Մարզեր

Ծովինարի ագրոանտառը թարմացվել է 2000 նոր տնկիով

2 րոպեի ընթերցում

Ծովինարի ագրոանտառը թարմացվել է 2000 նոր տնկիով

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովինար գյուղի հարավային բարձունքում 2022 թվականին Գերմանիայի միջազգային զարգացման գործակալության հիմնած ագրոանտառը, որը զբաղեցնում է 3,5 հեկտար տարածք, օրերս թարմացվել է 2000 նոր տնկիով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունիի համայնքապետարանի աշխատակազմից,  Ծովինարի ագրոանտառը հիմնվել է դեգրադացված վարելահողերում։ Ծրագրի իրականացման ընդհանուր բյուջեն կազմել է մոտ 26 միլիոն դրամ։ Այստեղ տնկվել են հիմնականում անտառային պտղատու ծառատեսակներ և թփեր՝ անտառային տանձ, ընկուզենի, բալենի, կեռասենի, սալորենի, մոշենի և մամխենի։ Ագրոանտառի հուսալի պահպանության նպատակով արդեն կառուցվել է ցանկապատ, աշխատանքներ են տարվել  ոռոգման համակարգի ապահովման ուղղությամբ։ Ստեղծել է ագրոանտառի եռակի պաշտպանիչ շերտ՝ բարդի ակացիա և հացենի ծառատեսակներից։ Պտղատու ծառերի միջշարային հատվածներում տնկվել է մոշի 2000 և մամխի 1000 հատ թուփ։

EU4Sevan բնապահպանական ծրագրի շրջանակներում հիմնված ագրոանտառը հիմնականում համալրվել է սոճենի, հացենի, ակացիա և փշարմավ ծառատեսակների տնկիներով։

Նախաձեռնությանը սիրով միացել են նաև Ծովինարի միջնակարգ դպրոցի բարձր դասարանցիները՝ իրենց ներդրումն ունենալով հայրենի բնության պահպանման գործում։

«Ագրոանտառն արդեն աչքի է ընկնում իր բազմազանությամբ։ Բոլոր տնկիները, ինչպես նաև նախորդ տարիներին տնկված ծառատեսակները կենսունակ են հետագա աճի և զարգացման համար»,-ներկայացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում