Գրեգուար Ժաքյան. մտածել հայության մասին՝ զոհի հիշողությունից անդին

23 րոպեի ընթերցում

Բելգիայում հայտնի փաստաբան և հայ համայնքում հարգված գործիչ Գրեգուար Ժաքյանը Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված բացառիկ հարցազրույցում  վերհիշում է իր ընտանիքի պատմությունը, վերադառնում հայկական ինքնության հետ իր ունեցած խորքային կապին։

Ծագումով հայ, իրավաբանի կրթությամբ, իրավունքի, փիլիսոփայության և հումանիտար գիտությունների միջավայրում իր ինքնությունը ձևավորած Գրեգուար Ժաքյանը ներկայացնում է միաժամանակ անձնական և պահանջկոտ մտորումներ հիշողության, ժառանգության փոխանցման, սփյուռքի և ինքնության ձևավորման մեջ Հայոց ցեղասպանության տեղի մասին։  

Էրզրումի, Սալոնիկի, Իզմիրի, Բելգիայի և աքսորի ճանապարհների միջև իր ընտանեկան արմատների պատմության միջոցով նա սթափությամբ հարցադրում է անում, թե այսօր ի՞նչ է նշանակում լինել հայ՝ առանց զոհի ինքնության մեջ փակվելու և առանց պատմությունը ուրանալու։

Իրավաբանի խստությամբ և մտածողի խորությամբ նշանավորված նրա հայացքը հրավիրում է անցնել պատրաստի համոզմունքներից անդին և բացել ավելի նրբերանգ երկխոսություն հայության, պատասխանատվության, մշակույթի և հայկական սփյուռքի ապագայի շուրջ։  

-Որտեղի՞ց է Ձեր ընտանիքը, և ինչպիսի՞ն է նրա պատմությունը Բելգիայում։

-Այսպես, որտեղի՞ց է իմ ընտանիքը։ Ես այն բանի արդյունքն եմ, ինչ կարելի է անվանել տոհմածառի հատում։ Եթե նայում եմ իմ տոհմածառին, ապա ավելի շատ նայում եմ երկնքին, քան ծառիս գագաթին կամ արմատներին․շատ բան չի երևում։

Հորս կողմն Էրզրումից է, մորս կողմը՝ Սալոնիկից՝ երկու տարբեր պատմություններով։ Հորս կողմից ցեղասպանությամբ խորտակված, ցեղասպանությամբ ճզմված պատմություն է, ինչպիսին շատ ընտանիքներ են ապրել։ Իսկ մորս կողմից ցեղասպանությունից ամբողջովին զերծ մնացած պատմություն, քանի որ նրանք Սալոնիկում էին և որևէ ձևով չեն տուժել Հայոց ցեղասպանությունից։ Եվ եթե մորս կողմից ընտանեկան որևէ տրավմա կա, ապա դա Երկրորդ համաշխարհային պատերազմն է՝ Հունաստանում Երկրորդ համաշխարհային պատերազմի բռնությամբ, գերմանացիների ներկայությամբ։

Ինչ վերաբերում է Բելգիայում մեր ընտանիքի պատմությանը, ապա հայրս ծնվել է Բելգիայում, հետևաբար ես ու քույրս պատկանում ենք Ցեղասպանությունից հետո երրորդ սերնդին։ Մայրս ծնվել է Հունաստանում՝ Սալոնիկում, մասամբ կրթություն է ստացել Հունաստանում, այնուհետև Շվեյցարիայում, ապա Արգենտինայում։ Նա հորս հանդիպել է 1958 թվականին՝ Բրյուսելի համաշխարհային ցուցահանդեսի առիթով, որտեղ Արգենտինայի պատվիրակության ներկայացուցիչն էր։ Նրանք երկուսն էլ հանդիպել են Բրյուսելում։ Սա պատմական, աշխարհագրական և սերնդային բախում է։

Եվ վերադառնալով ընտանեկան պատմության մասին հարցին՝ հորս հայրական կողմն Էրզրումից է, իսկ մոր կողմը՝ Իզմիրից։

Իմ հայրական տատն ու պապը մինչ օրս ոչ լիովին պարզ հանգամանքներում ուղղորդվել են Գերմանիա։ 1930-ականների սկզբին, հավանաբար, քաղաքական իրավիճակի պատճառով և տեսնելով, թե է ինչպես իշխանության գալիս նա, ում անվանում են «բեղավոր», նրանք բնակություն հաստատեցին Բելգիայում, քանի որ ընտանիքի երկու կողմերից էլ այնտեղ արդեն հարազատներ կային։ Բայց ամենից առաջ նրանք կարծում էին, որ Բելգիան իր չեզոքության շնորհիվ իրենց ապահով միջավայր կտրամադրի։ Հետադարձ հայացքով մենք գիտենք, թե Գերմանիան ինչ արեց չեզոքություն գաղափարի հետ։

-Ի՞նչ է նշանակում Ձեզ համար այսօր հայ լինելը պատկանելությո՞ւն, հիշողությո՞ւն, պատասխանատվությո՞ւն, թե՞ աշխարհում ապրելու առանձնահատուկ ձև։

-Սա բարդ հարց է։ Կարծում եմ՝ կլինի նույնքան պատասխան, որքան մարդու այդ հարցը կտրվի։ Պետք է տարբերակել քաղաքական հասկացությունն ու մշակութային հասկացությունը։ Քաղաքական առումով ես ինձ նախևառաջ զգում եմ որպես հայկական ծագմամբ բելգիացի։ Ես ինձ չեմ համարում բելգիացի հայ։ Ես ինձ համարում եմ հայկական ծագմամբ բելգիացի՝ քաղաքական հետևողականությունից և սահմանադրական ամբողջականության սկզբունքների նկատմամբ հարգանքից ելնելով։

Մշակութային տեսանկյունից ես ինձ համարում եմ երկազգ, թեև հայերենի իմ իմացությունը լավ չէ։ Ես հասկանում եմ հայերեն, բայց լավ չեմ տիրապետում։ Սակայն կա զգայունություն, կա պատմության փոխանցում։

Ես չեմ սիրում հիշողության փոխանցման հասկացությունը։ Կարծում եմ՝ սխալ է խոսել հիշողություն փոխանցելու մասին։ Ես ունեմ հիշողություն, բայց չեմ կարող այն փոխանցել։ Կարող եմ փոխանցել պատմություն, բայց չեմ կարող փոխանցել իմ հիշողությունը։ Նույն կերպ ես չեմ կարող իմ երազներից մեկը՝ ուղեղային իմաստով, կիսել մեկ ուրիշի հետ այնպես, որ նա այն ապրի։ Այս ամենը շատ անձնական է։ Ես կարող եմ դրանք նկարագրել և պատմել դրանց ընթացքը, բայց չեմ կարող ստիպել ուրիշին վերապրել դրանք։

Ի տարբերություն Ազնավուրի, որն ասում էր, թե ինքը 100 տոկոսով ֆրանսիացի է և 100 տոկոսով հայ, ես կարծում եմ, որ դա քաղաքական և ինստիտուցիոնալ տեսանկյունից ճիշտ չէ։ Քանակական ծրարը փակ է, և հնարավոր չէ 100 տոկոսի ծրարի մեջ երկու անգամ 100 տոկոս տեղավորել։ Դա չի աշխատում։ Ուստի, կարծում եմ, որ քաղաքական առումով ես 100 տոկոսով բելգիացի եմ, քանի որ երկքաղաքացի չեմ։ Մշակութային առումով, սակայն, զգայունության մակարդակում, այնտեղ ես կարող եմ բացել ծրարը՝ առանց անհետևողականության մեջ բռնվելու։ Ես կարող եմ լինել ավելի քան 100 տոկոսով բելգիացի։ Մշակութային կուտակումը չի բացում երկակի հավատարմության մեղադրանքի ճանապարհը։

-Խոսեցիք հիշողության փոխանցման մասին։ Շատ հայկական ընտանիքներում կան պատմություններ, բայց նաև լռություններ։ Դրանցից որո՞նք են Ձեզ ամենից շատ ձևավորել, և ի՞նչ են դրանք փոխանցել Ձեզ՝ վե՞րք, արժանապատվությո՞ւն, պահանջկոտությո՞ւն, գուցե, պա՞րտք։

Մորս կողմից՝ Ցեղասպանության մասին ոչինչ, քանի որ նրանք լիովին զերծ են մնացել դրանից։ Մորս կողմից դա լեզուն է, զգայունությունը, հայկական արտահայտությունը, բույրը, փոխանցված պատմության պատառիկները։ Բայց դա հիշողություն չէ, դրանք փոխանցված պատմություններ են։

Հորս կողմից դա շատ ավելի ծանր էր, և ես չեմ ուզում մտնել մանրամասների մեջ, ներկայացնել կամ հանրային դարձնել որոշ տառապանքներ։ Հորս կողմից, հետևաբար, քիչ էին չասված բաները, բայց նա ինքն էր կրել այդ չասվածի ծանրությունը։ Նա իր ծնողների և իր տատերի ու պապերի պատմության մասին գրեթե ոչինչ չգիտեր, և դա մինչև կյանքի վերջը նրա համար իսկական ողբերգություն էր։ Նա միշտ փորձել է բարձրանալ այդ հատված տոհմածառով։ Բայց երբեք չի կարողացել, որովհետև անմիջապես հասել է իրենից վեր երկրորդ ճյուղին՝ չկարողանալով դրանից այն կողմ անցնել։ Քույրս է այդ թերի տոհմածառի պահապանը։

Այսպիսով, հորս կողմից փոխանցվածը պատմությունն էր։ Դա պատմությունն էր, ինչպես նաև սփյուռքյան ինստիտուցիոնալ ուղիներից դուրս գալու առաջին փորձը։ Նա առաջիններից էր, որ սկսեց մտածել դեպի մյուսը բացվելու մասին։ Նա առաջիններից էր, ով, թեև զոհ էր, չմտավ թուրքի համակարգված դիվականացման մեջ։ Եվ նա առաջիններից էր, որ հետաքրքրվեց օսմանյան արդարների թեմայով, որովհետև կային նաև օսմանյան արդարներ։

Ուստի, չնայած այդ հսկայական տառապանքին, չնայած այն լռություններին, որոնք նա ստիպված էր կրել՝ հայրս ցուցաբերեց որոշակի ոչ սովորական քաջություն՝ ուշադիր լինելով ուրիշի նկատմամբ, ուրիշի՝ բառի ընդհանուր իմաստով. «Հիշողության հանգույցներ, նոր պարտք»՝ Բորիս Պաստեռնակ․ այս իմաստով։ Ինձ թվում է, որ ուրիշի հանդեպ պարտքը ավելի ծանրակշիռ է, քան հիշողապաշտական ոլորումները։

-Ձեր ուղին մի քանի պատկանելությունների խաչմերուկում է։ Ինչպե՞ս է այդ բազմակիությունը ձևավորել Ձեր անձնական, մտավոր և մասնագիտական ինքնությունը։

-Հիմնարար կերպով։ Դա շատ կառուցողական և ձևավորող էր։ Ես հնարավորություն ունեցա իրավագիտություն սովորելու, իրավունքը գործնականում կիրառելու, ինչը ինձ տվեց դատողության խստության զգացում։ Դա ինչ-որ առումով տառերի մաթեմատիկան է։

Ես հնարավորություն ունեցա նաև առնչվելու փիլիսոփայությանը, քանի որ փիլիսոփայության ակադեմիական կուրս էի անցել, իհարկե, թերի, որովհետև այն ընդհատվեց ԱՄՆ մեկնելու պատճառով։ Եվ ամենից առաջ ես բախտ ունեցա գրեթե 50 տարի ապրել հումանիտար գիտությունների միջավայրում՝ ընթերցումների, հանդիպումների միջոցով։ Այս երեք ձևավորումները՝ իրավունք, փիլիսոփայություն և հումանիտար գիտություններ, վճռորոշ էին իմ մտքի ձևավորման, աճի մեջ։

Պատմությունը շատ զվարճալի է։ Ես ուզում էի փիլիսոփայություն սովորել։ Հետո բոլորը ասում են՝ դու իրավաբան դարձար, որովհետև հայրդ փաստաբան էր։ Այսինքն՝ այստեղ կա՞ր ինչ-որ ատավիզմ, տոհմաբանական կամ մասնագիտական անհրաժեշտություն։ Բացարձակապես ոչ։ Ես ուզում էի փիլիսոփայություն սովորել, և հայրս ասաց․ «Լավ, կարող ես փիլիսոփայություն սովորել, բայց փիլիսոփայության դիպլոմով չես վաստակի։ Դու կլինես ասիստենտ կամ դասընթացավար ինչ-որ հաստատությունում, և եթե դա ես ուզում, արա, բայց իմացիր դա։ Ուստի, քեզ խորհուրդ եմ տալիս իրավագիտություն սովորել։ Իսկ եթե ուզում ես փիլիսոփայություն սովորել, փիլիսոփայությունն արա դրան զուգահեռ»։

Ես բավականին ընկալունակ էի նրա տված պրագմատիկ փաստարկի նկատմամբ, առավել ևս, որ ինտուիտիվորեն զգում էի, որ այդ երկու կրթությունների, այդ կրկնակի ձևավորման միջև լրացում կա։ Այդպես սկսեցի իրավագիտություն սովորել և այն զուգակցեցի փիլիսոփայության ուսմամբ։ Դա ինձ թույլ տվեց նաև թե՛ ուսումնառության, թե՛ մտորումների տեսանկյունից կապ ստեղծել քաղաքական փիլիսոփայության և իրավունքի միջև, այսինքն՝ զբաղվել իրավունքի փիլիսոփայությամբ։ Ես շատ եմ կարդացել, շատ եմ հետաքրքրվել և մի քիչ էլ գրել իրավունքի փիլիսոփայության մասին։

-Իրավունքի և հիշողության միջև լարում տեսնո՞ւմ եք։ Իրավունքը պահանջում է ապացույցներ, մինչդեռ հիշողությունը երբեմն կրում է անասելին ինչպե՞ս ապրել այդ բացվածքի մեջ։

-Գեղեցիկ հարց է։ Կարծում եմ՝ իրավունքն ու հիշողությունը կապ չունեն միմյանց հետ։ Դրանք մտորումների երկու տարբեր մակարդակներ են։ Ինչո՞ւ։ Այստեղ, գուցե, մի քիչ մտնում ենք իրավունքի փիլիսոփայության մեջ, բայց իրավունքի ամբողջ հասկացությունը հիմնված է սահմանի գաղափարի վրա։

Իրավունքում սահման կա։ Իրավունքը սահմաններ է դնում։ Եվ իմ էսսեում ես մեջբերում եմ ֆրանսիական քաղաքացիական իրավունքի շատ հայտնի մի պրոֆեսորի՝ վաղուց մահացած դեկան Կարբոնյեի շատ նշանավոր խոսքը․ «Պետք է կտրել, պետք է կտրել»։ Մի պահ պետք է կանգնեցնել հաշվիչը, պետք է դադարեցնել հաշվարկը, հետևաբար, պետք է ժամանակին վերադարձնել իշխանությունը։ Դա սոցիալական և հոգեկան խաղաղության գինն է։

Այսպիսով, կա հակասություն, լարում մի կողմից իրավունքի, որը նորմեր է սահմանում, կազմակերպում է սոցիալական պայմանագիր, և հիշողության միջև, որը իր հերթին խուսափում է ժամանակից, բայց կախված է հիշողություն կրողից։ Ես համոզված եմ, և նյարդաբաններն ու նյարդահոգեբույժները կարող են ինձ հակաճառել, բայց իմ համեստ ընթերցումների հիման վրա մնում եմ համոզված, որ հիշողությունն անձնական է։

Երբ մարդը մահանում է, նրա հիշողությունը, նրա հիշողության կոշտ սկավառակն   անհետանում է նրա հետ։ Մյուս կողմից այն ձևը, որով նա պատմում է իր պատմությունները, առաջացնում է փոխանցում։ Մարդը, որը մահանում է, բայց մահից առաջ պատմել է իր ուղին, կարողացել է փոխանցել պատմություն, և այդ պատմությունն է, որ այնուհետև փոխանցվում է։ Բայց ես չեմ հավատում հիշողության փոխանցմանը, ես հավատում եմ փաստերի, պատմության փոխանցմանը։ Ուստի, իրավունքն ու հիշողությունը զարգանում են երկու տարբեր մակարդակներում կամ երկու բացարձակապես տարբեր մակարդակների վրա։

-Ձեր վերջին էսսեի հենց վերնագիրը՝ «Փոքրամասնությունից դուրս գալու համար», ենթադրում է պատմական, քաղաքական և գրեթե գոյաբանական վիճակը հաղթահարելու կամք։ Կարելի՞ է դուրս գալ զոհի վիճակից՝ առանց զոհերի հիշատակն ուրանալու։ Եթե այո, ապա ինչպե՞ս։

-Այո, կարելի է դուրս գալ զոհի վիճակից։ Նախ՝ հերթականությամբ։ Հայրս մի ասացվածք ուներ, որով բացատրում էր, որ «դահճի որդին դահիճ չէ, իսկ զոհի որդին զոհ է»։ Հայրս իր սերնդի համար ճիշտ էր, որովհետև հայրս ուղիղ զոհի որդի էր։ Իսկ ես զոհի թոռ եմ, և ինձ զոհ չեմ համարում։

Որովհետև, եթե ինձ զոհ համարեի, դահճին կշնորհեի արտաժամանակային և արտատարածքային իշխանություն։ Մի պահ պետք է կտրել, բայց դա չի նշանակում, որ տրավմաները կամ տառապանքները սերնդեսերունդ չեն փոխանցվում․ դա անվիճելի է։ Սակայն միայն տառապանքի կամ տրավմայի փոխանցման փաստը զոհի կարգավիճակ չի շնորհում այդ տրավման ստացողին՝ անկախ նրանից, թե նա շղթայի որ սերունդն է։

Զոհի կարգավիճակից հրաժարվելով՝ ես հրաժարվում եմ իմ ինքնությունը կապել Ցեղասպանության հետ։ Ես ինձ հնարավորություն եմ տալիս, ինձ թույլ եմ տալիս ունենալ սեփական ինքնություն՝ առանց, իհարկե, Ցեղասպանությունը մոռանալու, առանց Ցեղասպանության ծանրությունը ուրանալու, բայց նաև առանց նրան տալու արդիականացված, ժամանակակից, մշտապես վերաակտիվացվող մի ուժ, որը, ինձ թվում է, վնասակար ուժ է, քանի որ այն կլանում է անհատի էներգիան, ներշնչանքն ու սոցիալական ինքնիրացման կամքը։

Ուստի, էսսեի վերնագիրը, ենթավերնագիրը՝ «Փոքրամասնությունից դուրս գալու համար»...անչափահասը երեխա է, որը գտնվում է ընտանեկան խորհրդի կամ դատավորի խնամակալության ներքո։ Ինձ թվում է, որ սփյուռքը, քանի որ գիրքը հիմնականում սփյուռքին է ուղղված, գտնվում է Ցեղասպանության խնամակալության ներքո, և այդ օտարացնող Ցեղասպանությունն է, որ գիտակցաբար կամ անգիտակցաբար որոշում է սփյուռքի փոխարեն։

Փոքրամասնության վտանգն այն է, որ այն կարող է սահել համայնքայնության մեջ, իսկ համայնքայնությունը մասնատում է սոցիալական միջավայրը, որովհետև այնքան համայնքայնություններ կան, որքան փոքրամասնություններ։ Համայնքայնության սահմանումն է՝ մասնավոր շահը, սեփական շահը գերադասել ընդհանուր շահից, քաղաքի շահից, հունական իմաստով՝ պոլիսից։ Այսպես, սփյուռքում շատերը քվեարկում են միայն որևէ թեկնածուի՝ Ցեղասպանության հարցի կամ ժխտողականությունը քրեականացնող օրենքների վերաբերյալ նրա դիրքորոշման հիման վրա։  

Ուստի, ես մնում եմ համոզված, որ զոհի կարգավիճակից հրաժարվելը միջոց է ապահովելու ներդաշնակ ինտեգրում, ներդաշնակ ձուլում հասարակության մեջ՝ առանց որևէ բան ուրանալու և ավելի շատ աշխատելով պատմության, քան աֆեկտի վրա։ Այլ կերպ ասած՝ դա թույլ է տալիս գերակա դարձնել փաստը, գիտությունը, պատմությունը կամ իրավունքը, բանականությունը՝ զգացմունքի կամ տեսակետի նկատմամբ։

-Սփյուռքում այսօր ի՞նչն է Ձեզ թվում առավել վտանգված՝ լեզո՞ւն, հիշողությո՞ւնը, քաղաքական գիտակցությո՞ւնը, թե՞ պարզապես սերունդների միջև կապի որակը։

-Ամեն ինչ։ Բայց վերադառնում եմ տրված հարցին․ ես չեմ կարծում, որ կա մեկ սփյուռք, ես դրան չեմ հավատում։ Կարծում եմ՝ կան բազմաթիվ սփյուռքներ։

Վերցնենք Բելգիայի օրինակը․ Բելգիայում կան մի քանի սփյուռքներ։ Կա սփյուռք, որը կազմված է հին ընտանիքներից, որոնք այստեղ էին դեռ Ցեղասպանությունից առաջ։ Կան ընտանիքներ, որոնք եկել են Ցեղասպանության հետևանքով կամ Ցեղասպանության պատճառով․ դա այն է, ինչ ես անվանում եմ ավանդական սփյուռք։ Հատկապես դրան է ուղղված իմ քննադատական էսսեն։ Եվ հետո կա սփյուռք, որը ձևավորվել է 70-80-ականներին՝ Լիբանանից եկած հայերով՝ Լիբանանի քաղաքացիական պատերազմի պատճառով, նաև Թուրքիայից եկած հայերով։ Եվ կա ավելի շատ տնտեսական բնույթի արտագաղթ՝ Հայաստանից եկող հայերի։

Այս երեք խմբերն ունեն տարբեր զգայունություններ, երբեմն նույնիսկ տարբեր շահեր։ Բելգիա ժամանող երիտասարդի, Հայաստանից եկած առաջին սերնդի ներգաղթյալի շահը լիովին օրինական է՝ այն տնտեսական է։ Նա այստեղ գալիս է տնտեսական գոյատևման և տանը մնացածներին պահելու համար։ Եվ, հետևաբար, նրանից պարտադիր չէ պահանջել մասնակցել մշակութային գործունեությանը այնպես, ինչպես մենք էինք այն պատկերացնում։

Սփյուռքների վտանգները բազմակի են։ Ես խոսում եմ միայն այն սփյուռքի մասին, որը ճանաչում եմ։ Կարծում եմ՝ ամենակարևոր վտանգը մշակույթի կորստի վտանգն է՝ բառի լայն իմաստով։ Քիչ հայեր, քիչ հայկական ծագումով բելգիացիներ, նույնիսկ իմ սերնդից, գիտեն հայկական գրականությունը։ Սա առաջին վտանգն է՝ մշակույթի կորուստը։

Երկրորդ վտանգը, որը ես տեսնում եմ, կապված է համայնքայնության ռիսկի հետ։ Բացատրեմ։ Քիչ առաջ ես դատապարտեցի և նաև իմ քննադատական էսսեում խորությամբ վերլուծում եմ համայնքայնության գայթակղությունը։ Բայց այս համայնքայնության գայթակղությունն ունի մեդալի հակառակ կողմը, և այդ հակառակ կողմն այն է, որ այն իրեն հաստատում է որպես օրինական իշխանություն Հայաստանում։ Այլ կերպ ասած՝ կա սփյուռքյան գայթակղություն՝ ներթափանցելու կամ ազդելու Հայաստանի քաղաքական մեխանիզմների վրա։

Ես կարծում եմ, որ այստեղ պետք է սահմանազատում անել՝ կրկին քաղաքականի և մշակութայինի միջև։ Քաղաքական առումով հայկական ծագմամբ բելգիացին չպետք է պահանջի ներկայացվածություն Հայաստանի խորհրդարանում։ Սփյուռքում շատերը իդեալական աշխարհում կցանկանային, որ Հայաստանի խորհրդարանում 10-15 հատուկ պահված տեղեր լինեին հայկական սփյուռքի ներկայացուցիչների համար։ Բայց ինչի՞ հիման վրա։ Դա բացարձակապես ոչ մի իմաստ չունի։

Առավել ևս, ես երկքաղաքացի չեմ։ Ես ունեմ միայն մեկ անձնագիր՝ բելգիական անձնագիր։ Ուստի չեմ տեսնում, թե ինչ հիմքով միայն հայկական ծագում ունենալու պատճառով կարող եմ պահանջել քաղաքական իրավունք Հայաստանում։

Այն, որ ես արտահայտվում եմ Հայաստանի գործերի մասին, իհարկե, հնարավոր է, ինչպես կարող եմ արտահայտվել, օրինակ, Բրազիլիայում անտառահատումների մասին։ Բայց ես չեմ պահանջում ներկայացված լինել Բրազիլիայի խորհրդարանում։

Եվ հետևաբար, ինձ թվում է, սփյուռքի վտանգը կրկնակի է՝ մշակութային կորուստ, մշակութային նոսրացում, ինչպես նաև Հայաստանի գործերին միջամտելու գայթակղություն։

-Ինչպե՞ս եք սահմանում հայկականությունը, և ինչպիսի՞ հայկականություն եք փորձում փոխանցել Ձեր երեխաներին։

-Այս հարցի մեջ շատ հարցեր կան։ Ի՞նչ է հայկականությունը։ Ես չգիտեմ։ Ուստի,  սկսեմ ամենապարզից՝ չգիտեմ։ Դա նման է, եթե հրեային հարցնեն՝ ի՞նչ է նշանակում լինել հրեա։ Ոմանք ասում են՝ դա կրոնական պատկանելություն է, ուրիշները ասում են՝ դա արյունն է, երրորդները ասում են՝ դա ավանդույթ է։

-Իսկ Դուք ինչպե՞ս եք այն կրում։

-Ես Ձեզ կպատասխանեմ փաստաբանի նման․ չգիտեմ, մի քանի ձևով։ Ինձ համար  շատ անձնական մակարդակում դա ավանդույթ է։ Դա ավանդույթ է, որովհետև ես աթեիստ եմ։ Ես ունեմ բելգիական անձնագիր, ինձ զգում եմ բելգիացի՝ առանց իմ ծագումն ուրանալու։ Եվ, հետևաբար, դա ավանդույթ է, զգայունություն է, մշակույթ է, կորուսյալ ժամանակի հիշողություններ են։

Ինչ վերաբերում է իմ երեխաներին, հարցը շատ անձնական է, և քանի որ այն շատ անձնական է, չեմ մտնի մանրամասների մեջ։ Ես, ինչպես իմ սերնդից շատերը, հայտնվել էի հակասության մեջ․ կա՛մ նրանց չափազանց շատ ես ասում և ծանրաբեռնում, ռմբակոծում, կա՛մ ոչինչ չես ասում՝ նրանց պաշտպանելու համար։ Ուստի, ես փորձել եմ գտնել լեռնային կատարի մի նեղ ճանապարհ՝ այդ երկուսի միջև փոքրիկ քարեր ցանելով։

Եվ այն երկու սերմերը, որոնք ես ցանել եմ և որոնք առայժմ դիմադրում են ժամանակին, նրանց անուններն են։ Որդիս կրում է պապիս անունը՝ Վահրամ, իսկ աղջիկս՝ մեծ մորաքրոջս՝ Մելինեի անունը։ Դա ինձ համար ավանդույթը, զգայունությունն ու մշակույթը հարգելու ձև է։ Բայց դա քաղաքական հանձնառություն չէ։

Ես նաև իմ կյանքում հրաժարվում եմ ակտիվիստ լինելուց, և սա անձնական է՝ պայմանավորված իմ ձևավորմամբ։ Ես չեմ սիրում դա, բայց հարգում եմ։ Անձամբ ես ակտիվիստ չեմ։ Չեմ ուզում լինել ակտիվիստ։ Նախընտրում եմ լինել մտածող, դիալեկտիկ, որովհետև ակտիվիստը կասկած չունի։ Իսկ ես կարծում եմ, որ իմ իրավաբանական և փիլիսոփայական ձևավորման շնորհիվ կասկածը անփոխարինելի է։

Հայերեն Français Русский

Հայաստանի բասկետբոլի հավաքականն ընկերական խաղում հաղթել է Իռլանդիային

Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում

ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը

Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը

Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը

Իշխան Զաքարյանը Հայաստանի Հանրապետությանը կվերադարձնի շուրջ 305 միլիոն դրամ

Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ

Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը

Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը