Գյումրիում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր
1 րոպեի ընթերցում

Գյումրու «Տիրամայր Հայաստանի» կենտրոնի 15 սան սուր աղիքային վարակի պատճառով հոսպիտալացվել է Գյումրու բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։
Նշվում է, որ բուժառուների վիճակը գնահատվում է բավարար, արձանագրվում է դրական դինամիկա, իսկ այսօրվա դրությամբ նոր դեպքեր չեն գրանցվել։
Դեպքի առնչությամբ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետներն իրականացրել են համաճարակաբանական ուսումնասիրություն, ինչպես նաև նմուշառումներ և լաբորատոր հետազոտություններ։
Խմելու ջրի հետազոտությունների արդյունքում շեղումներ չեն հայտնաբերվել։ Կենսաբանական նմուշների հետազոտությունները շարունակվում են:
Լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի հետազոտությունների ավարտից հետո։