Վերակառուցվում է Կարճաղբյուր գյուղի զբոսայգին
2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կարճաղբյուր գյուղում տեղական բյուջեի միջոցներով ընթանում են զբոսայգու վերակառուցման աշխատանքներ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, ծրագրով նախատեսված է հիմնովին փոխել նախկին բազալտե պարիսպը, վերակառուցել տարածքում գտնվող հուշարձանը և երեսապատել պատվանդանը։ Բարեկարգման աշխատանքների շրջանակում շուրջ 450 քմ տարածքում հիմնվելու է սիզամարգ՝ դեկորատիվ թփերով, ինչպես նաև ձևավորվելու են ծաղկանոցներ։ Եվս 200 քմ տարածքում իրականացվում է անցուղիների սալիկապատում։ Նախատեսվում է նաև բազալտե սալերով նոր մուտքի կառուցում։
Այգու արևելյան հատվածում կառուցվում են մինի ֆուտբոլի և բասկետբոլի խաղադաշտեր՝ բնակավայրի երիտասարդների և երեխաների ակտիվ հանգիստն ու մարզական առօրյան խթանելու նպատակով։
Գլխավոր մուտքից դեպի հուշարձան տանող հատվածում տեղադրվելու են Կարճաղբյուրի զոհված հերոսների հուշատախտակները՝ ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը նվիրաբերած քաջորդիների։
Ծրագրով նախատեսված է նաև ամբողջ տարածքի արտաքին լուսավորության իրականացում գնդաձև լուսատուներով, ինչպես նաև երկու զրուցարանի տեղադրում՝ բնակիչների հանգստի և ժամանցի կազմակերպման համար։
«Զբոսայգում արդեն գործում է երեխաների համար նախատեսված խաղահրապարակը, որն արդեն դարձել է փոքրիկների սիրելի վայրերից մեկը։ Բարեկարգ և ժամանակակից հանրային միջավայրերի ստեղծումը շարունակում է մնալ համայնքային զարգացման առաջնահերթ ուղղություններից մեկը։ Ծրագիրն իրականացվում է բացառապես համայնքային բյուջեի միջոցներով, որի ընդհանուր արժեքը կազմում է 65 միլիոն դրամ:
Օրերս Կարճաղբյուր գյուղում աշխատանքային այց է կատարել Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը և դիտարկել վերակառուցվող զբոսայգու շինարարական աշխատանքները»,-ներկայացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից։