Միացյալ Նահանգներ

AUKUS-ի երկրները մշակում են առանց անձնակազմի աշխատող ռազմական ստորջրյա սարքեր

2 րոպեի ընթերցում

AUKUS-ի երկրները մշակում են առանց անձնակազմի աշխատող ռազմական ստորջրյա սարքեր

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ավստրալիան AUKUS ռազմական միավորման պաշտպանական գործընկերության շրջանակում մարտական ​​ստորջրյա անանձնակազմ սարքեր են մշակում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մայիսի 30-ին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։

«Նշանակալի այս նախագիծը կապահովի հեշտ հարմարվող, բազմաբնույթ առաքելություններին պատրաստ անանձնակազմ ստորջրյա սարքեր, որոնք նախատեսված են ջրի տակ իրականացվող գործողություններին աջակցելու և ծովում մեր համատեղ առավելությունների պահպանման համար»,- բրիտանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նշել է Հեգսեթը։

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին էլ հայտնել է, որ այս դաշինքի երկրները նման սարքերի համար ստեղծում են հետևելու ժամանակակից համակարգեր և սպառազինություն։ Նրա խոսքով՝ մշակվող սարքերը Լոնդոնին, Վաշինգտոնին և Կանբերային կօգնեն ավելի արդյունավետ արձագանքել տարբեր սպառնալիքներին, այդ թվում՝ կապի ստորջրյա մալուխներին և խողովակաշարերին։

Առաջին սարքավորումները նախատեսվում է զինվորականներին փոխանցել 2027 թվականին։

Ենթադրվում է, որ այս սարքերը կբարելավեն ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի հետախուզական և հարվածային հնարավորությունները, կնպաստեն թշնամու սուզանավերի և նավերի դեմ պայքարի արդյունավետությանը, կիրականացնեն ականազերծման, ռադիոէլեկտրոնային աշխատանքներ և կգործեն ափամերձ վիճելի ջրերում։

Ստորջրյա անանձնակազմ սարքերի ստեղծման ծրագիրն առնչվում է AUKUS-ի երկրորդ բաղադրիչին (Pillar II)՝ ներառելով ժամանակակից ռազմական տեխնոլոգիաների մշակումներ քվանտային հաշվողական տեխնիկայի, ստորջրյա սարքերի, հիպերձայնային զենքի, արհեստական ​​​​բանականության և կիբերտեխնոլոգիաների ոլորտներում։

AUKUS պաշտպանական գործընկերությունը ստեղծվել է 2021 թվականի սեպտեմբերին՝ Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում անվտանգության և պաշտպանության համագործակցությունն ամրապնդելու նպատակով:

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում