ԿԸՀ նախագահը վստահեցնում է՝ ընտրությունների արդյունքների վրա ազդող խախտումներ չեն եղել

3 րոպեի ընթերցում

ԿԸՀ նախագահը վստահեցնում է՝ ընտրությունների արդյունքների վրա ազդող խախտումներ չեն եղել

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը վստահեցնում է՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների քվեարկության ընթացքում չեն եղել այնպիսի խախտումներ, որոնք կարող են ազդել արդյունքների վրա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Վահագն Հովակիմյանն ասել է լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

Հովակիմյանը նաև հայտարարել է, որ ինքը կողմ է բոլոր ընտրատեղամասերում ձայների վերահաշվարկ իրականացնելուն։

«Մենք հիմա գտնվում ենք այնպիսի գծի վրա, որտեղ մեկ քաղաքական ուժի անցողիկ շեմն, ըստ էության, մի քանի ձայնով կարող է որոշվել։ Այդ իսկ պատճառով մեզ հարկավոր է ունենալ գերճշգրիտ պատկեր»,-նշել է Վահագն Հովակիմյանը։

ԿԸՀ-ն արդեն ամփոփել է Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները՝ 2005 ընտրատեղամասերում։ Քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 477 հազար  736 ընտրող կամ իրավունք ունեցողների 58,94 տոկոսը։

ԿԸՀ արձանագրության համաձայն՝ առաջատար 4 քաղաքական ուժերին կողմ քվեարկություններն ունեն հետևյալ տեսքը․

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 727 հազար 160 կամ 49,825 տոկոս

«Ուժեղ Հայաստան» դաշինք – 340 հազար 88 կամ 23,281 տոկոս

«Հայաստան» դաշինք –145 հազար 113 կամ 9,934 տոկոս։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – 58 հազար 378 կամ 3,996 տոկոս։

Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում քվեարկության արդյունքների հրապարակման օնլայն համակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հավաքած ձայները 4 տոկոս էին, ինչն անցողիկ շեմ է, սակայն ավելի ուշ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի  ներկայացրած տվյալներից պարզ է դառնում, որ ԲՀԿ-ի ձայները 4 տոկոսի չեն հասնում, հետևաբար, այս պահի դրությամբ այն չի հաղթահարում անցողիկ շեմը։ Այս պահին առկա տվյալներով՝ խորհրդարան է անցնում երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հայաստան» դաշինքը և «Ուժեղ Հայաստան» դաշինքը։

ԿԸՀ նախագահը պարզաբանել է ԲՀԿ-ի ստացած ձայների հետ կապված անճշտությունը։

Հովակիմյանը պարզաբանել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված տվյալներում ներառված չեն էլեկտրոնային քվեարկության արդյունքները, ավելին՝ տոկոսային հաշվարկը, որ կայքի համակարգն անում է,  հարյուրերորդականով հաշվարկված կլորացվում է։

«Այս դեպքում մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, որ մեկ ձայնը կարող է որոշիչ լինել անցողիկ շեմին շատ մոտ քաղաքական ուժի համար։ Բոլորի ուշադրությունն եմ հրավիրում, որ սրանք նախնական արդյունքներ են, մենք ունենք ճշգրտման վերահաշվարկի փուլ, այսինքն՝ մենք բոլոր ջանքերը պետք է կիրառենք, որ մեկ ձայնի ճշգրտությամբ թվերն ունենանք, և այն արդյունքը, որ կունենանք, պետք է իդեալական արտացոլի Հայաստանի Հանրապետության ընտրողների կամքը»,- նշել է նա։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում