներ ու Լեհաստանի բանակի հրամանատարական կազմը», - ասվում է հաղորդագրության մեջ։
«Ձեռք բերելով F-35-ը՝ Լեհաստանը մտել է այսպիսի ինքնաթիռներ ունեցող 20 երկրներից բաղկացած էլիտար խմբի մեջ՝ դառնալով ՆԱՏՕ-ի արևելյան թևում առաջին երկիրը, որն ստացել է դրանք», - ընդգծել են գերատեսչությունում։
Մայիսի 22-ին F-35 երեք կործանիչները վայրէջք կատարեցին Լեհաստանի ռազմաօդային ուժերի 32-րդ մարտավարական ավիաբազայում։ F-35-երը Լեհաստան կմատակարարվեն 2026-ից մինչև 2030 թվականները։ Ընդհանուր առմամբ, Լեհաստանի ռազմաօդային ուժերին կմատակարարվի Lockheed Martin կորպորացիայի կողմից արտադրված հինգերորդ սերնդի F-35 32 ինքնաթիռ (երկու էսկադրիլիա): Դրանց գնման արժեքը կազմում է 4,6 միլիարդ դոլար:
Կործանիչները, մասնավորապես, զինված են AIM-120D-3 վերջին տարբերակի «օդ-օդ» դասի AGM-88G AARGM-ER և AMRAAM հակառադիոտեղորոշիչ հրթիռներով՝ մինչև 180 կմ հեռահարությամբ, և խոչընդոտների նկատմամբ կայուն ուղղորդման համակարգով։