ՀՀ բանակի կերպափոխումն ընթանում է մեծ տեմպերով. Փաշինյան
3 րոպեի ընթերցում

ՀՀ բանակի կերպափոխումն ընթանում է մեծ տեմպերով, ինչի համար մեծ նշանակություն ունի զինծառայողների սոցիալական երաշխիքների համակարգը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 28-ին Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսի ժամանակ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ՀՀ զինված ուժերի կերպափոխման գործընթացի առանձնահատկություններին ու սոցիալական երաշխիքներին, կարևորեց զինծառայողների ատեստավորման գործընթացն ու «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը։
«Այսօր հպարտության առիթ է նաև այն, որ զորահանդեսին մասնակցում են կամավոր ատեստավորմամբ իրենց բարձր մարտունակությունն ապացուցած զինծառայողներ, ինչպես նաև «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցներ, ովքեր ժամկետայինից պրոֆեսիոնալ բանակի անցման կարևոր մասնակիցներն են։ ՀՀ բանակի կերպափոխումն ընթանում է մեծ տեմպերով, ինչի համար մեծ նշանակություն ունի զինծառայողների սոցիալական երաշխիքների համակարգը։ Այսօր Հայաստանում 700 հազար դրամ աշխատավարձ ստացող շարքային կազմի զինծառայողներ կան և կամավոր ատեստավորման շրջափուլերի միջոցով վարձատրությունների ավելացման գործընթացը լինելու է շարունակական»,-ներկայացրեց վարչապետը։
Նրա խոսքով՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի զինծառայողները պայմանագրային հնգամյակն ավարտելուց հետո կստանան լրացուցիչ 5 մլն դրամ պարգևավճար։ Փաշինյանի հավաստմամբ՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտներն էլ, որոնք ուսումնառության ընթացքում այժմ ստանում են մինչև 175 հազար դրամ կրթաթոշակ, ռազմաուսումնական հաստատությունը հաջողությամբ ավարտելուց և սպայական նշանակում ստանալուց հետո Երևանի գներով հաշվարկված բնակարանի գնման հավաստագրեր կստանան կառավարության կողմից։
«Այսպիսով մեր սպայակազմի բնակարանային խնդիրը, որը 2000-ականների սկզբից մեծ հաշվով չլուծված է, կստանա արմատական լուծում։ Կառավարությունը բոլորովին վերջերս որոշում ընդունեց Պաշտպանության նախարարության բնակարանային հերթացուցակում 2000-ականների սկզբից հերթագրված շուրջ 2850 ընտանիքների բնակարանային խնդիրն առաջիկա 4 տարում լուծելու մասին։ Ընթանում է զինծառայության մեջ գտնվող անձանց բնակարան ձեռք բերելու պետական ծրագիրը, որն առաջիկայում կընդլայնվի»,-հավելեց վարչապետը։