Միջազգային համագործակցություններ, նոր ցուցադրություններ. Գրականության և արվեստի թանգարանում նորություններ են սպասվում
5 րոպեի ընթերցում

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում առաջիկայում նոր ցուցադրություններ, միջազգային նոր համագործակցություններ ու համալրումներ են սպասվում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թանգարանների միջազգային օրը՝ մայիսի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանը թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանն ասաց, որ թանգարանի գործունեության առաջնահերթությունը վերջին երկու տարվա ընթացքում տրվել է միջազգային հարթակում թանգարանի ճանաչելիության բարձրացմանը։
«Թանգարանը բազմաթիվ ուղղություններով, թելերով կապված է համաշխարհային մշակույթին։ Անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն և այլ լեզուներով վավերագրեր և արխիվներ են պահվում մեր թանգարանում, որոնք մեծ արժեք են ներկայացնում տարբեր երկրների մշակութային պատմությունն ուսումնասիրելու, «հայկական հետքը՝ համաշխարհային մշակույթի մեջ» համատեքստում ուսումնասիրություններ կատարելու համար։ Այդ նպատակով լայնածավալ աշխատանքներ ենք մեկնարկել։ Այդ աշխատանքների վկայությունն է օրեր առաջ երկրի ղեկավարի գրասենյակում Ֆրանսիայի նախագահի ներկայությամբ Ֆրանսիայի ազգային գրադարանի հետ հուշագրի կնքումը, որով կմեկնարկի մեզ համար աննախադեպ ծավալներով միջազգային համագործակցություն։ Երկրորդ միջազգային նախագիծը ԱՄՆ-ում գործող Վիլյամ Սարոյանի հիմնադրամի հետ կնքած հուշագիրն է, որի շրջանակում «Սարոյանական օրեր» ծրագիրը դարձել է ամենամյա։ Սեպտեմբերին հրավիրում ենք կրկին վայելելու այդ օրերը»,-ասաց տնօրենը։
Նա տեղեկացրեց, որ թանգարանը համագործակցում է նաև Չեխիայի գրականության թանգարանի հետ։ Շուտով Պրահայում կայանալիք Գրականության միջազգային կոնֆերանսում այդ համագործակցությունը կամրագրվի, որին կհաջորդի համատեղ ցուցադրություն։ Պայմանավորվածություններ կան նաև Իտալիայի, ԱՄՆ-ի համալսարանների հետ։
«Մեզ համար մեծ ձեռքբերում է նաև «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողները» համաեվրոպական մրցույթում գրանցած հաղթանակը։ Երեք տարի անընդմեջ թանգարանի կազմակերպած մրցույթի արդյունքում հաղթած երեխաները հաղթում են նաև միջազգային փուլում, և նրանց աշխատանքները ցուցադրվում են Ֆրանսիայում՝ Ստրասբուրգում։ Ուրախալի փաստ է, որ տարեցտարի մասնակիցների թիվը մեծանում է։ Այս տարի ունեցել ենք ավելի քան 350 մասնակից»,-ընդգծեց Խոջամիրյանը։
Տնօրենը կարևորեց նաև այն, որ հուլիսի 10-ին Գրականության և արվեստի թանգարանում կդրվի թվայնացման լաբորատորիայի ստեղծման հիմքը, որի առանցքում են բարերարի նվիրաբերած երկու թվայնացման գերժամանակակից սարքերը։
«Գիտական գործունեությունն ակտիվացնելու, վավերագրությունը գիտական շրջանառության մեջ դնելու և հետազոտողների համար ֆոնդերը հանրամատչելի դարձնելու համար սա առաջնային անհրաժեշտության նախագիծ է։ Թվայնացման աշխատանքները կսկսվեն Կոմիտասի արխիվային ֆոնդից։ Թանգարանը զարկ է տվել նաև համալրման աշխատանքներին. միայն վերջին մեկ տարում այն համալրվել է բազմաթիվ արժեքավոր նյութերով՝ Գարզուի արխիվը, Շահան Շահնուրի, Դանիել Վարուժանի նամակագրությունները և այլն։ Դեռ շարունակվում է նվիրատվության բարի ավանդույթը և հատկապես սփյուռքի հետ կատարած աշխատանքների արդյունքում բազմաթիվ արխիվներ ենք նվեր ստացել Անգլիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից և այլ երկրներից»,-ասաց նա։
Անդրադառնալով թանգարանի շենքին՝ Խոջամիրյանը հիշեցրեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում վերանորոգվել են թանգարանի հինգ ցուցասրահներ, ստեղծվել են ժամանակավոր ցուցադրության նոր ցուցասրահներ, նորացվել են անվտանգության, տեսահսկման համակարգերը, շուտով կլուծվի նաև օդափոխման համակարգի խնդիրը։
Նոր ցուցասրահներ են բացվել և վերանորոգման աշխատանքներ են իրականացվել նաև թանգարանի մասնաճյուղերում։ Գրականության և արվեստի թանգարանին է միացել Ստեփանավանի Ստեփան Շահումյանի տուն-թանգարանը։ «Ստեփանավանն ու Ֆրանսիայի Դեսինը քույր քաղաքներ են, և մենք նաև գործունեություն ենք սկսել Դեսինի հայկական կրթօջախների հետ։ Շուտով կունենանք միջազգային մեծածավալ ցուցադրություն դեսինահայերի վավերագրության վերաբերյալ, որով կտրվի մի նոր շարքի մեկնարկը, որի շրջանակում կանդրադառնանք աշխարհասփյուռ հայության վավերագրությանը, պատմությանը, որոնց զգալի մասը պահվում է մեր թանգարանում»,-եզրափակեց Սյուզաննա Խոջամիրյանը։