Իրավունք

Մանկավարժական համալսարանի պաշտոնյաները կատարել են ավելի քան 5 մլն ՀՀ դրամի հափշտակություն. վնասն ամբողջությամբ վերականգնվել է

2 րոպեի ընթերցում

Մանկավարժական համալսարանի պաշտոնյաները կատարել են ավելի քան 5 մլն ՀՀ դրամի հափշտակություն. վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Շախմատ գիտահետազոտական ինստիտուտ» հիմնարկի մասնագետը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, հափշտակել է ընդհանուր 5.336.916 ՀՀ դրամ գումար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեից՝ նշելով, որ պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է։

«Մասնավորապես՝ պարզվել է, որ վերը նշված հիմնարկի տնօրենը, տեղյակ լինելով, որ հիշյալ մասնագետը աշխատանքի չի հաճախել և աշխատանքային պարտականությունները չի կատարել, պաշտոնական փաստաթղթերում ներառել է կեղծ տեղեկություններ վերջինիս կողմից աշխատանքի ներկայանալու վերաբերյալ՝ այդ կերպ օժանդակելով հիշյալ անձի կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 5.336.916 ՀՀ դրամ գումար հափշտակելուն:

Բացի այդ, համալսարանի պրոռեկտորի պաշտոնը զբաղեցրած անձը, տեղյակ լինելով հիմնարկի մասնագետի կողմից աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու վերաբերյալ, որևէ միջոց չի ձեռնարկել վերջինիս կարգավիճակը դադարեցնելու և նրան աշխատավարձ չվճարելու ուղղությամբ»,– նախաքննությունից մանրամասներ է հայտնում Կոմիտեն։

Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորին, «Շախմատ գիտահետազոտական ինստիտուտ» հիմնարկի մասնագետին և տնօրենին մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 46-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 445-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության ընթացքում մեղադրյալներն ամբողջությամբ վերականգնել են պատճառված վնասը։

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում