«Երևանյան բեսթսելեր». «Արցունքներ դրախտում» գիրքն՝ առաջատար. թարգմանական. ապրիլ, 2026
11 րոպեի ընթերցում
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը ներկայացվում է ապրիլի վաճառքների հիման վրա:
Առաջին տեղում է Գամիդ Ամիրովի «Արցունքներ դրախտում» գիրքը։ 44-օրյա պատերազմը փոխեց հայկական իրականությունը։ Պարզ էր, որ 2020-ից հետո ամեն ինչ նախկինի պես չի լինելու։ Բայց մի բան է, երբ մենք ենք դրա մասին խոսում, գրքեր գրում՝ մեկ այլ բան, երբ այսքան կարևոր թեմայի անդրադառնում են այլազգի գրողները։
Գամիդ Ամիրովի «Արցունքներ դրախտում» գիրքը գեղարվեստական ստեղծագործություն է, որի առանցքում 44-օրյա պատերազմն է։ Վեպ, որտեղ կգտնեք հուզիչ սիրային պատմություն, տաքուկ մարդկային հարաբերություններ, բայց նաև պատերազմի դաժան իրականություն, որը անտարբեր ոչ ոքի չի թողնի։ Գրքում պատմվում է Մոսկվայում բնակվող ընկերների մասին։ Նրանցից երկուսը հայ են, մեկը վրացի, մյուսն էլ ադրբեջանցի։ Ընկերներից մեկը` Մարատը 44-օրյա պատերազմի օրերին հայտնվում է Արցախում։ Թարգմանությունը՝ Նորայր Ենգիբարյանի։
Երկրորդ տեղում է Ֆրանկ Տիլյեի «Գլուխկոտրուկ» գիրքը։ Որտե՞ղ է իրականության և երևակայության անտեսանելի սահմանը։ Այս հարցի պատասխանը պետք է բացահայտեն Իլանը և Քլոեն՝ առեղծվածային խաղի՝ «Պարանոյայի» մասնակիցները։ Ոչ ոք չգիտի, թե ինչ կանոններով է ընթանում այս խաղը, և ինչպես այն կավարտվի, սակայն մի բան հաստատ է․ հաղթողին խոստացված է խոշոր դրամական պարգև՝ երեք հարյուր հազար եվրո, որի համար մասնակիցները պատրաստ են անգամ ամենադաժան և անսպասելի քայլերին։ Խաղը տանում է ֆրանսիական Ալպերի մութ խորքերը՝ դեպի լքված հոգեբուժարան, որտեղ մեկ տարի առաջ՝ Սուրբ Ծննդյան նախօրեին, հայտնաբերվել էին ութ դիակ… Հինգ տղամարդ և երեք կին սառնասրտորեն սպանվել էին քնի մեջ։ Այժմ խաղացողները կրկին ութն են։ Ո՞վ է նրանցից կենդանի մնալու, և արդյո՞ք կլինի այդպիսի մեկը…
Երրորդ հորիզոնականում է թուրք ժամանակակից գրող Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը» ստեղծագործությունը: «Ստամբուլի բիճը» վեպում հեղինակը վեր է հանում թուրք հասարակության բազմաթիվ ներքին խնդիրներ, որոնց թվում կարևորագույն տեղ է զբաղեցնում Հայոց մեծ եղեռնը` որպես թուրքի հոգեբանության չհաղթահարվող բարդույթ: Ինչպես բնորոշ է Թուրքիային, գրքի հրապարակումից հետո երկրում դատավարություն է սկսվում հեղինակի դեմ` հայտնի 301 հոդվածի համաձայն` թրքությունը վիրավորելու համար: Ողջ դատավարության ընթացքում Թուրքիայում վեպն արգելված է եղել, իսկ երբ հեղինակը հաղթել է դատը, դրանից հետո միայն այն վաճառքի հնարավորություն է ստացել: Թարգմանիչ՝ Արփի Աթաբեկյան:
Մարիա Քորելլիի «Սատանայի վիշտը» չորրորդ տեղում է։ Աղքատության և անհայտության մեջ ապրող երիտասարդ գրող Ջեֆրի Թեմփսթը ակամայից հոգին վաճառում է Սատանային և նրանից ստանում այն ամենը, ինչի մասին միայն երազում էր: Կամ՝ գրեթե ամեն ինչ: Ակամայից, քանի որ, չիմանալով, թե ով է իրականում թաքնված, ինչպես ինքն է ասում, իր լավագույն ընկերոջ կերպարի հետևում, որի հետ ծանոթացել էր իր կյանքի հավանաբար ամենաառեղծվածային և անակնկալներով լի օրը, նրան համարում է իր փոփոխական բախտի ամենահրաշալի պարգևներից մեկը։ Այժմ աշխարհիկ հասարակությունը, որը նախկինում անտեսում էր նրան, նրա ոտքերի առաջ էր: Արդեն միլիոնատեր Ջեֆրի Թեմփսթը վայելում էր այն ամենը, ինչը կարելի էր գնել փողով, երերուն հասարակական դիրք, քծնող ծառաների և սպասավորների ներկայություն, շինծու գրական փառք, արհամարհանք և դավաճանություն՝ քողարկված թվացյալ սիրո ներքո... Ու եթե առաջինների ոչ իրական լինելու փաստը նա գիտակցում էր, սիրո հարցում նրան վիճակված էր առերեսվել այն պարզ աքսիոմի հետ, որ իրական սերը չի վաճառվում: Գիրքը հրատարակվել է 1895 թվականին և դարձել վիկտորիանական Անգլիայի պատմության մեջ ամենամեծ բեսթսելլերը: Թեև գրեթե բոլոր քննադատները նշել են գրքի գրական անկատարության մասին, ստեղծագործության պաշտպանությամբ հանդես է եկել Օսկար Ուայլդը, ինչն իրականում զարմանալի չէ, գրքի առաջին մասում Ջեֆրի Թեմփսթի ուղին մեծապես կրկնում է նրա Դորիան Գրեյի բարոյական անկումը։
Ալեքս Մայքլիդիսի «Ցասում»-ը հինգերորդ տեղում է։ Հին ընկեր, նախկին կինոաստղ Լանա Ֆարրարը մեր խմբին հրավիրում է փոքրիկ կղզի՝ ժամանակ անցկացնելու:
Եղանակը տաք կլինի, արևոտ: Հանգստանալու և շփվելու հրաշալի հնարավորություն կստեղծվի։ Եվ, ո՞վ գիտե, գուցե որոշ գաղտնիքներ ջրի երես դուրս գան հունական այս դրախտում: Չէ՞ որ այս մասնավոր կղզում ամեն ինչ այնպես չէ, ինչպես թվում է. ո՛չ Լանան, ո՛չ նրա հյուրերը, ոչ էլ, հաստատ, մարդասպանը, որը ցասումով հյուսում է իր հանցանքի ծրագիրը: Բայց ո՞վ եմ ես: Անունս Էլիոթ Չեյզ է, ու ես ձեզ կպատմեմ ամեն ինչ: Այսպիսի պատմություն դուք երբեք չեք լսել:
Վեցերորդ հորիզոնականում Հերման Հեսսեի «Սիդհարթա» այլաբանական վեպն է, որն առաջին անգամ հրատարակվել է 1922 թվականին։ Այն պատմում է Գաութամա Բուդդայի ժամանակակից բրահման Սիդհարթայի հոգևոր ինքնաճանաչման ճանապարհի մասին։ Հեսսեի 9-րդ վեպն է, որը նա գրել է քնարական ոճով։ Գիրքն Ամերիկայում տպագրվել է 1951 թվականին և մեծ տարածում գտել 1960-ականներին։ Հեսսեն վեպը նվիրել է ֆրանսիացի դրամատուրգ, վիպագիր Ռոմեն Ռոլանին: Թարգմանիչն է Աշոտ Ալեքսանյանը:
Ալբեր Կամյուի «Անկումը» յոթերորդ տեղում է։ Գիշերային Ամստերդամի աղմկոտ գինետներից մեկում մի անծանոթ՝ բաժակը ձեռքին, անանուն զրուցակցին ներկայացնում է վերելքների ու վայրէջքների պատմությունը: Մտացածին երկխոսություն, որտեղ ընթերցողին է վիճակված գուշակել պատասխանները: Ալբեր Կամյուի՝ 1956-ին գրված այս վիպակի առանցքում իրական անկման մի պատմություն է. գիշերային Փարիզի կամուրջներից մեկին կռթնած երիտասարդ մի անծանոթուհի, որին չի հաջողվում փրկել: Գլխավոր հերոսի հետագա կյանքը, ինչպես և իրականությունն իր շուրջ դառնում են անկման երկարող հետագիծ:
Նորա Իկստենայի «Մայրական կաթ» վեպը, որն ութերորդ տեղում է, նույն ընտանիքի երեք սերնդի կանանց պատմություն է: Հեղինակը հանրամատչելիորեն պատկերում է իր մանկության և երիտասարդության տարիների խորհրդային Լատվիայի սոցիալական միջավայրը, բարոյականության վակուումը, որը տարօրինակորեն ուղղորդվում էր և ներսից կոտրելով մարդկանց՝ վերածում կենդանի դիակների: Վեպի ամբողջ տեքստը ապրելու անհնարինության վավերագրություն է՝ ներծծված հրաժարումով ամուսնուց ու հորից, երազանքներից, գաղափարներից ու համոզմունքներից, աշխատանքից ու սեփական տեսակետից, ընկերներից և սիրելիներից: Գլխավոր հերոսուհին գինեկոլոգ է, որը հրաշալիորեն ճանաչում է մարդուն և շատերին կարողանում օգնել իր գիտելիքներով, բայց, պարզվում է, ի վիճակի չէ ապրելու իրեն բաժին հասած կյանքը: Մայրական կաթը երեխայի առաջին սնունդն է: Գլխավոր հերոսուհին՝ մայրը, դստերը միտումնավոր զրկում է այդ կաթից՝ թույլ չտալով նրան ժառանգել իր ցավն ու հուսահատությունը:
Ալեքս Մայքլիդիսի «Կույսերը» իններորդ տեղում է։ Էդվարդ Ֆոսկան մարդասպան է. Մարիանան կասկած անգամ չունի: Բայց Ֆոսկան անհասանելի է, անշոշափելի: Քեմբրիջի համալսարանի հունական ողբերգության բարետես ու խարիզմատիկ պրոֆեսոր Ֆոսկային պաշտում են եւ՛ դասախոսները, եւ՛ ուսանողները, հատկապես «Կույսեր» գաղտնի խմբի անդամները: Մարիանա Անդրոսը փայլուն, բայց բարդ ու հակասական խմբային թերապեւտ է։ Նրա ուշադրությունը սեւեռվում է «Կույսերի» վրա, երբ Քեմբրիջում գտնում են նրանցից մեկի՝ Մարիանայի զարմուհի Զոուիի ընկերուհու մարմինը: Մի ժամանակ Մարիանան նույն համալսարանում էր սովորում։ Նա անմիջապես գլխի է ընկնում, որ սրածայր աշտարակների հովվերգական գեղեցկությունն ու հինավուրց ավանդույթները չարագուշակ մի բան են թաքցնում: Նա համոզված է, որ մարդասպանն Էդվարդ Ֆոսկան է, թեեւ վերջինս հիմնավոր ալիբի ունի։ Բայց պրոֆեսորն ինչո՞ւ պիտի թիրախավորեր ուսանողուհու: Թարգմանիչ՝ Աստղիկ Աթաբեկյան։
Տասներորդ տեղում է Ջոջո Մոյեսի «Ես մինչ քեզ» ստեղծագործությունը: Կյանքում լինում են շրջադարձային պահեր, վայրկյաններ, որոնք անկախ մեր կամքից փոխում են այն ամենը, ինչ հետո է լինելու, այն ամեն ինչը, որ մենք կզգանք ու կհասկանանք այդուհետ: Լուիզայի և Ուիլի հանդիպումը գուցե կենցաղային դիպված է, մեկի համար՝ ծանր ֆինանսական պայմաններից դուրս գալու հնարավորություն, մյուսի համար՝ պարտադրված կենսական անհրաժեշտություն, իսկ գուցե պատահականություններ չեն լինում. բոլոր պարագաներում նրանց հանդիպումը գլխիվայր է շրջում երկուսի կյանքն էլ, և ամենամթում երևում է ընտրության հնարավորություն՝ կողքինի կյանքը դարձնելու ավելին, քան նա կարող է պատկերացնել: Թարգմանությունը`Մերի Դալլաքյանի:
Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:
| Տեղ | Փոփոխ․ | Գիրք | Հրատ․ | Քանակ | |
| 1 | 0 | Գամիդ Ամիրով, «Արցունքներ դրախտում» | Բուկինիստ | 101 | |
| 2 | +8 | Ֆրանկ Տիլյե, «Գլուխկոտրուկ» | Դավինչի | 83 | |
| 3 | * | Էլիֆ Շաֆաք, «Ստամբուլի բիճը» | Անտարես | 65 | |
| 4 | -2 | Մարիա Քորելլի, «Սատանայի վիշտը» | Բիբլիոն | 53 | |
| 5 | * | Ալեքս Մայքլիդիս, «Ցասում» | Newmag | 50 | |
| 6 | 0 | Հերման Հեսսե, «Սիդհարթա» | Քյուրքչյան | 47 | |
| 7 | * | Ալբեր Կամյու, «Անկումը» | Անտարես | 46 | |
| 8 | Նոր | Նորա Իկստենա, «Մայրական կաթ» | Վերնատուն | 46 | |
| 9 | * | Ալեքս Մայքլիդիս, «Կույսերը» | Newmag | 46 | |
| 10 | * | Ջոջո Մոյես, «Ես մինչ քեզ» | Զանգակ | 38 |