Հայկական ռադիոյի 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքը մեկնարկել է հանդիսավոր երեկոյով

6 րոպեի ընթերցում

 

Հայկական ռադիոյի հիմնադրման 100-ամյակի առթիվ կազմակերպված հանդիսավոր երեկոյով մեկնարկեց հոբելյանական միջոցառումների շարքը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հանրային ռադիոյի ղեկավարությունն ու ոլորտի պատասխանատուները երեկոյի ընթացքում կարևորեցին ռադիոյի դերը հանրային կյանքի, մշակույթի, տեղեկատվության և ազգային հիշողության պահպանման գործում՝ ներկայացնելով նաև առաջիկա ծրագրերն ու զարգացման առաջնահերթությունները։

Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Քոլոյանը, ողջունելով ներկաներին, ընդգծեց, որ միջոցառմամբ մեկնարկում է հոբելյանական ծրագրերի լայն շրջանակը, որը կշարունակվի մինչև տարվա վերջ։ Նրա խոսքով՝ առաջիկա օրերին Հանրային ռադիոյի ստեղծագործական խմբերը շրջագայություններով հանդես կգան մարզերում։ Քոլոյանը նշեց, որ հատկապես մարզային ունկնդիրների կողմից մեծ սպասում կա, ինչի մասին վկայում են ստացվող նամակները, դիմումներն ու հեռախոսազանգերը։

«Ամբողջ հունիսը համերգային ծրագրերով հագեցած կլինի։ Դրանից հետո որոշակի դադար կլինի, իսկ սեպտեմբերից կսկսենք նախապատրաստվել խոշոր միջոցառման՝ «Մեդիա կոնֆերանսին», որը կազմակերպում ենք մեր եվրոպացի գործընկերների աջակցությամբ։ Մասնակցելու են նաև տարածաշրջանի հանրային ռադիոկայանների ներկայացուցիչներ»,- ասաց նա։

Գործադիր տնօրենի խոսքով՝ քննարկվելու են ոլորտի արդիական խնդիրներ, մասնավորապես՝ ռադիոյի վիզուալացման հարցը։ Նա ընդգծեց, նպատակ ունեն զարգացնել պոդքաստային և վիդեո բովանդակությունը՝ առանց ռադիոն հեռուստատեսության պատճենի վերածելու։

«Այս տարի նախատեսվում է Հանրային ռադիոյի տեխնիկական վերազինումը, քանի որ վերջին խոշոր արդիականացումը կատարվել է ավելի քան երկու տասնամյակ առաջ։ Նախատեսվում է ունենալ նոր կայք, նոր տաղավարներ, ինչպես նաև ներկայացվել է նոր լոգոն»,- ասաց Քոլոյանը

 Նա շեշտեց, որ միջոցառման գլխավոր նպատակը ռադիոյի ունկնդիրներին, վետերաններին և երկարամյա աշխատակիցներին շնորհակալություն հայտնելն է։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, շնորհավորելով ներկաներին հայկական ռադիոյի 100-ամյակի կապակցությամբ, նշեց, որ ռադիոն շարունակում է մնալ մարդկանց կյանքի անբաժանելի ուղեկիցը։

«Ռադիոն ունի մոգական հատկություն, առանց տեսնելու հարազատանում է մարդկանց հետ։ Ձայնի միջոցով այն մտնում է յուրաքանչյուր ընտանիք և դառնում առօրյայի մի մասը»,- ասաց նախարարը։

Անդրեասյանի խոսքով՝ թեև նոր տեխնոլոգիաները և ժամանակակից մեդիա միջավայրը փոփոխություններ են բերել նաև ռադիոյի ոլորտ, այնուամենայնիվ ռադիոն պահպանել է իր առանձնահատուկ դերն ու նշանակությունը։

«Այսօր, երբ տեղեկատվական աղմուկը չափազանց մեծ է, առավել շատ է ընդգծվում իմաստալից խոսքի կարևորությունը։ Ռադիոն, ունենալով միայն մեկ գործիք՝ ձայնը, ստիպված է առավել ճշգրիտ, ուշադիր ու նրբանկատ աշխատել խոսքի հետ»,- ասաց նա։

Անդրադառնալով Հանրային ռադիոյի դերակատարությանը՝ Անդրեասյանը նշեց, որ այն տարիներ շարունակ եղել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հանրայնացման կարևորագույն հարթակներից մեկը։

«Ռադիոն ձևավորել է յուրահատուկ մշակութային ժանրեր։ Բավական է հիշել ռադիոներկայացումները, որոնք յուրաքանչյուրիս համար առանձին մշակութային փորձառություն են դարձել։ Ռադիոն կարողացել է յուրաքանչյուր ոլորտի համար ստեղծել հանրության հետ հաղորդակցության նոր միջավայր»,- ընդգծեց նա։

Նախարարը կարևորեց նաև «Հանրային ռադիո» անվանումը՝ նշելով, որ «հանրային» բառը մեծ պատասխանատվություն է ենթադրում։ «Այն, ինչ արվում է հանրային հարթակում, պետք է ծառայի հանրության զարգացմանը, նպաստի հստակ տեղեկատվության փոխանցմանը և հանրային արժեքների պահպանմանը։ Կարծում եմ, որ Հանրային ռադիոն այսօր էլ պատվով իրականացնում է այդ առաքելությունը»,- ասաց Անդրեասյանը՝ շնորհակալություն հայտնելով ռադիոյի բոլոր աշխատակիցներին և մաղթելով նոր հաջողություններ։

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն իր ելույթում նշեց, որ հայկական ռադիոն ազգային հիշողության, մշակույթի և լեզվի պահպանման կարևորագույն խորհրդանիշներից է։ «Հայկական ռադիոն ամբողջ խորհրդային տարածքում դարձել էր ճանաչելի բրենդ։ Ռադիոյի անեկդոտների միջոցով հեգնվում էին խորհրդային իրականության բազմաթիվ խնդիրներ»,- ասաց նա։

Հակոբյանը հիշեց նաև 1990-ականների ծանր տարիները, երբ աշխատել է Հանրային ռադիոյում և ականատես եղել, թե ինչպես էր ռադիոն նույնիսկ ամենաբարդ պայմաններում շարունակում ապահովել տեղեկատվության անընդհատ փոխանցումը։

Նրա խոսքով՝ էներգետիկ ճգնաժամի և տեղեկատվական սահմանափակումների պայմաններում ռադիոն հաճախ եղել է հանրության համար տեղեկատվության միակ վստահելի աղբյուրը։

Երեկոյի ընթացքում հնչեցին երաժշտական կատարումներ, իսկ հանդիսատեսի համար ելույթ ունեցան հայ հայտնի արվեստագետները:

 

Հայերեն العربية

Ռուսաստանն արգելել է դիզելային վառելիքի արտահանումը

Քարահունջում գայլը հարձակվել է մարդկանց վրա

ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայող

Թրամփը կարծում է, որ Իսրայելը կհեռացնի զորքերը հարավային Լիբանանից

Զելենսկին դրական է գնահատել ԱՄՆ նախագահի հետ հանդիպման արդյունքները

Թրամփը հայտարարել է Զելենսկիի հետ հանդիպումից հետո Պուտինին զանգահարելու մտադրության մասին

ՆԱՏՕ-ն հաջորդ տարի Ուկրաինային կտրամադրի առնվազն 70 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն. Ռյուտե

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot հրթիռային համակարգեր արտադրելու լիցենզիա

Իրանը դադարեցնում է ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերջնական կարգավորման շուրջ. ՏԱՍՍ

Երևանի կենդանաբանական այգի տեղափոխված առյուծներն ու վագրերը կարանտինում են և գտնվում են մասնագետների հսկողության ներքո