Հայաստան

ՄԻՊ-ը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության հետ քննարկել է ընտրական գործընթացներում մարդու իրավունքների պաշտպանության հարցերը

2 րոպեի ընթերցում

ՄԻՊ-ը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության հետ քննարկել է ընտրական գործընթացներում մարդու իրավունքների պաշտպանության հարցերը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 20-ին ընդունել է Հայաստանում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Յանեժ Լենարչիչի գլխավորած պատվիրակությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ողջունելով հյուրերին՝ Պաշտպանը ներկայացրել է ընտրությունների գործընթացում Մարդու իրավունքների պաշտպանի մանդատին վերաբերելի գործառույթները և գործունեության հիմնական մեթոդաբանությունը։

Անահիտ Մանասյանն անդրադարձել է ընտրական գործընթացներում մարդու իրավունքների ապահովմանն առնչվող տարատեսակ հարցերի, մասնավորապես նախընտրական քարոզարշավի ընթացքում տարածվող խոսքի անթույլատրելի ու ագրեսիվ դրսևորումներին, խտրական և պիտակավորող խոսույթին, դրանց բացասական ազդեցությանը ինչպես հանրային միջավայրի, այնպես էլ մարդու իրավունքների պաշտպանության ու խթանման ամբողջ համակարգի վրա։

Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ շեշտել է, որ ընտրական գործընթացների համատեքստում իրավական պատասխանատվության գործիքները պետք է կիրառվեն միասնական տրամաբանությամբ բացառելով ընտրովիությունը, իսկ պետական մարմինները նախընտրական քարոզարշավի ընթացքում պետք է վարեն առավել զգայուն հանրային հաղորդակցություն:

Անահիտ Մանասյանն անդրադարձել է Հայաստանում ազատությունից զրկման ձևով խափանման միջոցների կիրառման մեծաքանակության, փակ հաստատություններում ինքնասպանությունների և ինքնավնասումների մտահոգիչ խնդիրներին՝ ընդգծելով ոլորտների համակարգային բարեփոխման անհրաժեշտությունը։ Քննարկվել է նաև ընտրական գործընթացներում հաշմանդամություն ունեցող անձանց լիարժեք մասնակցության ապահովման հարցը անդրադառնալով ինչպես ոլորտում առկա առաջընթացին, այնպես էլ խնդիրներին։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ոլորտային հարցերի ուղղությամբ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում