Իրան

Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել աջակցել Իրանին և ԱՄՆ-ին խաղաղության բանակցություններում

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել աջակցել Իրանին և ԱՄՆ-ին խաղաղության բանակցություններում

Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին և ԱՄՆ-ին` կյանքի կոչելու համատեղ կայացված այն որոշումները, որոնք կնպաստեն երկու երկրների միջև առկա ճգնաժամի կարգավորմանը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռուսաստանը լիովին հանձնառու է օգնել Թեհրանին և Վաշինգտոնին իրականացնելու բանակցությունների ընթացքում նրանց կողմից ընդունված ցանկացած որոշում», - ասել է Զախարովան։

ԶԼՄ-ներում լուրեր էին պտտվում, թե Թեհրանը Վաշինգտոնի հետ բանակցային շրջանակներում պատրաստակամություն է հայտնել ՌԴ-ին հարստացված ուրան փոխանցել «որոշակի պայմանների» առկայությամբ։ ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցչին հարցրել են, թե ինչ պայմանների մասին է խոսքը և արդյոք Վաշինգտոնն այս հարցի շուրջ կապ է հաստատել Մոսկվայի հետ։

«Համոզված ենք, որ այս խնդիրը կարող է կարգավորվել միայն քաղաքական-դիվանագիտական ​​մեթոդներով՝ հենվելով միջազգային իրավունքի հիման վրա և Իրանի Իսլամական Հանրապետության օրինական շահերը հաշվի առնելով», - ասել է Զախարովան։

Ինչպես նշել է ԱԳՆ-ի ներկայացուցիչը, «Միջուկային զենքի չտարածման պայմանագրին համապատասխան խաղաղ ատոմային ծրագիր մշակելու Իրանի իրավունքի անսասանությունը» Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումն է:

«Այն որոշումը, թե ինչպես տնօրինել այս իրավունքը, այդ թվում՝ ուրանի հարստացման և նրա տրամադրության տակ գտնվող միջուկային նյութը տնօրինելու համատեքստում, կարող է ընդունել միայն իրանցի ժողովուրդը», - ընդգծել է Զախարովան։

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում