Գավառ քաղաքում 2018-2025-ին սոցիալ-տնտեսական ու կենսական նշանակության 36 ծրագիր է իրականացվել
3 րոպեի ընթերցում
Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում 2018-2025 թվականներին ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ու պետական այլ ծրագրերով իրականացվել է սոցիալ-տնտեսական ու կենսական նշանակության 36 ծրագիր, որոնց արդյունքում կատարված կապիտալ ներդրումները կազմել են 9 միլիարդ 429 միլիոն 969 հազար դրամ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, իրականացված ծրագրերից 28-ը սուբվենցիոն են, որոնց ուղղությամբ կատարված ներդրումները կազմում են 3 միլիարդ 205 միլիոն դրամ։ Պետական ծրագրերով իրականացված աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է 5 միլիարդ 331 միլիոն 134 հազար դրամ։
Իրականացված աշխատանքների արդյունքում 2018-2025 թվականների ընթացքում Գավառ քաղաքում կառուցվել է 25 հազար 740 մետր արտաքին լուսավորության ցանց, 18 հազար 937 գծամետր ճանապարհ, 21 հազար 835 մետր ասֆալտապատ ու սալիկապատ մայթեր, 7053 մետր արտաքին, 4616 մետր ներքին ջրահեռացման համակարգեր, 292,5 խմ ծավալով գաբիոնային հենապատ, կենտրոնական հրապարակի շատրվանային համակարգ, պուրակներ և խաղահրապարակներ, Հացառատ թաղամասի կոյուղագիծը, հիմնանորոգվել են Գավառի համայնքապետարանի, թիվ 7, 8 մանկապարտեզների, մշակույթի տան, գեղարվեստի դպրոցի շենքերը, բազմաբնակարան 4 շենքերի տանիքներ, տեղադրվել Գավառի պատմամշակութային արժեքների գովազդային վահանակներ կրող 8 ավտոկանգառ։
Պետական ծրագրերի շրջանակներում հիմքից կառուցվել ու 2021 թվականից շահագործման է հանձնվել Գավառի Պ․ Ղանդիլյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի շենքը, որը վերազինված է արդի չափորոշիչներին համապատասխան բոլոր պայմաններով։
Գավառ-Գեղարքունիք ավտոճանապարհի շինարարության պետական ծրագրով հիմնանորոգվել է Գավառ քաղաքով անցնող 2,6 կիլոմետրանոց ճանապարհահատվածը։
2023 թվականի դեկտեմբերից պետական ծրագրով ընթանում են Գավառի գյուղատնտեսական քոլեջի նոր շենքի կառուցման աշխատանքները՝ 1 միլիարդ 307 միլիոն 531 հազար դրամ արժեքով։ Շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել 2026 թվականի դեկտեմբերին։
ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ 2025 թվականից ընթանում են Գավառի թիվ 5 հիմնական դպրոցի կառուցման աշխատանքները՝ 2 միլիարդ 319 միլիոն 855 դրամ արժեքով, և Գավառի թիվ 4 հիմնական դպրոցի վերանորոգման աշխատանքները՝ 271 միլիոն 980 հազար դրամ արժեքով։ Գավառի թիվ 4 հիմնական դպրոցի շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2026-ին, թիվ 5 հիմնական դպրոցի շինարարական աշխատանքները՝ 2027 թվականի ընթացքում։