Թրամփը Ճապոնիայի վարչապետին մանրամասներ է ներկայացրել Չինաստան կատարած այցի վերաբերյալ
1 րոպեի ընթերցում

Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին մայիսի 15-ին հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ անմիջապես այն բանից հետո, ինչ վերջինս ավարտել է եռօրյա պետական այցը Չինաստան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Kyodo լրատվական գործակալությունը։
Տակաիչին տեղեկացրել է, որ նախագահական ինքնաթիռից Թրամփն իրեն ներկայացրել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպման մանրամասները։
«Մենք կարծիքներ փոխանակեցինք Չինաստանին վերաբերող հարցերի շուրջ, այդ թվում՝ տնտեսության և անվտանգության... և վերահաստատեցինք սերտ շփումը Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերի շուրջ», - հեռախոսազրույցից հետո լրագրողներին ասել է Տակաիչին։
Նրա խոսքով, առանց մանրամասնելու՝ ԱՄՆ նախագահը տեղեկացրել է, որ Չինաստանի նախագահի հետ համաձայնության են եկել «ֆանտաստիկ առևտրային գործարքների» շուրջ։ Թրամփը հայտնել է նաև, որ իրենք երկուսն էլ նույն տեսակետն են կիսել Իրանում պատերազմն ավարտելու ու Հորմուզի նեղուցը բացելու վերաբերյալ։