Ուտեստների հարուստ տեսականիով, խոհարարական մրցույթով մայիսի 24-ին կանցկացվի Տոլմայի փառատոնը

4 րոպեի ընթերցում

Արդեն 13-րդ անգամ գաստրոտուրիզմի համեղ փառատոններից մեկը՝ Տոլմայի փառատոնն իր շուրջն է համախմբելու զբոսաշրջիկներին, խոհարարներին, տոլմայի սիրահարներին։ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում մայիսի 24-ին կանցկացվի Տոլմայի փառատոնը։ Այն հանդես է գալիս հագեցած ծրագրով։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության փառատոնների ծրագրի ղեկավար Անի Նազարյանը տեղեկացրեց, որ տոնական մթնոլորտից ու համեղ խոհանոցից զատ լինելու է և՛ մրցութային մաս, և՛ համերգային ծրագիր։

««Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում մայիս 24-ին՝ ժամը 16։00-ին կտրվի Տոլմայի փառատոնի պաշտոնական մեկնարկը։ Փառատոնի շրջանակում լինելու է 30-ից ավելի տաղավար, որտեղ խոհարարները ներկայացնելու են տոլմայի բազմաթիվ տեսակներ։ Խոհարարների շրջանում անցկացվելու է մրցույթ «Լավագույն համ», «Լավագույն տեսք» «Լավագույն մտահաղացում», «Բացարձակ հաղթող» անվանակարգերում։ Մասնագիտական ժյուրին կընտրի հաղթողներին։ Ազգային համերից բացի այցելուները հնարավորություն ունեն վայելելու ազգային երգն ու պարը։ Համերգային ծրագրով հանդես է գալու Ethno Colors Band-ը»,-ասաց Անի Նազարյանը։

Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը նշեց, որ սա շատ լավ հնարավորություն է ազգային խոհանոցը ներկայացնելու, այդ համատեքստում Հայաստանի գրավչությունը բարձրացնելու առումով։

«Զբոսաշրջային այս ակտիվ շրջանը առիթ է օգտագործելու Հայաստան եկած հյուրերին ազգային խոհանոցը ներկայացնելու առումով։ Ասեմ, որ փառատոնի շրջանակում տոլմայի 60-ից ավելի տեսակ է ներկայացվելու։ Նախորդ տարիների տեսականուց կցանկանայի առանձնացնել դդմի ծաղիկի  մեջ կամ ծովամթերքով պատրաստած տոլման։ Իրապես շատ հետաքրքրիր բաղադրատոմսերով տոլմայի տեսակներ են ներկայացվելու»,-ասաց Սեդրակ Մամուլյանը։

Նա նկատեց, որ սա լավ հարթակ է ներկայացնելու ավանդական բաղադրատոմսերով ուտեստները, ինչպես նաև խոհարարների նոր մտահաղացումները։ Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպությունն արդեն տևական ժամանակ ուսումնասիրություններ է կատարում՝ վերհանելու ազգային խոհանոցի մոռացված բաղադրատոմսերը։

Տուրիզմի hայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ Տոլմայի փառատոնը կարևոր նշանակություն ունեցող միջոցառումներից է։ Այն այս տարիների ընթացքում արդյունավետ իրականացրել է հայկական մշակութային ժառանգության պահպանության, հանրահռչակման գործառույթը։

«Այս փառատոնը յուրօրինակ զբոսաշրջային արդյունք է և հարթակ այլ ծրագրերի ձևավորման ու զարգացման համար։ Էական նշանակություն ունի Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը մեծացնելու առումով։ Նման փառատոնները նաև համայնքային զարգացման առումով մեծ նշանակություն ունի։ Փորձը ցույց է տալիս, որ տեղի պատմամշակութային վայրերն անտարբեր չեն թողում այցելուներին, դե իսկ մոտակա համայնքների բնակիչների ներգրավվածությունը ևս մեծ ակտիվություն է բերում»,-ասաց Մեխակ Ապրեսյանը։ 

Տոլմայի փառատոնը լուսաբանելու համար հրավիրված է 30-ից ավելի միջազգային լրագրող ու բլոգեր։ Ակնկալվում է 5000-ից ավելի այցելություն։

Հայերեն English Français Русский