«Հայաստան-ԵՄ մշակութային երկխոսություն-2026». քննարկվել են մշակույթի ոլորտում համագործակցության նոր հնարավորությունները

7 րոպեի ընթերցում

Հայաստան-ԵՄ մշակութային համագործակցության նոր փուլ․«Հայաստան-ԵՄ մշակութային երկխոսություն-2026» խորագրով աշխատաժողովն արդեն երկրորդ անգամ համախմբել էր Հայաստանի և Եվրոպական միության մշակութային ոլորտի առանցքային դերակատարներին՝ քննարկելու ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարության իրականացման ընթացքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ աշխատաժողովի ընթացքում քննարկվեցին Հայաստան-ԵՄ մշակութային համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև մշակութային տուրիզմին, ստեղծարար կրթությանն ու մշակութային նախաձեռնությունների զարգացմանը վերաբերող հարցեր:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ներկաներին, շնորհակալություն հայտնեց Վասիլիս Մարագոսին և Եվրոպական միության պատվիրակության ողջ թիմին՝ արդյունավետ համագործակցության համար։

«Նախորդ տարվանից միասին փորձեցինք կրթության ոլորտում արդեն հաջողությամբ գործող երկխոսության հարթակը տեղափոխել նաև մշակութային օրակարգ։ Ուրախությամբ եմ արձանագրում, որ այս հարթակն իսկապես բովանդակալից և պահանջված է. այն հնարավորություն է տալիս թե՛ ապահովելու մշակույթի ոլորտում մեր համագործակցության տեսանելիությունը, թե՛ գաղափարների քննարկման միջոցով սահմանելու նոր թիրախներ։

Վերջին շաբաթների իրադարձությունները ցույց են տալիս, որ իրականում բացվում են նոր հնարավորություններ, և կարծում եմ՝ մեր յուրաքանչյուրի պատասխանատվությունն է այդ հնարավորությունները ճիշտ օգտագործելը»,- նշեց ԿԳՄՍ նախարարը:

Նախարարը հիշեցրեց, որ մշակույթի ռազմավարությունը  համատեղ աշխատանքի արդյունքն է։ Երբ այդ փաստաթուղթը երկար քննարկումներից հետո հաստատվել է 2023 թվականին, այն միայն նախարարության փաստաթուղթը չի եղել։ Նախարարությունը մեծ աշխատանք է տարել Եվրամիության գործընկերների, միջազգային այլ կազմակերպությունների, մշակույթի ոլորտի ներկայացուցիչների, ստեղծագործող մարդկանց, կառույցների և հասարակական կազմակերպությունների հետ։

«Կարծում եմ՝ ռազմավարությունները հենց այդպիսին պետք է լինեն, դրանք միայն պետական գերատեսչության անելիքը չեն, այլ կարող են իրականություն դառնալ միայն համատեղ ջանքերի շնորհիվ։

Ուրախ եմ, որ խոսելով 2027 թվականի մասին, որը ռազմավարության ամփոփման տարին է լինելու, տեսնում ենք զգալի առաջընթաց։ Մեր արձանագրած արդյունքները բավական տպավորիչ են։ Օրինակ՝ մշակութային ժառանգության պահպանության, մասնավորապես հուշարձանների պահպանման ուղղությամբ պետական ծախսերը 2025 թվականին 542 տոկոսով աճել են՝ 2022 թվականի համեմատ։ Սա խոսում է ոչ միայն պահպանման, այլև այդ ժառանգության հասանելիության և հանրային տեսանելիության մասին։

Ես շատ բարձր կարծիք ունեմ հայկական մշակույթի ներուժի մասին։ Հիշում եմ Իտալիայի մշակույթի նախարարի այցը Հայաստան, երբ նա ասաց, որ իրենց նախարարությունը ոչ թե գումար է խնդրում Կառավարությունից, այլ ինքն է ապահովում ֆինանսական հոսքեր։ Այդ ժամանակ դա ինձ մի փոքր անսովոր թվաց, սակայն այսօր կարծում եմ, որ Հայաստանի մշակույթն էլ ունի նույն ներուժը։ Մենք նույնպես կարող ենք դառնալ մի ոլորտ, որը ոչ թե միայն սպառում է ռեսուրսներ, այլ ստեղծում է արժեք և վերադարձնում հանրությանը»,- ասաց Ժաննա Անդրեասյանը:

Նա ընդգծեց՝ պետության խնդիրն է ճիշտ խթաններ ստեղծել այդ ներուժը զարգացնելու համար։ Այդ նպատակին են ծառայում նաև վերջին տարիներին իրականացվող բարեփոխումները:

Ըստ նախարարի՝ ամենամեծ խնդիրներից մեկը մշակութային կյանքի գերկենտրոնացումն է Երևանում։ Այդ պատճառով մշակութային ռազմավարության կարևոր ուղղություններից մեկը մարզերում մշակութային կյանքի աշխուժացումն է.

«Այդ շրջանակում իրականացնում ենք մի շարք ծրագրեր, օրինակ՝ «Ֆեստիվառ» փառատոնը տարբեր քաղաքներում։ Այս տարի, օրինակ, ամռանը պատրաստվում ենք միջոցառումներ անցկացնել նաև Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում։

Մշակութային կյանքի հասանելիությունը կյանքի որակի կարևոր բաղադրիչ է, և առանց դրա դժվար կլինի հասնել այն արդյունքներին, որոնք ցանկանում ենք ունենալ։

Եվրամիության հետ համագործակցության կարևոր բաղադրիչը մարդկանց միջև կապերի զարգացումն է։ Մենք արդեն ունենք լավ համագործակցություն «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի շրջանակում, և վստահ եմ, որ համատեղ աշխատանքը նոր արդյունքներ է բերելու»,- ասաց նախարարը։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը նշեց, որ մշակույթը  միավորում է, և  ոչ միայն մշակույթը, այլև տնտեսությունը, հասարակությունը, ինքնությունը՝ այն բազմաթիվ արժեքները, որոնք իմաստ են հաղորդում մարդկանց առօրյա կյանքին։  ԵՄ դեսպանը շնորհակալություն հայտնեց  այս գործընթացն ու երկխոսությունը նախաձեռնողներին և տարբեր ոլորտների ներկայացուցիչներին՝ նշելով, որ բոլորն էլ հրաշալի աշխատանք են կատարում։

«Բնականաբար, գիտեմ, որ ցանկանում եք անել ավելին, բայց կարող եմ վստահ ասել, որ Հայաստանի մասնակցությունը «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին չափազանց կարևոր է։

Մենք աջակցել ենք, օրինակ, Երևանի նորաձևության շաբաթվա կազմակերպմանը, որովհետև դա միայն մշակութային նախաձեռնություն չէ, այլ նաև տնտեսության, բրենդավորման և հայկական արտադրանքի ճանաչելիության զարգացման կարևոր գործիք։ Կան բազմաթիվ ոլորտներ և արտադրանքներ, որոնց զարգացման միջոցով մենք փորձում ենք խորացնել մշակույթի և տնտեսության միջև կապերը։

Մենք ցանկանում ենք առաջ մղել հատկապես հայկական բրենդի և աշխարհագրական առանձնահատկությունների վրա հիմնված նախաձեռնությունները։ Դա միայն ապրանք կամ արտադրանք չէ, այլ նաև ոճ և ինքնություն։

Ի՞նչ ենք ակնկալում մշակութային քաղաքականության այս երկխոսությունից։ Ավելի շատ միասնականություն, ավելի խորը համագործակցություն և առավել կոնկրետ քննարկումներ այն մասին, թե ինչ ենք անելու միասին և ինչպես կարող ենք Հայաստանը դարձնել ավելի լավը, ինչպես կարող ենք Հայաստանը ավելի ճանաչելի դարձնել Եվրոպայում, և միաժամանակ Հայաստանում ավելի ճանաչելի դարձնել եվրոպական երկրների մշակույթը»,- ընդգծեց դեսպանը:

Նրա խոսքով՝ փորձում են կառուցել շարունակական համագործակցություն՝ հիմնվելով արդեն իրականացված ծրագրերի վրա և միաժամանակ նախաձեռնելով նոր ծրագրեր ու գաղափարներ։ Մարագոսը կարծում է, որ ստեղծարարությունն ընդհանրապես Եվրամիություն-Հայաստան գործընկերության կարևոր առանձնահատկություններից մեկն է։

Հայերեն Français 中文

ԱՄՆ պետքարտուղարը չի մասնակցի ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններին

Ֆրանսիայի նախագահը կարծում է, որ Ուկրաինայի հարցում Եվրոպայի և ԱՄՆ-ի դիրքորոշումները մոտեցել են

Գերմանիայի կանցլերը հայտարարել է ՆԱՏՕ-ի եվրոպական ուղղությունն ամրապնդելու իր ցանկության մասին

Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը

Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ

Կալիֆոռնիայում տեղի է ունեցել 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

Լրագրության ապագան՝ նոր տեխնոլոգիաների ու ժամանակակից մարտահրավերների պայմաններում. ամփոփվել են Գլոբալ մեդիայի ֆորումի աշխատանքները

ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը

ՆԳՆ ՓԾ ծառայողները Ներքին Կարմիրաղբյուրում և Դովեղում փրկարարական ուսումնավարժություններ են իրականացրել

Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը