Մի՛շտ պատրաստ. ինչ է խորհրդանշում ՀՀ բանակի նոր զինանշանը

5 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն արդիականացրել է բանակի նոր զինանշանն ու նոր տարբերակը ներկայացրել է հանրությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պաշտպանության նախարարի տարածած տեսանյութում նախ անդրադարձ է կատարվում զինանշանի արդիականացման պատճառներին։ Ընդգծվում է, որ 2001 թվականին հաստատված ՀՀ ԶՈՒ արդեն նախկին զինանշանում առկա էին մի շարք զինանշանագիտական, ձևաբանական և գաղափարաբանական թերություններ, ուստի բանակի կերպափոխման համատեքստում նախաձեռնվել է նաև զինանշանի արդիականացման, սրբագրման գործընթացը։

«Նախկին զինանշանի հիմնական կերպարը՝ արծիվը, ունի հերալդիկ և գեղագիտական էական թերություններ։ Արծիվը պատկերված է փակ կտուցով։ Հերալդիկայում փակ կտուցը համարվում է հանգիստ, ոչ մարտական վիճակ, հաճախ ընկալվում է անշունչ կերպար, ինչը հակասում է բանակի էությանը։ Բացակայում է արծվի հիմնական մարմինը՝ իրանը, այն ձուլված է ընդհանուր մակերեսին՝ ստեղծելով միայն փետուրներից հավաքված արծվակերպ պատկեր։ Բացակայում են արծվի վերջույթները՝ ճանկերը՝ զենքը։ Սա ստեղծում է անդամահատված, անզոր, խոցելի էակի տեսք, ինչն անթույլատրելի է բանակի խորհրդանիշի համար»,- ասված է ՊՆ-ի կողմից տարածված տեսանյութում։

Նշվում է, որ նախկին զինանշանում սուրը տեղադրված է վահանի հետևում, ինչը հերալդիկայում պաշտպանությանը ոչ պատրաստ լինելու նշան է։

«Սակայն ՀՀ բանակի առաքելությունը ՀՀ ինքնիշխան տարածքի, տարածքային ամբողջականության պաշտպանությանը մշտապես պատրաստ լինելն է։ Զինանշանի նախկին տարբերակում առկա է պետական դրոշի պատկերման կոպտագույն սխալ․ այն ներկայացված է ոչ թե որպես մեկ ամբողջություն, այլ մասնատված է առանձին ժապավենների կամ կտորների։ Դրոշի այսպիսի աղավաղումը խորհրդաբանորեն կարող է մեկնաբանվել որպես պառակտված, մասնատված կամ ոչ ամբողջական պետականություն»,- ասված է տեսանյութում։

ՊՆ-ն տեղեկացնում է, որ ՀՀ բանակի նոր զինանշանի կենտրոնական կերպարը՝ արծիվը, վերաիմաստավորվել է և պատկերված է լիակատար կենդանի և ամբողջական մարմնավորմամբ։ Հստակ երևում են գլուխը, մարմինը, թևերը և ճանկերը՝ հաղթահարելով նախկին զինանշանի բացթողումները։

«Արծվի կտուցը բաց է, ինչը հերալդիկայում խորհրդանշում է կենսունակություն, պատրաստակամություն, զգոնություն, խոսքի և ուժի իրավունք։ Որպես թագակիր գիշատիչ՝ արծվի հստակ և դինամիկ կեցվածքն ուղղակիորեն խորհրդանշում է ՀՀ բանակի արթնությունն ու մարտական ոգին։ Այն մարմնավորում է բանակի առաքելությունը՝ պաշտպանել ՀՀ անկախությունը, սուվերենությունը և տարածքային ամբողջականությունը։ Նոր զինանշանում արծվի կերպարն ամրապնդվում է նրա հետևում շողացող ոսկեգույն արևով, որի ճառագայթները հստակորեն ծավալվում են շրջանաձև։ Արևն այստեղ հանդես է գալիս որպես լույսի և կենսունակության խորհրդանիշ՝ մարմնավորելով հայ ժողովրդի հարատևման գաղափարը։ Ընտրված ոսկեգույնը պատահական չէ։ Այն հավերժականության, բարեկեցության և իշխանության գույնն է»,- ասված է տեսանյութում։

ՊՆ-ի տեղեկացմամբ՝ արևի տեղադրությունն արծվի թիկունքում ընդգծում է այն սրբազան արժեքները, որոնք գտնվում են պետության, արծվի հովանու և պաշտպանության ներքո։ Արծվի կրծքին տեղադրված է կլոր, ոսկեգույն վահան, որը զարդարված է հայկական ութաթև արևախաչով, իսկ կենտրոնում սերմնահատիկով՝ որպես ՀՀ բանակի կենտրոնաձիգ խորհրդանիշ։

«Սերմը մարմնավորում է ապագա զինվորներին, որոնք ռազմի դարբնոցում պիտի ծլարձակեն, ծառ ու պտուղ դառնան և հավերժական անընդհատության խորհրդով նորից սերմ տան։ Վահանն արծվի վրա պաշտպանության խորհրդանիշ է։ Արծիվն իր երկու ճանկերում բռնել է պատմական նշանակություն ունեցող զենքեր, ձախում՝ ոսկեգույն սուր, իսկ աջում՝ ՀՀ բանակի պահապան Աշոտ Երկաթի սուրբ խաչը՝ Հայաստանի բանակի զինվորական թալիսմանը։ Սուրն արծվի ճանկում խորհրդանշում է միշտ պատրաստ կարգավիճակը։ Զինանշանի վերին հատվածում պատկերված է ՀՀ պետական եռագույն դրոշը և ՀՀ քարտեզը։ Այս տարրը զինանշանը ներդաշնակորեն կապում է ՀՀ-ի հետ՝ ընդգծելով, որ բանակն անվտանգության երաշխավորներից մեկն է»,- ասված է ՊՆ-ի տարածած տեսանյութում։

Նշվում է, որ կերպափոխման հայեցակարգով նախատեսված բարեփոխումները ՀՀ բանակում շարունակվում են։

Հայերեն English Español Русский Türkçe

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել