Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել Բելառուսի տարածքում
1 րոպեի ընթերցում

Բելառուսի Գոմելի մարզում տեղի է ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիների 10-ը 10-ի դիմաց փոխանակում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
«Տասը Ուկրաինայի քաղաքացիներ, որոնք գտնվում էին Բելառուսում, բայց, ցավոք, խախտել էին ներգաղթի և այլ օրենքներ, վերադառնում են Ուկրաինա՝ իրենց հայրենիք, իրենց սիրելիների և ընտանիքների մոտ։ Տասը ռուս ռազմագերիներ, իրենց հերթին, Բելառուսի սահմանով կփոխանցվեն Ռուսաստանի Դաշնությանը»,-ասել է Բելառուսի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի անդամ Իրինա Կոստևիչը։
Նշվում է, որ քաղաքացիների փոխանակումն իրականացվել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանձնարարությամբ: