Հայաստանի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են
1 րոպեի ընթերցում

Սեպտեմբերի 27-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում Լոռու մարզի Թումանյան համայնքում՝ համամասնական ընտրակարգով, իսկ Լոռու մարզի Լերմոնտովո, Արմավիրի մարզի Ֆերիկ և Կոտայքի մարզի Արզնի համայնքներում՝ մեծամասնական ընտրակարգով։
Առավոտյան ժամը 8:00-ին սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 14 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին։ Ընտրական տեղամասերում ընտրողների գրանցման նպատակով գործածվելու են 19 տեխնիկական սարքավորումներ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, ընտրությունների ընթացքին հետևելու նպատակով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավատարմագրել է 3 դիտորդական առաքելություն՝ «Ականատես» համատեղ դիտորդական առաքելություն, «Ազատ քվե» և Անկախ դիտորդ հասարակական դաշինք։ Ընտրությունները լուսաբանելու նպատակով հավատարմագրվել է 11 զանգվածային լրատվության միջոց։
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը՝ ըստ համայնքների, այսօր՝ ժամը 12:00-ից սկսած, երեքժամյա պարբերականությամբ կհրապարակվի ԿԸՀ համացանցային կայքում։