3 րոպեի ընթերցում
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը Հայաստանում զբոսաշրջային սեզոնի մեկնարկը խոստումնալից է համարում։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Ապրեսյանն ուրախությամբ փաստեց, որ եթե շատ տարիներ առաջ զբոսաշրջային սեզոնը Հայաստանում մեկնարկում էր ապրիլին՝ Սուրբ Հարության տոնի միջոցառումներով, ավարտվում էր հոկտեմբեր ամսին, հիմա սեզոնը բավականին երկարաձգվել է։
«Զբոսաշրջային սեզոնը արդեն մարտից սկսում է ակտիվանալ մինչև նոյեմբերի կես։ Այսինքն՝ զբոսաշրջային սեզոնը երկարացնելու մեր քաղաքականությունը արդյունքներ տալիս է»,-ասաց նա։
Մեխակ Ապրեսյանի խոսքով՝ տարեցտարի ավելանում է նաև Ամանորը Հայաստանում անցկացնող զբոսաշրջիկների թիվը։
«Հունվարի կեսերից արդեն մինչև մարտ զբոսաշրջային հոսքը պասիվանում է, և մեր խնդիրն այդ սեզոնը լցնելն է, որի ուղղությամբ զգալի աշխատանքներ ևս տարվում են»,-ասաց նա։
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը նշեց, որ նախորդ տարվա առաջին եռամսյակում Հայաստան է այցելել 386 հազար 741 զբոսաշրջիկ, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում։ Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը ինչը 66 հազար 397-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
«Մոտ 453 հազար ներգնա զբոսաշրջային այցեր ենք ունեցել այս տարի։ Առաջին տեղում Ռուսաստանն է՝ մոտ 39 տոկոս, հետո Վրաստանն է, հետո Եվրոպան միասին վերցրած, ապա Իրանն ու Միացյալ Նահանգները»,-ասաց նա՝ հավելելով, որ վերջին տարիներին Ծոցի երկրներից ևս ակտիվություն նկատվում է, քան որ հենց այդ երկրների քաղաքացիներն են հիմնականում նախընտրում ձմեռն անցկացնել Հայաստանում։
Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, ըստ Ապրեսյանի, ևս իր բացասական հետևանքներն է ունեցել։
«Նովրուզի տոնակատարությանն այս տարի մենք այցելություններ չենք ունեցել»,-ասաց նա։
Խոսելով արտագնա տուրիզմից՝ Մեխակ Ապրեսյանն ասաց, որ մեր քաղաքացիների համար նախընտրելի ուղղությունները շարունակում են մնալ ծով ունեցող երկրները, քիչ չեն նաև եվրոպական երկրները նախընտրողները։
Ոլորտի խնդիրներին անդրադառնալով՝ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ Հայաստանի գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ չունի ելք դեպի ծով։
«Վերջին տարիներին, սակայն, ուղիղ չվերթները ինչ-որ չափով լուծում են այդ հասանելիության խնդիրը»,-ասաց նա՝ որպես խնդիր նշելով նաև եվրոպական երկրների դեսպանատներում և վիզա կենտրոններում առկա խնդիրները՝ ՀՀ քաղաքացիներին վիզա տրամադրելու հետ կապված։
«Զբոսաշրջությունն իր էությամբ մի այնպիսի ֆենոմեն է, որը սնում է տնտեսության մնացած ճյուղերն ու սնվում դրանցից։ Հետևաբար, մենք պետք է ճիշտ և ըստ արժանվույն գնահատենք զբոսաշրջության դերն ու նշանակությունը, ինչպես նաև պատշաճ ներկայացնենք մեր պատմամշակութային ժառանգությունը»,-հավելեց Մեխակ Ապրեսյանը։