Հայաստան

ՊԵԿ-ում բացվեց սահմանային անցակետերում ռենտգենյան պատկերները միասնական ու իրական ժամանակում մշտադիտարկելու կենտրոն

5 րոպեի ընթերցում

ՊԵԿ-ում բացվեց սահմանային անցակետերում ռենտգենյան պատկերները միասնական ու իրական ժամանակում մշտադիտարկելու կենտրոն

ՀՀ պետական եկամուտների կոմիտեում տեղի ունեցավ Կենտրոնացված մոնիթորինգի կենտրոնի պաշտոնական բացման ու CertScan ծրագրի գործարկման արարողությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծերն իրականացվել են «Արտահանման վերահսկման և սահմանային անվտանգության աջակցության» (EXBS) ծրագրի շրջանակում՝ S2Global ընկերության հետ համագործակցությամբ, ԱՄՆ կառավարության ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի խոսքով՝ մոնիթորինգի կենտրոնի ստեղծումն ու CertScan նախագծի իրականացումն ավելի քան 2 տարվա նվիրված պլանավորման, սերտ համագործակցության և շարունակական ջանքերի արդյունք է։

«CertScan համակարգը զգալիորեն կամրապնդի սահմանային անվտանգությունը, կբարձրացնի պոտենցիալ ռիսկերի և անվտանգության սպառնալիքների նույնականացումը, կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը և ներքին սպառնալիքները, և կբարելավի մաքսային հսկողության գործողությունների արդյունավետությունը, հետևողականությունը և թափանցիկությունը»,-ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ  գործնականում ստեղծված համակարգը կծառայի որպես կենտրոնացված սահմանային կառավարման էական տեխնոլոգիական գործիք՝ ապահովելով ավելի անվտանգ, ավելի ապահով և ավելի արդյունավետ մաքսային գործողություններ՝ միաժամանակ հեշտացնելով օրինական առևտուրը և ապրանքների սահուն տեղաշարժը ՀՀ սահմաններով։ Պեկ նախագահի դիտարկմամբ՝ ժամանակակից տեխնոլոգիական լուծումների, տեղեկատվության ավելի արագ փոխանակման և կենտրոնացված փորձագիտական վերահսկողության միջոցով, մոնիթորինգի կենտրոնը Հայաստանի մաքսային ընթացակարգերը համապատասխանեցնում է միջազգային ամենաբարձր չափանիշներին։

Հայաստանում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը նշել է, որ մաքսային ծառայողները կանգնած են առանձնահատուկ բարդ խնդրի առաջ, քանի որ մի կողմից պետք է զգոն լինեն, որպեսզի սահմանը հատող ապրանքները պատշաճ կերպով ստուգվեն, իսկ անհրաժեշտության դեպքում գանձվեն համապատասխան վճարները, մյուս կողմից՝ չպետք է խոչընդոտեն օրինական առևտրին, ինչի հնարավորությունն ընձեռում է ներդրված համակարգը։

«Սա ժամանակակից համակարգ է, որը միավորում է սահմանային անցակետերի տարբեր բաղադրիչները՝ ռենտգեն սարքերից և այլ սկաներներից մինչև ֆիզիկական ստուգումներ՝ դրանք հավաքելով մեկ միասնական հարթակում։ Համակարգը կօգնի Պետական եկամուտների ծառայությանը և առանձին աշխատակիցներին որոշումներ կայացնել՝ ինչն է պահանջում լրացուցիչ ստուգում և ինչը կարող է շարունակել ընթացքը։ Միևնույն ժամանակ այն կարագացնի գործընթացները, կնվազեցնի սպասարկման ժամանակը և կբարձրացնի Պետական եկամուտների կոմիտեի կարողությունը՝ հայտնաբերելու, կանխելու և զսպելու անօրինական ու ապօրինի առևտուրը»,-համոզմունք հայտնեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը։

S2 Global Inc. ընկերության միջազգային ծրագրերի տնօրեն Մայքլ Մագլոթինի պարզաբանմամբ՝ ներդրված CertScan համակարգն արտացոլում է գործառնական և տեխնիկական փորձը, որը ձեռք է բերվել աշխարհի տարբեր երկրներում մաքսային և սահմանային գործակալություններին աջակցող տեղակայումների միջոցով։

Նրա հավաստմամբ՝ գործիքակազմը դեռևս երկար տարիներ արդյունավետ կծառայի ՊԵԿ-ին ։

Այն միավորում է ՀՀ ՊԵԿ սահմանային անցակետերում և տերմինալներում գործող ռենտգենյան սկանավորումների պատկերները մեկ միասնական հարթակում՝  հնարավորություն ընձեռելով իրականացնել ռենտգենյան պատկերների կենտրոնացված և իրական ժամանակում մշտադիտարկում։

Ակնկալվում է, որ այս հարթակի ներդրմամբ զգալիորեն կբարձրանա սահմանային անվտանգությունը՝ նպաստելով հնարավոր ռիսկերի և անվտանգության սպառնալիքների առավել արդյունավետ բացահայտմանը։ Միաժամանակ կնվազեն կոռուպցիոն ռիսկերը՝ բարելավելով մաքսային հսկողության գործընթացների թափանցիկությունը՝ նպաստելով օրինական առևտրի զարգացմանն ու ՀՀ սահմաններով ապրանքների անխափան տեղաշարժին։ Ծրագրի իրականացման ընթացքում առանձնապես կարևորվել է մաքսային համակարգում արհեստական բանականության և մեքենայական ուսուցման տարրերի կիրառումն ու ինտեգրումը։

 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում