Իրավունք

ՀՀ-ի սեփականության իրավունքը կվերականգնվի Վայքում գտնվող՝ շուրջ 17 մլն դրամ արժեքով անշարժ գույքի նկատմամբ

2 րոպեի ընթերցում

ՀՀ-ի սեփականության իրավունքը կվերականգնվի Վայքում գտնվող՝ շուրջ 17 մլն դրամ արժեքով անշարժ գույքի նկատմամբ

Վարչական դատարանի՝ 2026 թվականի մայիսի 8-ի վճռով, բավարարվել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Դատախազության տարածած հաղորդագրությունից, վճռով անվավեր է ճանաչվել Վայք քաղաքի Երիտասարդական փողոց հասցեում գտնվող՝ 422.5 քմ մակերեսով շինության նկատմամբ «Հայաստանի Հանրապետության պաշտպանական մարզատեխնիկական» հասարակական կազմակերպության անվամբ 2002 թվականի մայիսի 2-ին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը: Անշարժ գույքի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 17 միլիոն 370 հազար դրամ է:

Կառույցից հիշեցնում են, որ Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթին զուգահեռ՝ Գլխավոր դատախազությունը հայց էր ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Կադաստրի կոմիտեի, երրորդ անձ՝ «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպության՝ պահանջելով անվավեր ճանաչել Վայք քաղաքի Երիտասարդական փողոց հրաձգարան հասցեի նկատմամբ 2002 թվականի մայիսի 2-ի՝ հասարակական կազմակերպության անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը կվերականգնվի 422.5 քմ մակերեսով անշարժ գույքի նկատմամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում