Հայաստանի ագրարային համալսարանում բացվել է ռոբոտաշինության և մեխատրոնիկայի «Ագրոբոտ» գերազանցության կենտրոնը

6 րոպեի ընթերցում

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում տեղի է ունեցել Գյուղատնտեսական ռոբոտաշինության և մեխատրոնիկայի ագրարային ճարտարագիտության գերազանցության «Ագրոբոտ» կենտրոնի բացումը։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, «Կրթական ծրագրերի կենտրոնի» (ԾԻԳ)  տնօրեն Գրիշա Հովհաննիսյանը, պաշտոնատար այլ անձինք, կենտրոնի ստեղծմանն աջակցած միջազգային կառույցների ներկայացուցիչներ և ոլորտի մասնագետներ։

«Ագրոբոտ» գերազանցության կենտրոնը ստեղծվել է Զարգացման և վերակառուցման միջազգային բանկի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում՝ Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ)  կողմից։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, «Գյուղատնտեսական ռոբոտաշինության և մեխատրոնիկայի ագրարային ճարտարագիտության գերազանցության կենտրոնի ստեղծում» ծրագրի բյուջեն կազմել է ավելի քան 118 մլն դրամ:

Ժամանակակից պահանջներին համապատասխանող կենտրոնը կծառայի գյուղատնտեսական ռոբոտաշինության և մեխատրոնիկայի կրթական ծրագրերի և գիտական հետազոտությունների զարգացմանը՝ նպաստելով մրցունակ մասնագետների պատրաստմանը և բուհ-աշխատաշուկա կապի ամրապնդմանը։

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է գյուղատնտեսության զարգացմանը համահունչ կրթական միջավայրի ձևավորումը․

«Ժամանակակից գյուղատնտեսությունը, նախ և առաջ, տեխնոլոգիապես հագեցած տնտեսական գործունեություն է։ Սա նշանակում է, որ մենք պետք է էապես վերանայենք նաև այդ ոլորտում կրթության կազմակերպման ձևերն ու միջավայրը։ Կարևոր է նաև, որ միջավայրի հագեցվածությանը զուգահեռ վերափոխվեն կրթական ծրագրերը՝  նպաստելով բուհի զարգացմանը»:

ԿԳՄՍ նախարարը հիշեցրել է, որ ակադեմիական քաղաքի շրջանակում տեխնոլոգիական կլաստերում առանձնահատուկ ներկայացվածություն պետք է ունենա նաև ագրարային ոլորտը․ «Այսօր ստեղծված լաբորատոր ենթակառուցվածքները ցույց են տալիս, որ մենք շարժվում ենք տեխնոլոգիական զարգացման ուղղությամբ։ Կարծում եմ, որ  նման ծրագրերի խթանմամբ միայն հնարավոր կլինի ապահովել բարձրորակ և միջազգային չափանիշներին համապատասխանող մրցունակ կրթություն»։

Ժաննա Անդրեասյանը համոզմունք է հայտնել, որ նախաձեռնությունը նոր հնարավորություններ է բացելու ոչ միայն ապագա շրջանավարտների, այլև երկրի զարգացման համար, քանի որ այստեղ կրթված յուրաքանչյուր մասնագետ հետագայում իր ներդրումն է ունենալու ոլորտի արդիականացման և զարգացման գործում։

Նախարարը շնորհակալություն է հայտնել ծրագրի իրականացմանը մասնակցած բոլոր գործընկերներին՝ ընդգծելով, որ այն համատեղ և համակարգված աշխատանքի արդյունք է։

«Նորարարությունների մրցակցային հիմնադրամի աջակցությամբ մեր տարբեր բուհերում ստեղծվել են կարևոր ենթակառուցվածքներ, և սա, իհարկե, նաև հավելյալ պատասխանատվություն է, որովհետև ձևավորված հնարավորությունները պետք է օգտագործվեն ամբողջ ներուժով»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նա անդրադարձել է գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների հետ համագործակցությանը՝ կարևորելով նորաբաց կենտրոնում մասնագետների  համար վերապատրաստման դասընթացների և ծրագրերի կազմակերպումը:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Հրաչյա Զաքոյանի խոսքով՝ վերջին 7-8 տարիների ընթացքում համալսարանում ստեղծված նոր ենթակառուցվածքների թիվը հասել է շուրջ 60-ի:

«Գյուղատնտեսության ոլորտում արտադրողականության բարձրացումը առաջնահերթ խնդիր է։ Ժամանակակից և թվային տեխնոլոգիաների ներդրումը, դրանց կիրառումը գյուղատնտեսական գործընթացներում և բարձր արտադրողականությամբ գյուղատնտեսության ապահովումը հրատապ լուծում պահանջող հարցեր են»,- ասել է Հրաչյա Զաքոյանը՝  կարևորելով «Ագրոբոտ» համալիրի ստեղծումը, որը հնարավորություն է տալիս գյուղատնտեսության ոլորտում կիրառելու ժամանակակից տեխնոլոգիաներ, ռոբոտատեխնիկա և թվային լուծումներ։

ՀԱԱՀ-ում 2025 թվականի սեպտեմբերից ներդրվել է «Ագրոմեխատրոնիկա և ճշգրիտ ռոբոտատեխնիկա» մասնագիտական կրթական ծրագիրը: Այս մասնագիտությամբ սովորող  ուսանողները ներկայացրել են մեկ տարվա ընթացքում կուտակած փորձն ու ձեռքբերումները:

Միջոցառման ընթացքում հյուրերը շրջել են «Ագրոբոտ» գերազանցության կենտրոնում հիմնված ժամանակակից AgrobotLAB և ITLab լաբորատորիաներում, ծանոթացել ժամանակակից ռոբոտներով և լաբորատոր սարքավորումներով հագեցած աշխատանքային և ուսումնահետազոտական լսարաններին:

Ծրագրի շահառուներն են ՀԱԱՀ ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի և բուհի քոլեջի համապատասխան մասնագիտությունների ուսանողները, դասախոսները, ասպիրանտները, հետազոտողները, ֆերմերները, գյուղատնտեսության մեքենայացման մասնագետները, ոլորտի հետազոտողները, «Արմաթ» ճարտարագիտական լաբորատորիաները և այլոք։

Հայերեն

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

Մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հայաստանի թենիսի կանանց ընտրանին կմասնակցի Սան Մարինոյի միջազգային մրցաշարին

Ղազախստանի դեմ խաղում մեզ համար արդյունքն առաջնահերթ չէ. Եղիշե Մելիքյան