Աշխարհ

Անհայտ անձինք պատանդներ են վերցրել Գերմանիայի արևմուտքում գտնվող բանկերից մեկում

2 րոպեի ընթերցում

Անհայտ անձինք պատանդներ են վերցրել Գերմանիայի արևմուտքում գտնվող բանկերից մեկում

Անհայտ անձինք պատանդներ են վերցրել Գերմանիայի արևմուտքում գտնվող Զինցիգ քաղաքի Volksbank բանկի մասնաճյուղում։ Ոստիկանությունը շրջափակել է քաղաքի կենտրոնը, իրականացվում է մասշտաբային գործողություն։ «Արմենպրես»-ը փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն:

Ինչպես պարզաբանել են իրավապահ մարմիններում, պատանդներ վերցնելու մասին հաղորդագրությունն ստացվել է առավոտյան ժամը 9-ին։ Բանկում գտնվող մարդկանց թվաքանակը չի նշվում։ Հայտնի է միայն, որ խոսքը մի քանի հանցագործների և պատանդների մասին է. վերջինների թվում է ինկասատորի ավտոմեքենայի վարորդը։

«Իրավիճակն այժմ անփոփոխ է», - նշել է ոստիկանության ներկայացուցիչը։

Չի հաղորդվում, թե արդյոք հարձակվողները զինված են եղել և արդյոք կան վիրավորներ հարձակման հետևանքով։ Ոստիկանությունում նաև չեն մեկնաբանում իրենց հետագա գործողությունները, որպեսզի հանցագործները չօգտվեն տեղեկատվությունից։

«Մենք պետք է սպասենք և տեսնենք, թե ինչպես կզարգանա իրադրությունն առաջիկա րոպեների և ժամերի ընթացքում», - ընդգծել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը։

Շրջափակված տարածքում բնակվող մարդկանց արգելվում է դուրս գալ տներից։ Քաղաքի մյուս շրջանների բնակիչների համար վտանգ չկա, հավելել է ներկայացուցիչը։ Սպասվում է, որ ոստիկանությունն ավելի ուշ մանրամասն հաշվետվություն կներկայացնի տեղի ունեցածի վերաբերյալ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում