Մարզեր

Ծովինար գյուղում 2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական նշանակության 12 ծրագիր է իրականացվել

2 րոպեի ընթերցում

Ծովինար գյուղում 2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական նշանակության 12 ծրագիր է իրականացվել

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովինար գյուղում 2018-2025 թվականների ընթացքում սուբվենցիոն և պետական այլ ծրագրերով իրականացվել է սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության 12 ծրագիր, որոնց ուղղությամբ կատարված ներդրումների ընդհանուր գումարը կազմում է 3 միլիարդ 685 միլիոն 591 հազար դրամ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունիի համայնքապետարանից, 12 ծրագրից 10-ը սուբվենցիոն են, որոնց իրականացման համար ծախսվել է 1 միլիարդ 594 միլիոն 405 հազար դրամ։ Պետական ծրագրերից մեկով՝ 456 միլիոն 186 հազար դրամ արժեքով, կառուցվել է 7600 մետր երկարության ոռոգման ջրատար ցանց։ 

Իրականացված ծրագրերի արդյունքում 2018-2025 թվականների ընթացքում Ծովինարում կառուցվել է 16163 մետր ոռոգման, 18243 մետր խմելու ջրատար ցանցեր, 26499 մետր արտաքին լուսավորության ցանց, Արցախյան պատերազմներում զոհվածների հուշահամալիր, 650 խմ ծավալով խմելու ջրի երկու ջրամբար, 300 մետր գազատար, հիմնանորոգվել է  ներհամայնքային նշանակության 28015 մետր ճանապարհ, մանկապարտեզի և մշակույթի կենտրոնի շենքերը, սալարկվել է մշակույթի կենտրոնի դիմացի հրապարակը։

Ծովինարի մանկապարտեզը սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվել է 2022-2023 թվակաների ընթացքում և բացվել 2024 թվականի մայիսից։ Այժմ մանկապարտեզում գործում է 3 խումբ՝ նախադպրոցական տարիքի 90 երեխայի համար։

ՀՀ կառավարության միջոցներով՝ 1 միլիարդ 635 միլիոն դրամ արժեքով և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ հիմքից կառուցվում է Ծովինարի միջնակարգ դպրոցի շենքը։ Դպրոցի նոր շենքի կառուցման աշխատանքները, որոնք մեկնարկել են 2025 թվականի մարտից, նախատեսվում է ավարտել 2027 թվականի սեպտեմբերին։

Սուբվենցիոն և պետական ծրագրերից բացի 2024 թվականին Գեղարքունիք-Ֆրանսիայի Իզերի մարզ համագործակցության շրջանակներում, ֆրանսիական կողմի միջոցներով, հիմնանորոգվել և վերազինվել է Ծովինարի բուժամբուլատորիայի շենքը։   

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում