Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Բրիտանիայի, Ֆրանսիայի, Կատարի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ
2 րոպեի ընթերցում

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Մեծ Բրիտանիայի, Կատարի, Թուրքիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների, ինչպես նաև Պակիստանի բանակի հրամանատարի հետ հեռախոսազրույցների ընթացքում քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրադրությունը՝ Իսրայելի կողմից Լիբանանի վրա իրականացված հարձակումներից հետո։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին սոցցանցում հայտնել է հենց Իրանի ԱԳ նախարարը։
«Աբբաս Արաղչին առանձին հեռախոսազրույցներում քննարկել է տարածաշրջանային վերջին իրադարձությունները Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Իվետ Քուփերի և Հաքան Ֆիդանի, ինչպես նաև Պակիստանի բանակի հրամանատար Ասիմ Մունիրի հետ՝ Լիբանանում սիոնիստական վարչակարգի (խմբ․՝ իսրայելական) կողմից հրադադարի բազմակի խախտումներին Իրանի արձագանքից հետո», - ասված է Արաղչիի Telegram-ում հրապարակված հայտարարության մեջ։
Բացի այդ, Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի և Կատարի արտաքին գործերի նախարար շեյխ Մոհամմեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանիի հետ՝ «լիբանանյան ճակատում սիոնիստական վարչակարգի կողմից հրադադարի բազմակի խախտումներին Իրանի Իսլամական Հանրապետության արձագանքի և տարածաշրջանային վերջին իրադարձությունների վերաբերյալ»: