3 րոպեի ընթերցում
Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած շնորհանդեսով պաշտոնապես ազդարարվեց VoteArmenia հարթակի գործարկումը, որն օգնում է քաղաքացիներին համադրել սեփական ու քաղաքական ուժերի դիրքորոշումները՝ ավելի լավ կողմնորոշվելով ընտրարշավային օրակարգում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ VoteArmenia հարթակը նախատեսված է աջակցելու տեղեկացված որոշումների կայացմանը՝ օգնելով ընտրողներին իրենց պատասխանների հիման վրա համեմատել իրենց տեսակետներն ու մոտեցումները քաղաքական կուսակցությունների դիրքորոշումների հետ։
ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում տեղի ունեցած միջոցառմանը «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի գիտաշխատող Ֆլորիան Բինդերի խոսքով՝ VoteArmenia-ի ստեղծման ոգեշնչումն առաջացել է Գերմանիայում գործող համանման հարթակից, որը լայն ճանաչում ունի ինչպես քաղաքական ուժերի, այնպես էլ քաղաքացիների շրջանում՝ ընդգրկելով շուրջ 40 միլիոն օգտատեր։
«Կարելի է ասել, որ Գերմանիայում գրեթե բոլոր քվեարկելու իրավունք ունեցող ընտրողներն ունեն այս գործիքին հասանելիություն, և մենք մտածեցինք այս գործիքը բերել Հայաստան»,-ասաց գիտաշխատողը։
Նրա խոսքով՝ VoteArmenia-ի վերաբերյալ ամենաշատ տրվող հարցերից է, թե արդյոք, բոլոր կուսակցություններն են գրանցվել հարթակում։
«Մասնակից 19 կուսակցություններից մեզ պատասխանել են 11-ը։ Կարծում եմ՝ սա կարևոր է հետագայում հասկանալու համար։ Եթե մենք կարողանանք ապահովել սրա հաջողությունը և կուսակցություններին ցույց տալ, որ իմաստ ունի պատասխաններ տալ իրենց ընտրողներին հրատապ հարցերի մասին, հնարավոր է, հաջորդ անգամ բոլորն արդեն գրանցված լինեն և ներկայություն ունենան հարթակում»,-պարզաբանեց Բինդերը։
Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի փոխտնօրեն Լիլիթ Միրզոյանի համոզմամբ՝ հարթակը բարդ ընտրություններին ընդառաջ մեծ հնարավորություն կտա հասկանալու, թե ինչ ծրագրեր են նախատեսված կուսակցությունների կողմից և որոնք են համապատասխանում իր տեսակետներին։
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնի վարիչ, դոցենտ Հարություն Վերամիշյանը, ներկայացնելով VoteArmenia․am գործիքը, ընդգծեց, որ այն օգտատիրոջը չի ասում ինչ կուսակցության օգտին քվեարկել, այլ պարզապես ցույց է տալիս, թե պատասխանները որքանով են համընկնում կամ տարբերվում կուսակցությունների դիրքորոշումներից՝ օգնելով ավելի հեշտ կողմնորոշվել և կատարել տեղեկացված ընտրություն։ Բացի այդ, ինչպես վստահեցնում են պատասխանատուները, գործիքի օգտագործման ընթացքում չի կատարվում անձնական տվյալների հավաքագրում կամ պահպանում:
VoteArmenia․am-ը մշակվել է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի գիտաշխատողների թիմի կողմից՝ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։
Նախաձեռնությունն ունի նաև VoteMatch International միջազգային ցանցի փորձագետների մեթոդաբանական աջակցությունը։