Հայաստան

ՄԻՊ-ը սկսել է ընտրատեղամասերի մշտադիտարկումը՝ հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքների երաշխավորման համատեքստում

3 րոպեի ընթերցում

ՄԻՊ-ը սկսել է ընտրատեղամասերի մշտադիտարկումը՝ հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքների երաշխավորման համատեքստում

Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ Մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտումների կանխարգելում և պաշտպանություն իրականացնող անկախ պաշտոնատար անձ, սկսել է ընտրատեղամասեր այցերի իրականացումը՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար ընտրական գործընթացների մատչելիությունը մշտադիտարկելու նպատակով:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների աշխատակազմը։  

Մշտադիտարկման ընթացքում ուսումնասիրվում են ընտրատեղամասերի ֆիզիկական և տեղեկատվական մատչելիության պայմանները, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքների արդյունավետ իրացման երաշխիքները։

ԻՐԱԶԵԿՈՒՄ՝

Հարգելի՛ քաղաքացիներ,

Եթե ունեք տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ և եթե այն ընտրական տեղամասը, որի ընտրական ցուցակում ընդգրկված եք, մատչելի չէ ձեր ընտրելու իրավունքն իրացնելու համար, ապա քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 12 օր առաջ՝ մինչև ժամը 14:00-ն (մինչև 2026 թվականի մայիսի 26-ը ժամը 14։00-ն) իրավունք ունեք դիմում ներկայացնելու լիազոր մարմին (Հայաստանի Հանրապետության ցանկացած անձնագրային բաժին)՝ ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու և ձեր նախընտրած վայրի մատչելի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին՝ նշելով տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող անձանց համար մատչելի ընտրական տեղամասի համարը։

Դիմումը կարող է ներկայացվել էլեկտրոնային կամ թղթային եղանակով՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող ընտրողների համար մատչելի ընտրական տեղամասերի ցանկը հրապարակված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում՝ հետևյալ հղումով՝ https://www.elections.am/AccessibilityMap/28826։

Հայաստանում խորհրդարանական հերթական ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է մայիսի 8-ից և կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում