Մարտունի համայնքի Գեղհովիտ գյուղի վարչական շենքը վերանորոգվում է
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ գյուղի վարչական շենքում տեղական բյուջեի միջոցներով ընթանում են վերանորոգման աշխատանքներ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունիի համայնքապետարանի աշխատակազմից, Գեղհովիտի վարչական շենքի առաջին հարկում կառուցվում է բազմաֆունկցիոնալ դահլիճ, որը նախատեսված է համաժողովների, հանրային լսումների, մշակութային միջոցառումների, կրթական ֆիլմերի ցուցադրությունների, սեմինարների և այլ հավաքների կազմակերպման ու անցկացման համար։ Այն նաև կծառայի տարբեր նախաձեռնությունների իրականացմանը։ Դահլիճը նախատեսված է շուրջ 120 անձի համար։
Առաջին հարկում կառուցվում է նաև սանհանգույց, իսկ շենքի երկու հարկերում իրականացվում են ընդունարանների վերանորոգման աշխատանքներ։
Շինարարական աշխատանքները, որոնց իրականացման համար համայնքապետարանի կողմից հատկացվել է շուրջ 7 միլիոն դրամ, կավարտվեն առաջիկա մեկ ամսում։